«ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ԶՈՒԳԱԿՑՈՒՄԸ «ԿՈՇՏ ՈՒԺԻՆ». ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԻԶԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ․ Դարբինյան Հայկ

Hayk Armenyan
101

Ընդունված է համարել, որ միջազգային հարաբերությունների եզրաբանության մեջ հանրային դիվանագիտություն հասկացությունը առավել ամփոփ 1965 թ. սահմանել է ամերիկացի դիվանգետ, Թաֆթսի համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի դեկան Էդմունդ Գուլիոնը. «Հանրային դիվանագիտությունն առնչվում է հանրության ազդեցությանը արտաքին քաղաքականության ձևավորման և իրագործման վրա: Այն ներառում է միջազգային հարաբերությունների բնագավառներ, որոնք գերազանցում են ավանդական դիվանագիտության տիրույթները. կառավարությունների ներգործություն այլ երկրների հասարակական կարծիքի վրա, մեկ երկրի մասնավոր խմբերի ու հետաքրքրությունների փոխգործակցություն այլ երկրների հետ… »:  Հարկ է նշել, որ հանրային դիվանագիտության իմաստային ձևակերպման առումով հետագայում հնչել են մի շարք այլ տեսա

կետներ: Հանրային դիվանագիտություն եզրը կիրառվել էր նաև Գուլիոնից շատ ավելի վաղ՝ ինչպես, օրինակ, 19-րդ դարի կեսերին ու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Այն առավել հաճախ սկսեց շրջանառվել Սառը պատերազմի ամենալարված տարիներին՝ որպես քննադատություն միջազգային հարաբերությունների դերակատարների ծածուկ, ոչ հրապարակային շփումներին կամ պայմանականորեն՝ «գաղտնի դիվանագիտությանը», որը նաև, շատերի կարծիքով, 20-րդ դարում տեղի ունեցած ավերիչ պատերազմների պատճառներից մեկն էր: Արդեն 21-րդ դարի սկզբին հանրային դիվանագիտություն եզրը լայն տարածում գտավ միջազգային հարաբերություններում։

Մինչև Սառը պատերազմի ավարտը հանրային դիվանագիտությունն ու փափուկ ուժը գրեթե չէին ընկալվում Թուրքիայում և անուշադրության էին մատնված այդ երկրի արտաքին քաղաքականությունը ուղենշողների կողմից: Ընդհանուր առմամբ, արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս թուրքերը մշտապես ընկալվել են որպես «կոշտ» ուժի մարմնացում: Դա հատկապես ակնառու էր 20-րդ դարի երկրորդ կեսին. «Սառը պատերազմի ընթացքում Թուրքիան առանցքային գործընկեր էր արևմտյան պաշտպանական համակարգում: Դեպի Միջերկրական ծովի արևելք ու Մերձավոր Արևելք Խորհրդային Միության տարածման դեմ Ան կարան գործում էր որպես բաստիոն»: Խորհրդային Միության փլուզման արդյունքում աշխարհաքաղաքական նոր իրավիճակի ստեղծումը, տարածարշրջանում ռազմաքաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունը, Ռուսաստանի հետ որակապես նոր հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Թուրքիայի անմիջական հարևանությամբ 3 նոր պետությունների առաջացումը նոր մարտահրավերներ էին Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Այս առումով պակաս կարևոր գործոն չէին նաև Միջին Ասիայում անկախություն ձեռք բերած թյուրքալեզու պետություններն ու նրանց հետ որակապես նոր հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը: Արտաքին քաղաքականության ոլորտում այս մարտահրավերները Թուրքիայի առջև ծառացան մի ժամանակաշրջանում, որը բավականին խրթին էր այդ երկրի համար մի քանի առումներով: Ֆինանսատնտեսական ճգնաժամերը, քաղաքական, գաղափարական տարբեր հոսանքների միջև անզիջում պայքարը լուրջ ցնցումների էին ենթարկում Թուրքիան, որի հետևանքով. «XX դարի վերջին տասը տարիները համարվում են «կորսված» , «անհաջող կոալիցիոն կառավարությունների» , «կոռուպցիոն  սկանդալների» տասնամյակ», որին գումարվել էր նաև նոր բովանդակությամբ արտաքին քաղաքականություն ունենալու անհրաժեշտությունը: Ընդհանուր առմամբ, այս խնդիրը բաց մնաց մինչև 2000-ականների սկիզբը, երբ Թուրքիայում իշխանության եկավ չափավոր իսլամամետ, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում արևմտյան արժեհամակարգին ու քաղաքական ավանդույթներին նախապատվություն տվող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ ըստ էության վերջ դնելով Թուրքիայի «Կորսված տասնամյակին»:

ԱԶԿ իշխանության գալով՝ փոփոխություններ կատարվեցին նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության ասպարեզում. «Թուրքիայի դերակատարությունը որպես տարածաշրջանային տերություն աճեց ԱԶԿ իշխանության գալուց հետո : ԱԶԿ վերնախավը ոչ միայն ձգտում էր դառնալ տարածաշրջանային տերություն, այլև գլոբալ խաղացող: Հետևաբար, Թուրքիան ստանձնեց տարբեր դերեր՝ «տարածաշրջանի բնական առաջնորդ», «պատմականորեն մեծ եղբայր» և մուսուլմանական փոքրամասնությունների «պաշտպան» »: Անցումը դեպի արևմտյան արժեհամակարգին ենթադրում էր նաև, որ միջազգային այլ սուբյեկտների հետ հարաբերվելիս Թուրքիան, գոնե առերևույթ, պետք է հրաժարվեր տնտեսական, ռազմական և «կոշտ» ուժին բնորոշ այլ ռեսուրսները որպես գործիք կիրառելուց և առաջնահերթություն տար «Նախ և առաջ դիվանագիտությունն է» սկզբունքին: Ի թիվս այլ պատճառների, նաև այս առումով հատկանշական էր, որ Թուրքիան հրաժարվեց ակտիվ մասնակցություն ունենալ 2003 թ. ԱՄՆ ներխուժմանը Իրաք: Այս գործոններով պայմանավորված, ԱԶԿ իշխանության տարիներին Թուրքիան սկսեց առավել մեծ ուշադրություն դարձնել «փափուկ» ուժին: Միջազգային հարաբերությունների տերմինաբանության մեջ այդ եզրը առաջին անգամ շրջանառել է ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայը 1990-ականներին: Արդեն 2004-ին Նայը ներկայացրեց «փափուկ» ուժի բանաձևը. «Ի՞նչ է «Փափուկ» ուժը: Դրա շնորհիվ կարող ես ստանալ այն, ինչ ուզում ես՝ գրավչության, ոչ թե հարկադրանքի կամ փոխհատուցման միջոցով: Այն բխում է երկրի մշակույթի գրավչությունից, քաղաքական իդեալներից ու քաղաքականություններից»: «Փափուկ» ուժի կիրառման արդյունավետության առումով ԱԶԿ իշխանության տարիները հատկապես նպաստավոր էին, եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում Թուրքիայում կիրառության մեջ դրվեց կառավարման «Թուրքական մոդելը», որը ենթադրում էր արևմտյան ժողովրդավարությունների, զուգահեռաբար նաև մուսուլմանական ու արևելյան արժեհամակարգ ունեցող պետությունների հետ սերտ կապեր ունեցող ժամանակակից, ժողովրդավարական, տնտեսապես ճկուն մուսուլմանական պետություն: Ի դեպ, արևմտյան շրջանակներում «Թուրքական մոդել» եզրը առաջ է քաշվել Սառը պատերազմի ավարտից հետո, երբ միջինասիական նորանկախ պետությունների համար Թուրքիան ներկայացվեց որպես օրինակելի երկիր: 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, «Թուրքական մոդել» եզրը կրկին շրջանառության մեջ մտցվեց որպես մուսուլմանական և քրիստոնեական քաղաքակրթությունների հնարավոր հակասությունները կանխող կառավարման արդյունավետ միջոց։

Արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս «փափուկ» ուժի և հանրային դիվանագիտության կիրառումը Թուրքիայում ԱԶԿ իշխանության օրոք ավելի համակարգային բնույթ ստացավ Ահմեդ Դավութօղլուի ջանքերով: 2001-ին Դավութօղլուն հեղինակել էր «Ռազմավարական խորք» աշխատությունը, որում խոսում էր միջազգային հարաբերություններում Թուրքիայի դերի վերաիմաստավորման անհրաժեշտության մասին: Որոշ ժամանակ անց Դավութօղլուն զբաղեցրեց երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ նրա առաջ քաշած տեսությունը դարձավ Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր հայեցակետը: Դավութօղլուի տեսությունը գործնական կիրառություն ստացավ «Զրո խնդիր հարևանների հետ» ձևակերպումով հայտնի Թուրքիայի որդեգրած քաղաքականության տեսքով: Հատկանշական է, որ հստակ սահմանած նպատակին՝ հարևան երկրների հետ հակասությունների վերացմանը հասնելու համար Դավութօղլուն, ըստ էության, առաջարկում էր մեկ գործիք՝ Թուրքիայի «փափուկ» ուժը: Ընդ որում, նա առաջարկում էր շեշտադրում կատարել երկրի պատմական, մշակութային, աշխարհագրական առանձնահատակությունների վրա, որոնք ժամանակակից քաղաքականության ստեղծած արժեքների հետ զուգակցելու ու համադրելու պարագայում լուրջ հաջողություն կարող են բերել Թուրքիային՝ արտաքին քաղաքական ճակատում: Դավութօղլուի մշակած տեսությունը դարձավ նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության հայեցակետ՝ ունենալով նաև որոշակի հաջողություն: Ուսումնասիրողները հակված են կարծել, որ Դավութօղլուի դոկտրինի գրանցած հաջողության լավագույն օրինակը Սիրիայի հետ հարաբերություններում նկատվող ջերմությունն էր. «2002 թ. հետո մինչև Սիրիական հեղափոխությունը, Սիրիայի հետ հարաբերություններում Թուրքիան կենտրոնացած էր «փափուկ» ուժի վրա: «Փափուկ» ուժի գործիքները դիվանագիտական էին, մշակութային և տնտեսական»: Սրա արդյունքում լուրջ առաջընթաց գրանցվեց թուրք-սիրիական հարաբերություններում, իսկ վարչապետ Էրդողանի և Սիրիայի նախագահ Ասադի միջև նույնիսկ հաստատվեցին միջանձնային ընկերական հարաբերություններ: Հանրային դիվանագիտությունն ու թուրքական «փափուկ» ուժն առավել արդյունավետ կիրառելու նպատակով թուրքական կառավարությունը հարկ համարեց ինստիտուցիոնալիզացնել արտաքին քաղաքականության այդ ոլորտը: Վարչապետ Էրդողանի հրամանագրով 2010 թ. ստեղծվեց Թուրքիայի Հանրապետության կառավարությանն առընթեր Հանրային դիվանագիտության համակարգման խորհուրդը: Այս ամենով հանդերձ, հարկ է արձանագրել, որ «Զրո խնդիր հարևանների հետ» հայեցակետը չկարողացավ հասնել նախանշված նպատակին: Ավելին. ուսումնասիրողները սկսեցին պնդել, որ Դավութօղլուի առաջ քաշած տեսությունը ոչ այլ ինչ է, քան օսմանիզմի վերաիմաստավորման ու նորովի մատուցման փորձ: Մի շարք ուսումնասիրողներ Դավութօղլուին հռչակեցին նեոօսմանիզմի տեսության հիմնադիր, չնայած որ գաղափարական այդ հոսանքը  բավական վաղուց առկա էր Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգում: Տարածաշրջանային մի շարք պետությունների դեպքում Թուրքիայի հետ լարված հարաբերությունների արմատները ձգվում էին մինչև Օսմանյան կայսրության ժամանակները, և հասկանալի էր, որ նեոօսմանիզմի հիման վրա կառուցված «փափուկ» ուժը, որը գոնե առերևույթ նպատակ էր հռչակել «զրո խնդիր հարևանների հետ» հայեցակարգի կենսագործումը, ավելի շատ խնդիրներ էր առաջացնելու այդ երկրների հետ հարաբերություններում, քան նպաստելու էր դրանց կարգավորմանը: Ընդ որում, հռչակված քաղաքականությունը ոչ միայն չկարողացավ Թուրքիային մերձեցնել իր անմիջական հարևանների հետ և լուծել առկա տարաձայնությունները, այլև առաջ բերեց նոր խնդիր. «Մերձավոր Արևելքում քաղաքականության փոփոխություններն ու դրանց արձագանքները կարճ ժամանակում գրեթե մեկուսացրին Թուրքիային, որտեղ «զրո խնդիր» դոկտրինը փոխարինվեց «թանկարժեք միայնություն» մոտեցմամբ»: Եթե 2000-ականներին արտաքին հարաբերություններում Թուրքիայի քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկը Դավութօղլուն էր, ապա «թանկարժեք միայնության» տեսության հիմնադիրը դարձավ Թուրքիայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը: Ընդ որում, եթե «զրո խնդիր հարևանների հետ» դոկտրինը տեսական լուրջ հիմք ուներ՝ ի դեմս «Ռազմավարական խորք» աշխատության, ապա «թանկարժեք միայնության» հիմքը Քալընի կատարած մեկ գրառումն էր «Թվիթերում». «Մերձավոր Արևելքում Թուրքիան միայնակ է մնացել» պնդումը ճիշտ չէ, բայց եթե դա քննադատություն է, այդ պարագայում անհրաժեշտ է ասել՝ դա թանկարժեք միայնություն է»: «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունն ու անցումը դեպի «թանկարժեք միայնություն» տեղի ունեցավ այն բանից հետո, երբ շուրջ 10 տարվա ակտիվ փորձերից հետո Թուրքիան ձախողեց Մերձավոր Արևելքի երկրների հետ իր քաղաքական մերձեցումը: «Թանկարժեք միայնությունը» ենթադրում էր, որ Թուրքիան արտաքին հարաբերություններում որդեգրելու էր ավելի անզիջում, սկզբունքային քաղաքականություն, որը գերադասելի էր նույնիսկ այն պարագայում, եթե արժեքների վրա հիմնված այդ քաղաքականությունը որոշակիորեն մեկուսացներ Թուրքիային տարածաշրջանի այլ երկրներից, և դրանից բացի, Քալընի կիրառած եզրը, դեռևս նախկինում, որոշակիորեն հայտնի էր միջազգային հարաբերությունների տերմինաբանությանը: Իր հարցազրույցներից մեկում Քալընը բանաձևեց իր պատկերացրած «թանկարժեք միայնությունը»։

Պատասխանելով հարցին, թե ինչ է նշանակում «Թանկարժեք միայնությունը»՝ Քալընն ասաց. « «Թանկարժեք միայնություն» արտահայտությունը կիրառել եմ երկու իմաստով։ Առաջինը՝ պատմության ընթացքում երբեմն այնպիսի պահեր են գալիս, երբ աշխարհը հարվածների, կոտորածների հա նդեպ լուռ միջավայրում է, և դուք միայնակ տեղ եք զբաղեցնում ճշմարտության կողքին։ Սկզբունքներից չեք հրաժարվում, քանի որ ձեր դաշնակիցներն ու մյուս երկրները ձեր կողքին չեն կանգնում։ Իրականում դա մենակ մնալ չէ, պատվավոր կեցվածքի ցուցադրություն է։ Երկրորդը՝ ես այդ արտահայտությունը կիրառել եմ «արժեքի վրա հիմնված» իմաստով ։ Այսինքն, հանուն ձեր արժեքների պաշտպանության, եթե անհրաժեշտ լինի, կխիզախեք նույնիսկ միայնակ մնալ։ Դա աշխարհից կտրվել չէ։ Եթե հայտնվեք այդպիսի ընտրության առջև, ե՛վ միջազգային շահերի, ե՛վ միջազգային քաղաքականության տեսանկյունից ճիշտը սկզբունքներին հավատարիմ մնալն է։ Եթե դա ձեզ մյուսներից տարբեր վայրում է դնում, դա «արժեքակենտրոն միայնություն է» և ինքնըստինքյան թանկարժեք դիրքորոշում է»։ Հատկանշական է, որ անցումը դեպի «Թանկարժեք միայնությունը» զուգահեռվեց մի ժամանակահատվածի, երբ լրջագույն ցնցումների էր ենթարկվում մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Քալընի առաջարկած այս բանաձևը ստվերեց արտաքին քաղաքական հարթությունում հանրային դիվանագիտության ու փափուկ ուժի կիրառությունը և ավելի կոշտ կեցվածք էր թելադրում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։ Այսպիսով, արտաքին քաղաքականության ոլորտում Քալընի առաջարկած նոր տեսությունը փոխարինեց Դավութօղլուի պատկերացումներին, իսկ 2015-ի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռի խոցումը, 2016 թ. Սիրիայում «Եփրատի վահան», «Ձիթապտղի ճյուղ» գործողությունները, Եվրոպական միության ու միջազգային մյուս գործընկերների հետ հարաբերություններում լարվածության կտրուկ աճն ու արտաքին քաղաքականության մի շարք այլ ոլորտներում Թուրքիայի կոշտ դիրքորոշումը, փաստեցին, որ արտաքին ճակատում խնդիրները լուծելու համար այդ երկիրը կրկին սկսում էր առաջնայնություն տալ «կոշտ» ուժին։

Կարող եք նաև ներբեռնել՝ «Փափուկ ուժի» զուգակցումը «Կոշտ ուժին». Հանրային դիվանագիտության ինստիտուցիոնալիզացումը Թուրքիայում

Հաջորդիվ

<!--:hy-->Թուրքիայում ավիաաղետից զոհվել է գեներալն, ով կազմել էր Արցախում Ադրբեջանին հաղթանակ բերած մարտավարությունը<!--:-->

101 Թուրքիայում 9 զինվորական է զոհվել ռազմական ուղղաթիռի կործանման պատճառով: Ավիաաղետը տեղի է ունեցել երկրի արևելքում, պատճառների մասին դեռևս հստակ տեղեկատվություն չկա: Ըստ վարկածնե րից մեկի, ուղղաթիռը թռչելիս է եղել […]

Կարդացեք նաև՝

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds