Գույժ. Վախճանվել է լեգենդար Կոմանդոսը

13

Սրտի խորը կսկիծով տեղեկացանք, որ կյանքի 82 տարեկան հասակում վախճանվել է Արցախյան պատերազմի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը։

Լեգենդար հրամանատարը, ռազմական-հասարակական գործիչը մինչև կյանքի վերջը պայքարեց հանուն Հայաստանի հզորացման, հանուն Հայոց լուսավոր ապագայի։

Ցավակցում ենք համայն հայությանը, լեգենդար զորահրամանատարի հարազատներին և մարտընկերներին այս անասելի մեծ կորստի համար։

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)

(մայիսի 22, 1939, Թբիլիսի, ԽՍՀՄ- մարտի 31, 2021, Երևան)

Հայազգի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար։

Կենսագրություն

Արկադի Տեր-Թադևոսյան ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։

Ա․ Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։

Զինվորական գործունեություն

Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։

Պարգևներ

Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության« Մարտական խաչ» շքանշանով։

 

Կայծ էլեկտրոնային պարբերականի խմբագրություն

Նախորդ գրագումը Մենք կարող ենք հեշտությամբ TCG Anadolu ուղաթիռակիրը հագեցնել անօդաչու թռչող սարքերով. Իսմայիլ Դեմիր
Հաջորդ գրառումը Հունաստանը դառնում է ուժեղ աշխարհաքաղաքական գործոն

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds