Ծրագիր

 «ԱՐՄԵՆԻԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

 

ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ

 

Նախաբան

 

Արմենիական կուսակցությունը հիմնադրվել է 1885 թվականին: Այն հայ իրականության առաջին և միակ երկրածին կուսակցությունն էր, որն առաջինն  ստանձնեց ազգային- ազատագրական և քաղաքական պայքարի պատասխանատու բեռը և իր գոյության ամբողջ ընթացքում պայքարեց Հայ ժողովրդի ազատության  և արժանապատիվ կենսագործունեության համար:
Արմենիական կուսակցությունը, ի թիվս այլոց, գաղափարապես սնվել է Մկրտիչ Փորթուգալյանի և նրա   հիմնադրած «Արմենիա» թերթի որդեգրած գաղափարախոսությունից, Մկրտիչ Խրիմյանի ազատատենչ, ազգապահպան գաղափարներից՝ որպես կողմնորոշիչ հետագա ընթացքի: Իբրև ազգային կյանքի առաջին քաղաքական կուսակցություն՝ հիմնադրվել է Մկրտիչ Թերլեմեզյան-Ավետիսյանի ու նրա գաղափարակից ընկերների կողմից: Այսպիսով` Արմենիական կուսակցության գաղափարական ակունքներում կանգնած են երեք Մկրտիչները՝ հայոց ազատագրական և հեղափոխական պայքարի  գաղափարական դարբինները: Երեք անմահ անուն՝  Մկրտիչ Փորթուգալյան, Մկրտիչ Խրիմյան, Մկրտիչ Թերլեմեզյան-Ավետիսյան, մշտապես պետք է լինեն արմենական սերունդների ուղղորդիչն ու ցուցիչը :

Հետևելով մարդկության զարգացումներին, մասնավորապես՝  էթնիկ միավորների՝ համաշխարհայնացման դեմ պայքարին, ինչպես նաև՝ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին, Արմենականության վերակազմակերպումն ու նրա գաղափարների տարածումը դարձել  են պատմական անհրաժեշտություն ամբողջ աշխարհասփյուռ  Հայության համար:

 

ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ  ՀԻՄՔԸ

    Արմենիական կուսակցությունն ազգային քաղաքական ուժ է, որն ընթանալու է պետականամետության, հայրենաշենության, ազգային իղձերի իրագործման նվիրական ուղիով:
Արմենականությունը, վերլուծելով Հայ ազգի պատմությունը, որդեգրելով սերնդեսերունդ փոխանցված համայն հայության հավաքական երազանքների իրագործման նպատակը, համոզված է, որ Հայ ազգը, իբրև քաղաքակրթաստեղծ ազգ,  միասնական ամբողջություն է, ունի  Արարչի կողմից պատվիրակված առաքելություն, որը պետք է իրագործի պատվով ու արժանապատվությամբ : Այդ մեծ առաքելությունն իրենում խտացնում է հետևյալ կարգախոսները`

  • Տարածել կրթության և գիտության լույսն անկիրթ և հետամնաց ազգերի, ժողովուրդների շրջանում,
  • Նպաստել մարդկության՝ խաղաղության և ներդաշնակության  ուղու ձևավորմանը,
  • Մարդկությանը հաղորդակից դարձնել Հայկական քաղաքակրթական արժեքներին:

Արմենականության առաջադրած խնդիրներն են`

  • Վերաիմաստավորել ազգային արժեքային համակարգը,
  • Ապահովել սերունդների միջև կապը,
  • Կազմակերպել հայահավաք հայրենիքում,
  • Հետևողականորեն վերականգնել հայության՝ տարածաշրջանում զորավոր ազգերից մեկը լինելու կոչումն ու տեղը,
  • Պաշտպանել ազգային արժեհամակարգը, ազգային դաստիարակությունը, միաժամանակ՝ չօտարելով և պատնեշներ չստեղծելով դավանաբանական տարբեր ուղղությունների հարող հայորդիների միջև,
  • Գերագույն արժեք հռչակել ավանդական ընտանիքը՝ այն վերցնելով հասարակության և պետության հովանավորության ներքո:

Արմենականությունը զրկվածների, հարստահարվողների կողքին է՝ պատնեշ լինելով ժողովրդի վրա բռնացողների և հարստահարողների դեմ, ստանձնելով տկարի , զրկվածի պաշտպանությունն ու հովանավորությունը:

 

Ո՞վ է Արմենականը

  • Արմենականն ազգային արժեհամակարգի և բարոյականության կրողն է,
  • Արմենականի համար հայրենիքի հարազատ երկնքից զատ՝ չկա մեկ այլ երկինք,
  • Յուրաքանչյուր արմենական շիտակ հայադավան է, ում կյանքի և գործունեության նպատակը Հայրենիքի հզորացումն ու փառքն է,
  • Արմենականի մեծագույն առաքինությունն արդարամտությունն է,
  • Արմենականի և Արմենականության համար ամենակարևորը բարոյական նկարագիրն ու բարի գործերն են՝ որպես ժողովրդի վստահությանն արժանանալու, իր արժանիքներն ու անունը բարձր պահելու հաստատուն երաշխիքներ: Այսինքն` սիրել, բարերարել, գթասիրտ լինել, անկարող ու դժբախտ ընտանիքների ձեռքից բռնել և սովորեցնել սեփական քրտինքով վաստակել, սատարել ու պաշտպանել հանիրավի անիրավվածներին:

Արմենականի համար բարերարությունն ազգասիրության և մարդասիրության կամավոր պարտք է՝  յուրաքանչյուր շիտակ հայադավան  իր նյութական կարողությունից բաժին է հանում ժողովրդի` ազգի, չքավորների ու կարոտյալների համար:

ԸՆՏԱՆԻՔ

    Հայկական քաղաքակրթության հիմնասյուներից ամենահիմնականն ընտանիքն  համարելով՝ արմենականությունն այն դիտարկում է որպես  ազգի հարատևության երաշխիք:
Արմենականությունը բացարձակ արժեք է համարում ընտանիքի, հավատի, սեփականության հիմքը կազմող սկզբունքները՝ որպես հասարակության զարգացման և հարատևման հիմնական երաշխիքներ:
Ընտանիքի և ընտանեկան արժեքների պաշտպանությունը պետք է ստանձնի պետությունը, պատասխանատվություն կրելով դրանց պահպանության և պաշտպանության համար:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

       Արմենականությունը  մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանն է: Սակայն, մարդու իրավունքներ ու ազատություններ հռչակելով՝ մարդ անհատին չի դիտարկում ինքնին՝ առանձին, հասարակությունից և ընտանիքից անջատ: Անհատը չի կարող գոյություն ունենալ ընտանիքից, մարդկային հանրույթից դուրս,  հետևաբար բոլոր իրավունքների բնական ծննդարանը  հենց բնական ընտանիքն է՝ որպես հասարակության, ազգի և անհատի ձևավորման առաջին  դարբնոցն ու բջիջը:

Արմենականությունը բարձր է գնահատում  մարդկության ձեռքբերումները՝ հատկապես մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների, պետությունների կառավարման արդյունավետ մեթոդների , ազգերի ինքնորոշման, պետությունների տարածքային ամբողջականության պահպանման, միջազգային հանրության փոխօգնության ոլորտներում:

 

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԱՑԻ ԱԶԳԵՐԻ ՀԵՏ

    Իբրև առողջ ազգային գաղափարախոսություն՝ Արմենականության  գոյության անհրաժեշտությունն հիմնավորվում է առաջին հերթին ազգերի անիրավվածության, ազգային և էթնիկական պատկանելությունից բխող բռնաճնշումների դեմ ընդվզման բնական անհրաժեշտությամբ:

Արմենականությունն անբեկանելի է համարում  մարդու բնական իրավունքները, ազգերի գոյության և ինքնատիպության պաշտպանության բնական իրավունքն ու ձգտումը   ներկայանում է  ազգերի գոյության և ինքնատիպության պաշտպանության դիրքերից:

Արմենականությունն ընդունում և հռչակում է բոլոր ազգերի իրավահավասարության ու խաղաղ գոյակցության իրավունքը՝ պաշտպանելով արդարության և ազգերի միջև հավասարության սկզբունքները:

Արմենականությունը միասնության ձեռք է պարզում  գաղափարապես համախոհ և բարեկամ ազգային կազմակերպություններին, բռնաճնշումների և ազգային խտրականության ենթարկվող ազգերին` հանուն ազգային անվտանգության , ինքնության անվտանգության և խաղաղ գոյակցության միակամ պայքարի:

Արմենիական կուսակցությունը համերաշխության կոչով շեփորում է.

  • Ազգերը պետք է պահեն իրենց մայրենի լեզուն և ազգային սովորույթները,
  • Համագործակցեն մնացյալ ազգերի հետ,
  • Թույլ զարգացած կամ հետամնաց ազգերին ընձեռեն կրթվելու և ինքնակրթվելու հնարավորություն,
  • Պետք է ստեղծել ազգերի փոխօգնության հուսալի խողովակներ,
  • Ազգերի միջև ապահովել մշակութային հարաբերություններ՝ ո՛չ թե այդ միջոցով ազգերին ուծացնելու, այլ աշխարհաճանաչման և աշխարհընկալման ձևավորման ընդհանուր հնարավորություն ընձեռելու համար:

 

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ


    Հայաստանի և Հայ ազգի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հրատապ լուծումներ: Արդի աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի և հայության համար առաջնային խնդիրներ են Հայաստանի և բովանդակ հայ ազգի անվտանգության ապահովումը,  զորութենական ուժի ամրացումը, և ռազմաքաղաքական, տնտեսական տարածաշրջանային կենտրոն դառնալը՝ որպիսի պայմաններում հնարավոր կլինի ապահովել հայության ազգային շահերն ու անվտանգությունը:


Դաշնակցային հարաբերությունների հիմքը

    Արմենիական կուսակցությունը պաշտպանում է ամուր հենքի ու փոխվստահության վրա հիմնված հավասար դաշնակցային փոխհարաբերությունները՝ պայմանով, որ դրանք կլինեն մշտատև, վստահության, համագործակցության, փոխադարձ հավատարմության սկզբունքով: Դաշնակցությունը պետք է հիմնված լինի դաշնակից ազգերի ազգային իղձերի իրականացմանը նպատակաուղղված համատեղ գործողությունների վրա՝ չհակասելով դաշնակից երկրների ռազմավարական, ազգային, պետական, տնտեսական շահերին: Սակայն մինչ այդ, հատկապես Հայաստանի համար, կարևոր են փոխգործակցության ու անվտանգության այնպիսի երաշխիքները` այդ թվում և տնտեսական, որպեսզի երկրի ներքին կայունությունը որևէ կերպ չվտանգվի՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման պատճառով:

***

          Իբրև տարածաշրջանային կենտրոն, Հայաստանը պետք է դառնա կարևոր դերակատար տարածաշրջանային և Հայաստանի ռազմավարական շահերը սպասարկող կամ սպասարկելու տեսանելի պոտենցիալ ունեցող հավաքական համակարգերում: Ձևավորվող և կայունացող Հայկական կապիտալը պետք է կարևոր դեր կատարի տարածաշրջանային և Հայաստանի համար ռազմավարական նշանակության ներդրումային տարբեր նախագծերում:
Բացի ԵԱՏՄ-ն՝ Հայաստանը պետք է  Մերձավոր Արևելքի և Բալկանյան տարածաշրջանի՝  իր հնարավոր ռազմաքաղաքական դաշնակիցների հետ ստեղծի տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության համակարգ, ինչպես նաև ռազմատնտեսական միություն՝ որպիսի պայմաններում հնարավոր կլինի Հայաստանի անվտանգության  համար ապահովել այլընտրանքային միջազգային և տարածաշրջանային հավելյալ երաշխիքներ:

      Հայկական Հարց

      Մենք գիտակցում ենք, որ արդի Հայկական պետական կազմավորման գոյության գլխավոր և գերագույն իմաստն ու նպատակը Հայկական պահանջատիրության պաշտպանությունն է, աշխարհասփյուռ հայության ներուժի կենտրոնացումը հայրենիքում՝  հանուն Միացյալ Հայաստանի վերակերտման, հայ ժողովրդի հավաքական իղձերի իրագործումը: Արդի Հայկական պետական կազմավորումը` ՀՀ-ն, Հայաստանի Առաջին Հանրապետության  իրավաժառանգորդն է, հետևաբար` հայկական բռնագրավված բոլոր տարածքների օրինական իրավատերը:

***

    1920 թ. օգոստոսի 10-ին  ստորագրված Սևրի դաշնագրով ﬕջազգային ճանաչում գտավ հայ ազգի  իրավատիրությունն իր պատմական Հայրենիքի առնվազն մի մասի նկատմամբ: Սակայն այս դաշնագրի՝ Հայաստանին վերաբերող պայմանավորվածությունները  չիրականացան: Այնուամենայնիվ`1920թ. նոյեմբերին ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնը Սևրի դաշնագրի կողմերին ներկայացրեց իրավարար վճիռը, որով որոշվում էին Հայաստանի արևմտյան սահմանները: Այսպիսով` Հայաստանին վերադարձվում էր շուրջ 90000 քառ. կմ տարածք՝ դեպի Սև ծով ելքով: Հայկական պետականության սուվերենությունը պետք է տարածվեր Պատմական Հայրենիքի զգալի մասի վրա, որն այն նվազագույն բնատարածքն է, որի վրա կարող է և պետք է արարչագործի Հայ ազգը` իբրև ամբողջություն: Սակայն, ի դժբախտություն մեզ, Սևրի իրավարար վճռի կենսագործումն առկախվեց. 1923 թվականին, Լոզանի դաշնագրով ﬔծ պետությունները փորձեցին թաղել Հայկական Հարցը:
Դեռևս հատուցված չէ  Հայ ազգի դեմ իրագործված  Ցեղասպանությունը, որը շարունակվում է առայսօր. Հայոց Ցեղասպանության զոհերի ժառանգները զրկված են սեփական  Հայրենիքում ապրելու հնարավորությունից, ինչպես նաև՝ դեռևս վերականգնված չէ  նախացեղասպանական վիճակը, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, իրավական, կրոնական, ազգագրական: Հարյուր հազարավոր հայեր դեռևս ապրում են ինքնությունը կորցրած վիճակում, շատերն էլ կանգնած են ձուլման սպառնալիքի առջև:
Թուրքիան հետևողականորեն  շարունակում է հայապատկան հողերի վրա վերացնել Հային, Հայկականին առնչվող ամեն բան՝  ընդհուպ   ազգագրական  պատկերի համատեքստում Հայության բեկորների վերջնական ոչնչացումը: Քանդվում են հայկական պատմական հուշարձանները, աղավաղվում  որոշների պատկանելությունը՝  Հայկական բոլոր հետքերը վերացնելու հեռահար նպատակով:
Ցեղասպանության հետևանքով առաջացավ մի նոր` հսկայական Սփյուռք, որի արդար պահանջատիրության ձայնը հաճախ փորձեցին լռեցնել, սակայն այն հնչեց` հաճախ թնդացնելով աշխարհը, խուլ ու համր ձևացող առաջադեմ երկրների կառավարություններին: Հայկական Հարցն իր բուն էությամբ երևան եկավ Հայկական նորագույն ազատագրական պայքարով, ի վերջո` Արցախ աշխարհի մասնակի ազատագրմամբ: Խորհրդային ամբողջատիրության ժամանակաշրջանում հակահայ քաղաքականության հետևանքով Հայաստանը մասնատվեց` Արցախի և Նախիջևանի բռնի, արհեստական անջատումով, որը թուլացրեց հայության կենսագործունեության և խաղաղ ստեղծագործելու հնարավորությունները՝ Հայաստանը դնելով ոխերիմ հարևանների` Քեմալական Թուրքիայի և Ադրբեջան  անվամբ  մոլեռանդ և հայատյաց երկրների շրջափակման մեջ: Այսուհանդերձ` Հայկական պահանջատիրությունը նորոգվեց, և Արցախի ազատագրմամբ հիմք դրվեց Հայկական պահանջատիրական շարժման նոր և ավելի առարկայական փուլի, որը դրսևորվեց և կշարունակվի դրսևորվել ոչ միայն Արցախ աշխարհում, այլև համայն Հայության շրջանում:
Հայկական Հարցն այսօր հիմնված է արդար պահանջատիրության վրա՝ իրենում խտացնելով հայության պահանջների արդարացիությունը, պատմականությունը, իրավա-քաղաքական հիմքերը:
Հայկական Հարցի լուծումը բնականորեն պահանջում է.
ա) Նախացեղասպանային վիճակի ամբողջական վերականգնում, նյութական և բարոյական վնասի փոխհատուցում, առաջին փուլի համար՝ լայն մշակութային ինքնավարություն՝ առնվազն Վիլսոնի իրավարար վճռով Հայությանը հասանելիք բնատարածքի վրա, Հայության համար ազատ կենասգործելու համար բացառիկ երաշխիքների ամրագրմամբ:
բ) Հայկական Հարցի անբաժանելի մաս Արցախի հիմնահարցի վերջնական լուծումը, փաստացի ՀՀ-ի հետ միավորումից բացի՝ նաև դե յուրե միավորմամբ :

Այսպիսով` Արմենիական կուսակցությունը գալիս է ստանձնելու  Հայկական պահանջատիրական շարժման իր` նոր բաժինը, իբրև նպատակ

ՀՌՉԱԿԵԼՈՎ.

  • Հետևողական պայքար՝ Հայկական Հարցի արդարացի լուծման համար,
  • Հայության ամբողջ ստեղծագործ ուժի կենտրոնացում Հայրենիքում,
  • Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի ստեղծում:

 

Արցախի և Նախիջևանի մասին

    1920 թ.  դեկտեմբերի 23-ի գիշերվա ժամը 02-ին Ա. Խատիսյանը ստորագրեց Ալեքսան-դըրոպոլի պայմանագիրը, որի 14-րդ կետը սահմանում էր, որ հաջորդ ամսվա ընթացքում Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանները պետք է վավերացնեն այդ պայմանագիրը: Բնականաբար, այն չիրագործվեց, հետևաբար պայմանագիրն էլ կորցրեց իր «վավերա-կանությունը», թեև արդեն իսկ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Խատիսյանի կառավարությունը հրաժարական էր տվել և իշխանությունը փոխանցել բոլշևիկներին: Այսինքն` պայմանագիրը կնքվել էր հրաժարական տված և այլևս լիազորություններ չունեցող կառավարության կողմից:
1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը, որով միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող երկու երկրի ներկայացուցիչներ իրար մեջ բաժանում էին Միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող երրորդ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքները: Մասնավորապես` Կարսի և Սուրմալուի շրջաններն հանձնվեցին քեմալական իշխանություններին, այն դեպքում, երբ Սուրմալուի շրջանը 1827 թվականին գրավվել էր Պարսկաստանից: Քեմալականների պահանջով  հայկական Արցախը և Գարդմանքը հանձնվեցին Ադրբեջանին, իսկ Նախիջևանը՝ Ադրբեջանի խնամակալությանը:
Ադրբեջանի հետ Հայաստանի ընդհանուր սահմանի հարցը լուծում էր ստացել Ազգերի Լիգայի 1920թ. փետրվարի 24-ի որոշմամբ, որով  որոշվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր սահմանի հարցը, այն պետք է ի կատար ածվեր Վիլսոնի Իրավարար վճռի ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրվա ընթացքում, սակայն մնաց անկատար, քանի որ Հայաստանը՝ իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ, դադարեց գոյություն ունենալուց:
Այստեղ տեղին է հիշատակել ևս մեկ փաստ` Քեմալական Թուրքիան միայն 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակվեց իբրև Թուրքիայի Հանրապետություն, իսկ Մուստաֆա Քեմալը ընտրվեց նախագահ: Հետևաբար 1923թ. հոկտեմբերի 29-ից հետո միայն  կարելի է Թուրքիան համարել իբրև Միաջազգային իրավունքի սուբյեկտ:

Տեղին է հիշատակել հատկապես նաև այն, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո` 1920 թվականի դեկտեմբերի 4-ին, Ստալինը «Պրավդա» թերթում հայտարարեց.
«- Խորհրդային Ադրբեջանը կամավոր Խորհրդային Հայաստանին է վերադարձնում  Զանգեզուրը, Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը … Հայաստանի և դրացի մուսուլմանների միջև դարավոր թշնամությունը լուծվեց մեկ հարվածով` Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պրոլետարների միջև եղբայրական ներդաշնակություն հաստատելով » :

 

Արցախ

   Արմենիական կուսակցությունը՝ Արցախի հակամարտության լուծման հեռանկարի խնդրի վերաբեյալ .

  • Իրականում Արցախի պատկանելության հարց գոյություն չունի, սակայն գտնում է, որ իրավիճակի հնարավորինս խաղաղ և առանց ուժի գործադրման հանգուցալուծման համար պետք է շարունակել բանակցությունները՝ միջազգային հանրությանն  Արցախի խնդրի իրական էությանը հաղորդակից դարձնելու նպատակով. դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ի՝ վերամիավորման, և դրանից հետո Արցախի ազգաբնակչության ազատ կամարտահայտման և այլ իրավական փաստաթղթերին, որոնք վկայում են, որ Ադրբեջանական կողմի   «որդեգրած» տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի չէ Արցախի նկատմամբ: Ավելին՝ Արցախի կողմից  ոտնձգության  նշույլ իսկ չկա Արդբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, հետևաբար անհիմն են շահարկումներն ու ներկայացվող պահանջները:
  • Արցախը Հայկական ամբողջականության և Հայաստան պետության անբաժանելի մասն է, որը փաստարկված է հատկապես 1989 թ. դեկտեմբերի 1-ի՝ վերամիավորման մասին որոշմամբ (որը ընդունվել է համաժողովրդական պահանջի արդյունքում, գոյություն ունեցող գործող օրենքների և միջազգային հանրության կողմից ընդունված նորմերի պահպանմամբ), ՀՀ անկախության Հռչակագրով, ինչն էլ իր հերթին ՀՀ Սահմանադրության հիմքն է,
  • Բարենպաստ պայմանների առկայության դեպքում՝ Արցախը նաև դե-յուրե պետք է միանա ՀՀ-ին,
  • Արմենիական կուսակցությունն ընդունում է, որ հակամարտության լուծման համար անհրաժեշտ են փոխզիջումներ, որոնք, սակայն չպետք է ձևափոխեն ՀՀ -ի և Արցախի փաստացի սահմանները՝ ի վնաս հայկական կողմի:

Նախիջևան

                                                                                                                     Նախիջևանը  Հայաստանի  գարշապարն է…

Նախիջևանը Հայաստանի գարշապարն է, այն անդամահատելով՝ Հայաստանը դարձրել են շատ ավելի խոցելի, կախյալ, ուստի` իբրև պետություն, մեր գոյության գիտակցումն ունեցող բանական ազգ, պետք է փրկենք մեր գարշապարը…

Բնական է, որ մեր ապագա ջանքերը պետք է ամբողջովին նպատակաուղղված լինեն Նախիջևանի խնդրի լուծմանը՝ խաղաղ ճանապարհով , Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի  պահպանմամբ, ժողովուրդների խաղաղ գոյակցության և ազգերի իրավահավասարության, ժողովուրդների ազատ ինքնորոշման, Մարդու իրավունքների և ազատությունների մասին հռչակագրի սկզբունքների պահպանմամբ ու հռչակմամբ:

 

Արևմտյան Հայաստան

Արմենիական կուսակցությունն իբրև Հայկական պահանջատիրության առաջին քայլ դիտարկում է.

  • Հայ և թուրք մտավորական, հասարակական-քաղաքական գործիչների միջև կառուցողական երկխոսություն սկսելը՝ այնուհետև տեղափոխելով պետական քաղաքական հարթություն: Երկխոսության գլխավոր նպատակը պետք է  լինի հատկապես Թուրքիայի և թուրք ժողովրդի՝  սեփական պատմության հետ առերեսվելը, նախացեղասպանային վիճակի վերականգնման ուղիներ գտնելը,
  • Հայկական եկեղեցիների և եկեղեցապատկան կալվածքների վերադարձ,
  • Ոչ միայն բռնի իսլամացման չեղարկում,  այլև ազգային ինքնությունների ընդունման, ինչպես նաև՝ պապենական հավատքին վերադարձի նպաստավոր պայմանների ստեղծումը,
  • Հայերի անվտանգության և հիմնարար իրավունքների ու ազատությունների անվերապահ ապահովում,
  • Սկզբնապես Արևմտյան Հայաստանի հայության համար մշակութային ինքնավարության հաստատում՝ մինչև հայության ինքնակազմակերպումը, աստիճանաբար նախացեղասպանային , այդ թվում և հայ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վերականգնում,
  • Երկքաղաքացիության իրավունքով՝ քաղաքացիություն տալ բոլոր արևմտահայերի ժառանգներին՝ փոխհատուցելով նրանց կրած սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական և այլ վնասները,
  • Իբրև այս գործընթացի վերջնարդյունք՝ Արևմտյան Հայաստանի առնվազն 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի դաշնագրով, Վիլսոնի իրավարար վճռով սահմանված տարածքում, հայությունը պետք է ստանա ինքնորոշվելու բացառիկ իրավունք:

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՒ

                                                                                                                      Ապագա իշխանությունը լինելու  է

բանականության իշխանություն…

Չիչերին

Պետության զարգացման և հզորացման համար պետք է ունենալ այնպիսի կառավարման համակարգ, որ ոչ թե համակարգը դառնա գործիք պաշտոնյաների ձեռքին, այլ պաշտոնյան լինի միայն համակարգի գործարկողը: Համակարգը պետք է մշտական ինքնաարդիականացման ճանապարհով դառնա անխափան աշխատող մեխանիզմ: Համակարգը պետք է թելադրի, թե ով, երբ և ինչպիսի վարքագիծ կարող է դրսևորել: Այսինքն՝ պետությունն ու պետականությունը պետք է հստակ տարանջատվեն կուսակցություններից ու կուսակցականությունից:

Համակարգը պետք է բաղկացած լինի հակակշիռների մեխանիզմներից, ինչը ենթադրում է, որ պետք է ստեղծվի ու գործի «հակակշիռների և փոխզսպվածության» հայեցակարգ, որը կարող է լինել իշխանության տարբեր թևերի տարանջատման գլխավոր երաշխիքն ու միջոցը:
Ցանկացած դեպքում, պետական կառավարման հիմքում պետք է լինի ՀՀ Անկախության Հռչակագիրը, իսկ պետական կառավարման համակարգի փիլիսոփայությունը պետք է բխի ՀՀ Անկախության Հռչակագրից:

***

                                                                                                                                «Սիրեցեք զարդարութիւն, որ
դատեք զերկիր »:

Խրիմյան Հայրիկ

Դատական համակարգը պետք է առաջնային տեղ ունենա բարեփոխումների ճանապարհին: Դատական համակարգի անկախության, դատավորների անաչառ որոշումների ապահովման, բնակչության կողմից դատական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման, ինչպես նաև՝ օրինականության և հավասարության սկզբունքի պահպանման նպատակով՝ անհրաժեշտ են գործուն քայլեր, այդ թվում՝ համակարգային փոփոխություններ: Արդարադատության դեմ կատարվող հանցագործություններին վերաբերող օրենքների խստացման, բոլոր դեպքերում՝ պատժի անխուսափելիության, հակակշիռների մեխանիզմների ներմուծման, դատական համակարգի լիակատար անկախության ապահովումը երկրի ինքնիշխանության ամենաէական երաշխիքն է: Դատական համակարգի՝ ասել է թե արդարադատության դեմ հանցագործությունները պետք է դիտարկվեն ազգային անվտանգության համատեքստում, հետևաբար՝ դատավորների և արդարադատության, իրավապահ մարմիններում տեղի ունեցող հանցագործությունները պետք է դատապարտվեն օրենքի ողջ խստությամբ: Դատական համակարգի էական բարելավման, դատական համակարգի խնդիրները մեկընդմիշտ լուծելու համար անհրաժեշտ է ներմուծել «Երդվյալ ատենակալների դատարան»-ի մոդելը՝ ազգային և տեղական առանձնահատկություններին համահունչ: Իբրև նախատիպ օգտակար կլինի աշխարհի տարբեր երկրներում գործող դատական համակարգերի ուսումնասիրությունն ու լավագույն փորձի կիրառումը: Այսպիսով, պետք է չթողնել, որ  յուրաքանչյուր նոր եկող իշխանություն՝ դատական համակարգի կամ իրավապահ մարմինների միջոցով,  անձնական, կուսակցական, հատվածական շահեր պաշտպանելու հնարավորություն ունենա :

***

«Հայոց պետական կառավարման համակարգը

                                                                                                           պարտադրորեն պետք է լինի լավագույնների,
իմաստունների իշխանական համակարգ»:
Արմենականություն

Պետական կառավարման համակարգի շարունակական զարգացումն ու արիդականացումը պետք է հանգեն «ընտրովի արիստոկրատականության» գաղափարին: Ինչպես նշում է անտիկ փիլիսոփա Պլատոնը՝ «Լավագույն իշխանությունն այն է, երբ հասարակությանը ղեկավարում են իմաստունները»:

Այսպիսով` Արմենիական կուսակցությունը ձգտում է Հայկական քաղաքական համակարգ ներմուծել «լավագույնների»  իշխանության մոդելը, որի պարագայում քաղաքական գործունեությունը կլինի արհեստավարժների, հմուտ և բանիմաց մասնագետների «մենաշնորհը», ընդ որում, դա ոչ թե հրամայական պահանջի, այլ գիտակցության բարձրացման, զարգացած քաղաքական մշակույթի արդյունքում՝ որպես ազատ կամարտահայտությամբ ձևավորված ավանդույթ:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

    Յուրաքանչյուր մարտական ազգ իր գոյության ընթացքում կառչած է եղել զենքին և զինավարժությանը, ստեղծել է ռազմարվեստի մնայուն արժեքներ, ինչը և ապահովել է նրա ներկայությունն աշխարհում:  Իր ճանապարհին Հայը մշտապես եղել է կա՛մ պատերազմների մեջ, կա՛մ  բռնի կտրվել է զենքից և զինավարժությունից:  Եվ սա պատահական չէր, որովհետև մարտական ազգերին տիրելու համար առաջին հերթին հարկ էր նրանց կտրել ռազմարվեստից ու զենքից:

Մեր երկիրն այսօր հսկայական միջոցներ է ծախսում ռազմական տեխնիկայի, զենքի, զինամթերքի ձեռքբերման համար, մինչդեռ՝ մենք պետք է սեփական արտադրություն հիմնենք, արտադրենք ժամանակակից միջոցներ, Հայոց բանակը զինենք սեփական արդիական զինատեսակներով: Տնտեսական զարգացմանը զուգընթաց՝ պետք է ստեղծենք գերժամանակակից ռազմաարդյունաբերական համալիր՝  ապահովված արդիական միջոցներով, արդիական լաբորատորիաներով, ռազմաուսումնական համալիրով, գերարդիական գիտահետազոտական կենտրոնով, բարձր տեխնոլոգիաների հետազոտական-ուսումնական կենտրոնով, որոնք ունակ կլինեն կատարելու ամենաառաջադեմ գիտա-հետազոտական ուսումնասիրություններ, կստեղծեն արդիական ռազմական միջոցներ, կնախագծեն դրանց նախատիպերը, այնուհետև կապահովեն ամբողջ արտադրական գործընթացը:

Բարձր տեխնոլոգիական միտքը պետք է նաև լուծումներ գտնի բանակում մարդկային ուժի դերը նվազեցնելու, զինծառայողների համար առավելագույն անվտանգության պայմաններ ստեղծելու, Հայկական ռազմարվեստը որակական նոր հարթություն տեղափոխելու համար:

Զինական ուժը ներառում է իրեն շղթայորեն փոխկապակցված ոլորտներ`

  • զինյալ ստորաբաժանումներ,
  • ռազմաարդյունաբերական համալիր,
  • ռազմաուսումնական կենտրոններ,
  • ռազմաքարոզչական, գաղափարական հայեցակարգեր,

որոնք պետք է համակողմանիորեն  և հավասարաչափորեն մշակվեն և անընդհատ
արդիականացվեն՝ ժամանակի պահանջներին համահունչ:

Հայաստանի համար գերկարևոր է հատկապես ստրատեգիական ավիացիան և ստրատեգիական անօդաչու ավիացիան զարգացնելը:

 

Ազգային ավիափոխադրող

    Երկրի անվտանգության բաղադրիչներից է նաև ազգային ավիացիայի առկայությունը: Երկրի համար ռազմավարական նշանակություն ունի ազգային ավիափոխադրող` ազգային ավիացիա ունենալը, որում պետությունը պետք է ունենա առնվազն որոշակի փայաբաժին: Միևնույն ժամանակ ավիափոխադրման  լիբերալիզացիան՝ բաց երկնքի քաղաքականությունը, պետք է ոչ թե չեղյալ համարել, այլև ճիշտ պետական քաղաքականության արդյունքում ` հավասարակշռել և ունենալ ազատ մրցակցային ավիափոխադրման դաշտ: Հատկապես փակ սահմաններ և սահմանափակ հաղորդակցման ուղիներ ունեցող երկիրն արտաքին աշխարհի հետ հուսալի կապ ունենալու համար խիստ կարիք ունի ազգային փոխադրողների, որոնց համար բարենպաստ պայմանների ստեղծման դեպքում հնարավոր կլինի սպառողին առաջարկել նաև ավելի մատչելի գներ, այդպիսով՝ գրավիչ դարձնելով ոլորտը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

   Նկատառելով վերոհիշյալ նպատակները` Արմենիական կուսակցությունը նպատակադրում է լուծել հետևյալ քաղաքական խնդիրները.

  1. Ապահովել Արցախյան պայքարի հաղթական ելքը՝ Արցախի միացումը Հայաստանին, միաժամանակ միջազգային դիվանագիտության օրակարգ բերելով Նախիջևանի պատկանելիության խնդիրը, և Միջազգային իրավունքի, ազգային իղձերի համատեքստում ձեռնամուխ լինել Նախիջևանի խնդրի լուծմանը՝ այն դիտարկելով իբրև Հայկական պետականության բաղկացուցիչ մաս,
  2. Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առանցքը պետք է լինի Հայաստանի նոր աշխարհաքաղաքական դերի ամրագրումը` իբրև ապագա տարածաշրջանային տերություն:
  3. Նպաստել Սփյուռքի վերակազմակերպմանը` Հայկական Հարցի լուծման համատեքստում, և հասնել մի հանգրվանի, երբ համայն հայության միացյալ ուժերով ստեղծվող Միացյալ Հայաստանով կվերանա Հայկական սփյուռք հասկացողությունը:
  4. Հայաստանը պետք է ամրագրի Սահմանադրությամբ`

– Բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը,

– Սեփականության անձեռնմխելիությունը,

–Ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությունը

–Ազգային արժեհամակարգի և ազգային ավանդույթների պաշտպանությունը,

–Հասարակության կողմից ընդունված բարոյական նորմերի պաշտպանությունը,

– Ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգումը:


ՍՈՑԻԱԼ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

    Ուժը համաշխարհային քաղաքականության  ամենահիմնական տարրն է, որն հնարա-վորություն է ընձեռում այլոց պարտադրել  քո կամքը: Ուժը միաժամանակ լինում է և՛ ռազմական, և՛ տնտեսական , և՛ սոցիալական, և՛ ֆինանսական, և՛ բարոյական. մեկն առանց մյուսի  հնարավոր չէ: Առանց տնտեսական հզորության` չի կարող լինել ո՛չ ուժեղ պետություն, ո՛չ ուժեղ բանակ, ո՛չ էլ ազգային իդեալների իրականացում: Աղքատության և անորոշության ճիրաններում ապրող ժողովուրդն օտարվում է պետությունից, տեղի է ունենում հասարակության պառակտում, ապաբարոյականացում: Երկիրը, որտեղ ժողովուրդն աղքատ է ,  մատնված խոր ճգնաժամերի , քաղաքական էլիտան այլասերված է կամ այլասերման ճանապարհին , ամենուր բախումներ են, հանցագործություններն ավելանում են, ծանրանում է դրանց բնույթը , արտագաղթը դառնում է  անկասելի, ամենուր դավադրություններ են: Այսպիսի երկիրն անընդունակ է  պատմական ստեղծագործության, հետևաբար` դառնում է քաղաքականապես անպիտան:
Ուստի՝ մեր ամենաառաջնային պարտականությունը տնտեսական առաջընթացի ապահովումն է, որի համար պետք է ներդրվի համայն հայության ամբողջ ստեղծագործ ուժը, արտերկրյա կապերը՝ հատկապես արտադրվող արտադրանքի (ո՛չ միայն նյութական, այլև՝ մտավոր) արտաքին շուկաներում սպառման նպատակով:
Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի ստեղծագործ, գիտակրթական և ֆինանսա-տնտեսական կենտրոնը:

***

Առաջին հերթին՝ անհրաժեշտ է ապահովել տնտեսական մրցակցային դաշտ՝ հիմնված  ինքնակարգավորող մեխանիզմների վրա՝ ստեղծելու համար  առողջ տնտեսական համակարգ: Պետք է կարողանանք ստեղծել տարածաշրջանային նշանակության՝  ուրույն կառուցվածքի գլոբալ տնտեսական համակարգ՝ հիմնված  բոլորովին նոր, և մեր տարածաշրջանի համար` էնդեմիկ տնտեսական հայեցակարգերի վրա: Այդ տնտեսական համակարգի հիմքը պետք է կազմեն` ազգային շահերը, արդարությունը, զարգացած ենթակառուցվածքները,  գիտական նորամուծությունները, մշտական արդիականացումը, պարզեցված բյուջետային համակարգը, իսկ ներքին շրջանառության առումով` արտոնյալ հարկաբյուջետային համակարգը:

Անչափ կարևոր է արդիական գիտահետազոտական համալիրի ստեղծումը,  ազատ տնտեսական գոտիների՝ հատկապես ազատ արդյունաբերական գոտիների զարգացումը: Հայկական տնտեսության կայացման և առաջընթացի երաշխիքն առաջին հերթին բարձր տեխնոլոգիաների զարգացումն է: Պետք է զարգացում ապրեն նաև կենսաբժշկությունը, դեղագործությունը, մեքենաշինությունը` հատկապես ճշգրիտ մեքենաշինությունը:

Պետք է խստիվ կանոնակարգված բաշխվեն/վերաբաշխվեն բնական ռեսուրսները, հատկապես` որոնք  նախկինում բաշխվել են անազնվորեն և տարբեր մութ գործարքների կիրառմամբ: Առաջնային խնդիր է հատկապես ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ հոդվածի իրագործումը՝ դրանից բխող հետևանքներով:

Այսպիսով` Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի ֆինանսատնտեսական  կենտրոնը՝ օպերատիվ արձագանքելով համաշխարհային արդիականության պահանջներին:

ՀՀ տնտեսական և ազգային անվտանգության համատեքստում անհրաժեշտ է, որ ռազմավարական նշանակության ոլորտներում, ձեռնարկություններում պետությունն ունենա որոշակի տոկոսով փայաբաժին:

                                                                                              1

Հանքարդյունաբերության ոլորտն աստիճանաբար պետք է տեղը զիջի ինովացիոն տեխնոլոգիաներին և ծառայությունների մատուցման ոլորտին: Օտարերկրյա կապիտալն աստիճանաբար, ընդունված և հանրաճանաչ օրենսդրական և իրավական կարգավորումներով  պետք է դուրս մղվի հանքարդյունաբերության ոլորտից՝ ոչ թե մեկ այլ մասնավորի հանձնելու, այլ աստիճանաբար ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը սահմանափակելու նպատակով: Հանքարդյունաբերության այլընտրանքը պետք է լինեն ինովացիոն տեխնոլոգիաների, կրթական, գիտական ոլորտների, ստեղծագործ ծառայությունների, ՏՏ ոլորտի,  բանկային համակարգի, գյուղատնտեսության, տեխնիկաների և մեքենաշինության զարգացումը` ներմուծվող հումքի ներգրավմամբ, տեքստիլ արդյունաբերության  զարգացումը՝ ռազմական արդյունաբերության զարգացմամբ, որի արդյունքում Հայաստանը կդառնա  ֆինանսատնտեսական տարածաշրջանային կենտրոն:

Ձևավորվող Հայկական կապիտալը պետք է աստիճանաբար տեղ գտնի տարածաշրջանի ամենակենսական նախագծերում: Այնուհետև՝ հաշվի առնելով ազգային-պետական շահերը, հայկական կապիտալը պետք է ներհոսի հայկական շահերի գոտիներ՝ ստեղծելով «ազդեցության գոտիներում» Հայկական կապիտալի «հեգեմոնիա»:

   2


Ա. Արմենականությունը խրախուսում է բազմածնությունը՝ որպես ազգի և պետության հզորության կարևոր բաղադրիչ: Նույնիսկ ամենամեծ տնտեսական հրաշքն ի զորու չէ ապահովելու Հայ ազգի անվտանգությունն ու ազգային իղձերի իրագործումը, եթե ազգաբնակչության ծնելիությունը ցածր է: Գաղտնիք չէ, որ երբ բնական վերարտադրության նահանջը (դեպոպուլյացիան) տևում է տարիներ, առաջանում է ժողովրդագրական ճգնաժամ: Այդպիսի ճգնաժամերի հաղթահարումը հնարավոր է միայն խիստ որոշակի հայեցակարգերի և նպատակաուղղված  միասնական քայլերի շնորհիվ: Միաժամանակ անհրաժեշտ են երկար տարիներ, որպեսզի հաղթահարվի դեպոպուլյացիոն վիճակը: Ուստի՝ Արմենիական կուսակցությունն ամենաառաջնային խնդիրներից է համարում Հայ ազգաբնակչության թվաքանակի աճը՝ հատկապես ծնելիության մակարդակի բարձրացման միջոցով:
Այսպիսով՝ բազմազավակությունը խրախուսելու համար անհրաժեշտ է վարել համակարգված պետական քաղաքականություն, ապահովել բնական աճ այն հաշվով, որ մոտակա հեռանկարում  բնակչության թիվը կտրուկ աճի, ամրագրելով, որ այլևս ամենամեծ հայրենասիրական գործը բազմածնությունն է:

***

Բ. Սոցիալ-տնտեսական քաղաքականության առանցքային բաղադրիչն ազգային դեմոգրաֆիական պատկերի բարելավումն է, ընդ որում` ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև համայն հայության շրջանում: Ազգային դեմոգրաֆիական պատկերը, քանակական աճը անմիջապես շաղկապված են ազգային երազանքների ու իդեալների իրագործման հավանականության և իրագործելիության հնարավորության աճի հետ: Ազգային ժողովրդագրության աճի երաշխիքը «բազմածնության և բազմազավակության» կոնցեպցիայի իրագործումն է: Այն  ենթադրում է.

  • Քարոզչական բաղադրիչ,
  • Սոցիալական երաշխիքներ՝ 3 և ավելի երեխաներ ունենալու դեպքում,
  • Ֆինանսական՝ արժանապատիվ երաշխիքներ՝ հատկապես 3 և ավելի երեխաներ ունենալու դեպքում,
  • Երեք և ավելի երեխաներ ունենալու դեպքում՝ ամբողջ ընտանիքի համար անվճար բժշկական օգնություն սահմանելը՝ մինչև կրտսեր երեխայի որոշակի տարիքի հասնելը,
  • Այլ հավասար պայմաններում պետական հիմնարկներում աշխատանքի ընդունման, պաշտոնեական առաջընթացի, աշխատավարձի բարձրացման, հավելյալ սոցիալական երաշխիքների սահմանման համար բազմազավակ ընտանիքներին նախապատվություն տալը, ընդ որում` որքան շատ լինի երեխաների թիվը, այնքան նախապատվելի լինի թեկնածուն,
  • Պետական պաշտոնների անձնագրերում նաև բազմազավակության մասին կետ ավելացնելը,
  • Զինվորական ծառայողների համար բազմազավակությունը պաշտոնեական առաջընթացի, սոցիալական հավելյալ երաշխիքների, բնակարանային ապահովության համար՝ այլ հավասար պայամններում, առաջնահերթ պայման դարձնելը:

                                                                                                3

Սահմանել բժշկական պետական պարտադիր ապահովագրության համակարգ:
Համակարգում պետք է ընդգրկվեն ՀՀ բոլոր քաղաքացիները, ընդ որում՝ միջին և միջինից բարձր ընտանեկան համախառն եկամուտ ունեցող ընտանիքների համար` ընտանեկան ֆինանսավորմամբ, միջինից ցածր ընտանեկան համախառն եկամուտ ունեցող ընտանիքների համար` պետական աջակցությամբ, ցածր ընտանեկան համախառն եկամուտ ունեցողների համար` լրիվ պետական ֆինանսավորմամբ: Համակարգի ներդրմամբ՝ յուրաքանչյուր շահառու 4 ամիսը մեկ կանցնի պարտադիր բժշկական համալիր զննություն, ընդ որում` տղամարդկանց և կանանց համար սահմանելով ֆիզոլոգիական յուրահատկություններին համապատասխան լրացուցիչ զննություններ, առաջին անհրաժեշտության վիրահատություններ, ամբուլատոր բուժում` բացի կոսմետիկ միջամտություններից և ազատ կենսագործունեություն ծավալելուն չառնչվող այլ միջամտություններից:

Անչափահաս ՀՀ քաղաքացիների համար բժշկական պարտադիր ապահովագրությունը պետք է իրականացնի պետությունը, իսկ անգործունակ և չաշխատող քաղաքացիների, թոշակառուների համար պետական սոցիալական ծրագրերի հիմնական ուղղությունը  պետք է լինի պետական պարտադիր ապահովագրության ապահովումը:

Ծրագիրը պետք է իրականացվի փուլ առ փուլ` ՀՀ բոլոր աշխատունակ քաղաքացիներին աշխատատեղեր ապահովելուն զուգընթաց: Ծրագիրը վերջնական տեսքով կներդրվի, երբ երկրում այլևս աշխատատեղերի հետ առնչված խնդիրներ չեն լինի:

4

      Նկատառելով ՀՀ մարզերի և տարածաշրջանների բնակլիմայական առանձնահատ-կությունները՝ յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմել զարգացման համապետական համալիր ծրագրեր՝ պետական և մասնավոր ներդրումների հաշվին իրականացնելով և նպաստելով բոլոր տարածաշրջանների հավասարաչափ զարգացմանը:

5

   Ձևավորել, կառուցել երկրի բոլոր տարածաշրջանների արդյունավետ զարգացման համալիր ծրագրերի իրականացումն ապահովող հաղորդակցության արդյունավետ ճանապարհներ:

 

 Վերջաբան

     Ներկա Հայաստանի Հանրապետությունը, իբրև Առաջին Հանրապետության անառարկելի   իրավաժառանգորդ,  բռնագրավված բոլոր տարածքների օրինական իրավատերն է: Այսպիսով` Հայաստանի Հանրապետության առաջին և ամենագլխավոր առաջադրանքը Միացյալ Հայաստանի կերտումն է՝ Հայ ազգի օրինական և պատմական իրավունքների ամրագրմամբ:

Հայաստանը պետք է և կարող է ապացուցել տարածաշրջանային տերություն լինելու իր կոչումը՝ ձեռնամուխ լինել իր պատմական առաքելության իրագործմանը.

Ա. Ձեռք բերելով բարձր հեղինակություն և վստահություն տարածաշրջանում և աշխարհում` ստանձնել իրավարար արբիտրի դեր հակամարտող կողմերի միջև,

Բ. Համակարգելով և զարթոնքի հասցնելով Հայկական քաղաքակրթությունը՝ այն տարածել տարածաշրջանում,  հատկապես Հայկական ազդեցության առանցքում գտնվող տարածաշրջաններում,

Գ. Լինել Քրիստոնեական հավատքի պաշտպանության և անաղարտության ջատագովն աշխարհում՝ մեծացնելով Հայոց Եկեղեցու դերն ու նշանակությունը Հայաստանի և տարածաշրջանի քրիստոնեական եկեղեցիների ու համայնքների հոգևոր կյանքում,

Դ. Ստանձնել փոքր և ճնշված ազգերի ու ժողովուրդների պաշտպանությունն ի հարկի, բնականաբար` առաջին հերթին նկատառելով Հայոց ազգային շահերը,

Ե. Պայքարել ապաբարոյականության, ազգերի ոչնչացման, ձուլման և մարդկության դեմ ուղղված  հանցագործությունների դեմ:

***

    Այսպիսով` ընդունելով 1885 թ. Արևմտյան Հայաստանում` Վանում, Մկրտիչ և Գրիգորիս Թերլեմեզյանների, Ղևոնդ Խանջյանի, Գրիգոր Աճեմյանի, Ռուբեն Շատվորյանի, Գրիգոր Պյոզիկյանի, Գևորգ Օտյանի, Մաքնոս Բարութչյանի, Գարեգին Բաղեշցյանի և այլոց  ջանքերով հիմնադրված Արմենական Կուսակցության հետ գաղափարական նույնությունը, հարազատությունն ու նպատակները, կանգնելով Արմենական կուսակցության ստանձնած ազգային նպատակների և Ազգային Դատի պաշտպանության դիրքերում՝ Հայոց քաղաքական երկնակամարում իր ակտիվ ազգային-քաղաքական գործունեությունն է սկսում Արմենական կուսակցությունը:

Արմենական Կուսակցության նպատակն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային գիտակրթական, նորարարական, ֆինանսատնտեսական կենտրոն, և ամենակարևորը` ի վերջո դառնալ ռազմաքաղաքական կենտրոն: Այս գործի իրականացմանը  պետք է նպատակաուղղվի համայն Հայության ամբողջ ստեղծարար ներուժը, որով միայն հնարավոր կլինի ապահովել  Հայ ազգի և Հայաստան պետության հավիտենականությունն այս արևի ներքո:

Կուսակցության ներքին և արտաքին քաղաքական հայեցակարգերը  կառուցվելու են ՀՀ սահմանադրության, միջազգային պայմանագրերի և Միջազգային իրավունքի հիման վրա:

 

 

ՄԻՈՒԹԻՒՆ Ի ՀԶՕՐՈՒԹԻՒՆ

 

ՎԵՐՋ