Արմենական Կուսակցություն - Լուրեր

Նուբար Օզանյանի անվան գումարտակի մարտիկներն ընդդեմ թուրքական բանակի ներխուժման

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին, Սուրիայի հյուսիսում՝ Ռոջավայում,  Նուբար Օզանյանի անվան հայկական գումարտակ էր ձևավորվել։ Գումարտակի մարտիկներն հայտարարել էին, որ «Ցեղասպանության զավակները սկսել են պաշտպանվել»։

Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսած և «Խաղաղության ակունք» կոչած ռազմագործողության հայտնի դառնալուց հետո հայկական տիրույթում հաճախ էին հարցեր հնչում, թե ո՞ւր են հայկական գումարտակի մարտիկները:
Եվ այսպես՝ «Նուբար Օզանյանի անվան Հայկական գումարտակի» մարտիկները հրապարակել են տեսանյութ, որտեղ մասնավորապես հանդես են գալիս ընդդեմ թուրքական ներխուժման և դիմադրության կոչ են արել:

Այդ մասին գրում է infoteka24-ը:

Tags, ,

Զորքն ու զորավարժությունն են մեր անկախության երաշխավորը

Անկախության տոնին ընդառաջ, մեկ պահ կանգ առնել, վերարժևորել մեր անցյալն ու մեր ներկան, և անհրաժեշտը մատուցել Հայոց Բանակին: Անհրաժեշտը մատուցել Հայոց Բանակի զինվորին ու սպային, ովքեր ամբողջացնում և իրենց մեջ կրում են մեր ազգային իղձերն ու նպատակները: Գիտակցել, որ մեր երկրում՝ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում՝ առաջին հերթին, Հայոց Բանակի զինվորն ու սպան են կերտողն ու դարբինը վաղվա օրվա, վաղվա Հայաստանի:
Մասնակցել Հայրենիքի պաշտպանությանը, զորավարժություններին՝ յուրաքանչյուր հայորդու պարտքն է: Դարեր շարունակ մենք զրկված ենք եղել զենքից ու զինավարժությունից: Ամբողջ հոգով, սրտով երազել ենք զենք կրել, մեր թշնամյաց դեմ կանգնել զինավառ, բայց … Եվ հիմա, երբ վաստակել ենք զենքի իրավունք, պարտավոր ենք այլևս երբեք թույլ չտալ, որ մեզ զինաթափեն:

Tags, , , ,

Վարագավանքը պահ է տրված Մեհմեդ Չոբանին

Չնայած Վարագավանքի ներսը մաքուր է, իսկ դուռն էլ, Մեհմեդ Չոբանի շնորհիվ, ապահով, տանիքը դեռևս գերանի կտորներով է ծածկված։ Նրա կարծիքով՝ երբ սկսվեն խիստ ձմռան ցրտաշունչ ամիսները, և այդտեղ ձյուն տեղա, եկեղեցին կվնասվի։

Նեսի Ալթարաս

Վան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա՝ Էրեք լեռան (Վարագա լեռ- Ակունք խմբ․) փեշերին գտնվող վայրն անվանում են Յեդի քիլիսե (Յոթ եկեղեցի)։ 11-րդ դարի սկզբից մնացած կառույցը ներկայում գտնվում է Յուքարը Բաքրաչլը գյուղում։ Վարագավանքը, որի անունով կոչվում է տեղանքը, կառուցվել է այդ ժամանակաշրջանի Վասպուրականի հայ թագավորի կողմից։ Ժամանակի ընթացքում, անհրաժեշտությունից ելենելով, այն ընդարձակվել է և ընդգրկել մեկը մյուսին կից յոթ եկեղեցի։
2012 թ․, երբ ցանկանում էին վերականգնողական աշխատանքներ կատարել այնտեղ, սեփականատիրոջը գտնելու փնտրտուքների արդյունքում պարզ դարձավ, որ եկեղեցու սեփականության իրավունքը պատկանում է լրագրող Ֆաթիհ Ալթայլըին։ Այն բանից հետո, երբ Ալթայլըն հայտարարեց, որ պատրաստ է հազար տարվա պատմություն ունեցող սրբավայրը վերադարձնել, ստորագրահավաք սկսեց՝ այն հայկական համայնքին հետ վերադարձնելու համար, սակայն ցանկալի արդյունքի չհասան։

Վարագավանքում, որի ներսն ու դուրսը տարբեր են, և որը 2011 թ․ տեղի ունեցած երկրաշարժից վնասվել էր, առջևի աշտարակն էլ քանդվել, պաշտոնական վերականգնման աշխատանքներ չեն կատարվել։ Քանդված աշտարակի սյուները դռան մոտ՝ գետնի վրա են ընկած։ Գյուղապետարանի շենքին կից գտնվող կառույցի հոյակապ տեսքը թեև դրսից չի երևում, ներսը ահագին մեծ է, իսկ առաստաղն էլ՝ բավականին բարձր։ Սյուների բոլոր կողմերում մանրանկարներ, պատի ողջ երկայնքով քանդակագործության մեջ հայերի վարպետությունը ցույց տվող զարդաքանդակներ կան։ Հետևի հատվածում գտնվող սենյակի ձախ պատին կախված է մի խաչքար։ Եկեղեցու մուտքի փորագրված դռան կողքին գտնվող քարերի վրա էլ փորագրություններ կան, այնպես, ինչպես՝ Թուրքիայի բազմաթիվ այլ պատմական կառույցների վրա։ Տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ձեռագրերով արված այդ բոլոր փորագրությունները հայերեն են։ Այս փաստը այցելուներին հիշեցնում է, որ հայերը մի ժամանակ միայն այս վանքի քահանաները չեն եղել, այլ գյուղի ողջ բնակչությունն էր հայ։
Երբ բացեցինք պարտեզի առջևում գտնվող դուռը, մեր առաջ հայտնվեց Մեհմեդ Չոբանը։ Նա մեզ ներս հրավիրեց։ Չոբանը գյուղի իմամի որդին էր։ Երբ նրա հայրը մահացել է, նրան է ավանդել այս եկեղեցու պահպանությունը։ Չոբանը, որն իր այդ պարտականությունը ամենայն լրջությամբ էր ընդունել, չի լքում գյուղը՝ չնայած այն բանին, որ իր բոլոր եղբայրները տեղափոխվել են քաղաք։ Տարիներ առաջ Վարագավանք այցելած վանեցիների պատմածների համաձայն՝ վանքի ներսը ախոռի նման է եղել և չափազանց կեղտոտ։

Ներկայիս վիճակը

Այսօր Վարագավանքի գետինն ու պատերը նույն վիճակում են, ինչ՝ Մշակույթի նախարարության պաշտպանության ներքո գտնվող Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում է։ Իր հոր մահվանից հետո Չոբանը լիովին մաքրել է եկեղեցին, սրբել է այն պատերը, որոնց վրա նկարներ չեն եղել։ Քանդված գմբեթները նա միայնակ, իր սեփական միջոցներով գնած նյութերով է ծածկել։ Այդ ընթացքում նույնիսկ մի անգամ կտուրից ընկել ու վնասվածք է ստացել։ Չոբանը դռան մոտ կախել է Վարագավանքի ամենահին նկարը և այցելուների բերած հայերեն որոշ պաստառներ։ Փոքրիկ փայտե սեղանի վրա դրել է մի հուշամատյան, վառելու համար՝ մոմեր և նվիրատվության մի փոքրիկ տուփ։ Եկեղեցու հետին սյունի վրա կախված է տարեց, ժպտերես մի մարդու նկար։ Չոբանի խոսքով՝ նկարում Իրանի հայ պատգամավորներից մեկն է։ Մի քանի տարի առաջ նա այցելել էր Վարագավանք և ասել, որ հայրը այդ գյուղից է եղել, ինքն էլ ցանկանում է աջակցություն ցուցաբերել վանքի վերանորոգման գործում։ Նա խոստացել էր ֆինանսավորում գտնել և մեկ տարի անց վերադառնալ, սակայն Յուքարը Բաքրաչլը իր այցելությունից մեկ տարի չանցած՝ հայ իրանցի բարեգործը մահացել էր։ Հաջորդ ամառ վախճանված պատգամավորի երեխաները նրա փոխարեն այցելել են Մեհմեդ Չոբանին և հաղորդել ցավալի լուրը։ Այդ երիտասարդների հետ ունեցած նկարն էլ է նույն սյունի վրա կախված։
Չնայած Վարագավանքի ներսը մաքուր է, իսկ դուռն էլ Մեհմեդ Չոբանի շնորհիվ՝ ապահով, այնուամենայնիվ տանիքը դեռևս գերանի կտորներով է ծածկված։ Մեհմեդ Չոբանը կարծում է, որ երբ սկսվեն խիստ ձմռան ցրտաշունչ ամիսները, և այդտեղ ձյուն տեղա, եկեղեցին կվնասվի։ Ինչքան էլ, որ իր սեփական միջոցներով նա փորձի, միևնույն է, միայնակ և առանց հիմնադրամի աջակցության դժվար է Վարագավանքը լավ վիճակում պահել։ Բացի այդ՝ առանց խնամքի և առանց վերականգնման աշխատանքների մնացած եկեղեցում առկա վարպետորեն արված որմնանկարները տարեցտարի ավելի են խամրում։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է Չոբանի կողմից սեղանին դրված նվիրատվության տուփից շատ ավելի մեծ աջակցություն ցուցաբերել։
Վարագավանքից հեռանալուց մեկ օր առաջ մի ուղեկցորդ, որին հանդիպել էին Աղթամարում, մի մեծ խմբով իջավ ավտոբուսից և վանք եկավ։ Նա Մեհմեդ Չոբանին ներկայացրեց որպես եկեղեցու պահապան, խմբի հետ արագորեն սկսեց շրջել դռան մոտով և սկսեց պատմել եկեղեցու հայկական զարդաքանդակների մասին։ Թե քանի խումբ կկարողանա տեսնել այդ արժեքավոր գործերը,՝ դեռևս հայտնի չէ։

 

Նյութի աղբյուրը` Akunq.net

http://www.agos.com.tr/tr/yazi/22814/varagavank-manastiri-mehmet-cobana-emanet?fbclid=IwAR2W1sfLSeiLZGw33rqQX7PDeQNyIIosSg0NV2ViCcBz_xKF4jGaP70NeiY

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

Tags,

Վանում նախապատրաստվում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010թ. ի վեր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվում է պատարագ տարին մեկ անգամ:
Միայն 2015թ. թուրքական իշխանությունների կողմից տրված դադարից հետո վերջին երկու տարիներին շարունակվում է պատարագ մատուցվել Սուրբ Խաչ եկեղեցում:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգային կառույցի ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղը հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները:
Աքթուղի խոսքով` Թուրքիան ակնկալիքներ ունի, որ այս տարի պատարագին ավելի շատ մարդ կմասնակցի, քան նախորդ տարի էր:

Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ սեպտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը այնտեղ պատարագ մատուցելու թույլտվություն էր ստացել։
Եկեղեցու վերանորոգումից հետո առաջին անգամ պատարագ մատուցվեց 2010թ. սեպտեմբերի 19-ին: Սուրբ Խաչ եկեղեցում 2015թ. թուրքական իշխանություններն արգելել էին պատարագ մատուցել` անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով: Վերջին անգամ պատարագ մատուցվել է 2018-ին:

Աղբյուր`    ermenihaber.am


Թուրքիան պատրաստվում է կրկի՞ն օգտագործել «100 հազարավոր ապօրինի էմիգրանտ հայերի» գործոնը

ermenihaber.am-ը հղում կատարելով թուրքական Yenicaggazetesi-ին, անդրադարձել էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Սուլեյման Օզքարաասլանի՝ մի քանի օր առաջ արած գրառմանը, որը քննարկման առարկա էր դարձել Թուրքիայի մեջլիսում: Նա առաջարկել էր Թուրքիայից արտաքսել 1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ. եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունենանալով իսլամացած հրեաներին՝ դյոնմե), ինչպես նաև Թուրքիայում գտնվող 100 հազար ապօրինի էմիգրանտ հայերին սիրիացիների հետ միասին։ Թեմայի վերաբերյալ իր Ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Արմենիական կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ, քաղաքագետ Արա Պողոսյանը, նշելով.
     «Վստահաբար կարող ենք պնդել, որ առնվազն առաջիկայում Թուրքիայից հատկապես հայերի արտաքսում չի լինի: Ինչո՞ւ.
– Թուրքիայում գտնվող 100 հազար ապօրինի էմիգրանտ հայերի գործոնը հաղթաթուղթ է Թուրքիայի ձեռքում, որպեսզի ճնշումներ գործադրի և՛ ՀՀ իշխանությունների վրա, և՛ միջազգային հանրության աչքերը կապի, թե տեսե՛ք, եթե մենք ցեղասպան լինեինք, ինչպե՞ս կհանդուրժեինք հարյուր հազարավոր ապօրինի էմիգրանտ հայերի ներկայությունը Թուրքիայի տարածքում: Եվ պատկերացրեք, որ մինչ այժմ բավականին հաջող են օգտագործել այս «հաղթաթուղթը»: Այսինքն, սա մի գործոն է, որը թուրքական իշխանությունները ժամանակ առ ժամանակ օգտագործել են: Ի դեպ՝ այն ժամանակ, երբ Թուրքիան ինչ-որ հակահայկական գործողություն, կամ բանաձև է ընդունել, կամ ակտիվացել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը և թուրքերը որևէ վտանգ են զգացել, շահարկվել է «Թուրքիայում գտնվող 100 հազարավոր ապօրինի էմիգրանտ հայերի» գործոնը: Այնպես որ, սա ո՛չ թե արտաքսման գործընթացի սկիզբն է, այլ միջազգային ինչ-ինչ ճնշումներին դիմակայելու և հակառակ օպերացիա ձեռնարկելու նախերգանքն է: Այնպես որ պատրաստ լինենք նոր զարգացումների»:

Tags, , ,

ՄԱԿ-ը հարցապնդում է հղել Թուրքիային 1915-1923 թվականներին հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի եւ նրանց վախճանի մասին

  Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբը, ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողի և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողի հետ համատեղ՝  իրենց մանդատների շրջանակում, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը համատեղ հղել են հարցապնդում: Այս համատեղ հարցապնդումը կարևոր քայլ է Թուրքիայի Հանրապետությանը պահանջ ներկայցնելու գործընթացում,  որ վերջինս հաշտվի սեփական անցյալի հետ և, նախ և առաջ, կատարի  ճշմարտության հաստատման, զոհերի արդարության և վնասի փոխհատուցման իրավունքն ապահովելու համար քննություն իրականացնելու իր պարտավորությունը: Ընդգծվում է, որ խախտումների վերաբերյալ նշված փաստաթղթում շարադրված պնդումները վերագրվում են Թուրքիային՝ հայկական փոքրամասնության վրա 1915-1923թթ. ներազդած ողբերգական իրադարձությունների և այդ բնակչության նկատմամբ առաջացած հետևանքների առումով: Հարցապնդումը մտահոգություն է հայտնում թուրքական պետության ժխտողական դիրքորոշման, որոշ արտահայտությունների վերաբերյալ կարծիք ունենալու և արտահայտելու ազատությունը սահմանափակող օրենսդրության, ինչպես նաև զանգվածային տառապանքների, դաժան վերաբերմունքի ու մարդկանց մահվան հանգեցրած 1915-1923 թթ. հայերի բռնի տեղահանության առնչությամբ ճշմարտության հաստատման և արդարադատության ապահովման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Այն նաև ընդգծում է, որ այս իրավիճակն ազդում է զոհերի եւ նրանց սերունդների արժանապատվության վրա։ Դիմող կողմերը միջնորդել են, որպեսզի Թուրքիայի Հանրապետության կառավարությունը դիրքորոշում հայտնի ներկայացված հարցապնդման վերաբերյալ, մասնավորապես.
  1. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Թուրքիայի կողմից իրողությունը պարզելու համար, ներառյալ 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:
  2. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:
  3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը, ըստ հնարավորինս, հայտնաբերելու համար:
  4. Տեղեկատվություն տրամադրել 2017 թվականին օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին  արգելում է որոշակի արտահայտություններ անել։  Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ հոդվածի հետ:
  5. Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հայերի դեմ հանցագործությունների մասին հայտարարությունների համար անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի մասին:
Թուրքիայի կառավարությունը 2019 թվականի մայիսի 17-ին կտրականապես հրաժարվել է պատասխանել այդ հարցերին՝  ի հակադրություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության ընթացակարգերի:     ՄԱԿ-ի մարմինների Համատեղ հարցապնդման ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով՝ https://spcommreports.ohchr.org/TMResultsBase/DownLoadPublicCommunicationFile?gId=24294   Նյութի աղբյուրը՝  http://hayernaysor.am/archives/314426?fbclid=IwAR1kHIspfcmII-HD0BSi28FEZtKUHYCAdIkUL_CkpBXnuWvUJ8bQZXyk8jw#.XRDIoFCBWPc.facebook
 

Արմենական կուսակցության հիմնադիր համագումարին ընդառաջ

Սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ
Այսօր՝ մայիս 24-ին, Երևանի Փաստարկ մամուլի ակումբում տեղի ունեցավ Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Արա Պողոսյանի և Գեւորգ Ջնդոյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի թեման էր՝ Արմենական կուսակցության հիմնադիր համագումարին ընդառաջ: Բանախոսները խոսեցին Արմենական կուսակցության պատմության, գաղափարական հենքի, ինչպես նաև Արմենական կուսակցության առաքելության մասին: Խոսվեց նաև կուսակցության առաքելության մասին մեր օրերի համար: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին:

Հարցազրույց Արցախի Արմենական կուսակցության նախագահի հետ

1. Հարց -Արցախի Արմենական Կուսակցությունը մեր քաղաքական դաշտում հնաբնակներից մեկն է: Այն արտախորհրդարանական է և կարծում եմ հանրությանը կհետաքրքրի , թե ինչպե՞ս եք գնահատում կուսակցության ներուժն այսօր և ի՞նչ քայլեր են կատարվում նրա կենսունակությունն ու մրցունակությունը ապահովելու ուղղությամբ.
Բ.Ս. Առուշանյան – 1999 թ. (պատերազմից մի քանի տարի անց) ապրիլին, երբ ես որոշել էի ստեղծել Արցախի Արմենական Կուսակցությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կար ընդամենը երկու կուսակցություն՝ ՀՀԴ և ԿԿ: Մեկը գրանցված, մյուսը դեռ ՝ոչ: Այդպիսով, քաղաքական դաշտը և՛ լրացվում էր, և՛ հավասարակշռվում (աջ- կենտրոնամետ կուսակցությամբ) : Բայց, ի զարմանս ինձ, 1-2 ամսվա ընթացքում կարծես ինչ-որ մեկի հրամանով, ստեղծվում են ևս 5-6 կուսակցություն, իսկ 2000 թ.-ից հետո ևս երկու խոշոր կուսակցություն (իշխանամետ): Նման պայմաններում աճել և զարգանալ՝ դժվար էր , առավել ևս, որ ես նշանակվել էի Քաղաքացիական Ծառայության Խորհրդի Նախագահ, իսկ ըստ ՔԾ մասին օրենքի՝ քաղաքացիական ծառայողները պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն, իսկ առանց իմ ակտիվության և իշխանությունների օժանդակության աճեցնել և զարգացնել կուսակցությունը՝ դժվար էր:
Այդ ընթացքում իշխանության կողմից եղել է միավորման առաջարկություն , բայց ես համաձայնությունս տալիս էի միայն մի պայմանով ՝ պահպանել «Արմենական կուսակցության» անունը , քանի որ այն առաջին հայկական կուսակցությունն է, և անունն էլ հավերժացնել: Անգամ պատրաստ էի զիջել կուսակցության ղեկավարի դիրքը: Այդպես էլ չկարողացանք պայմանավորվել : Այս պահի դրությամբ ես դեռևս լուրջ քայլեր չեմ ձեռնարկում կուսակցության մրցունակությունը ապահովելու ուղղությամբ, կան լուրջ պատճառներ , որոնց մասին հետո կարտահայտվեմ:

2. Հարց – Մեկ տարի հետո Արցախում տեղի կունենան համապետական ընտրություններ՝ կընտրվի նոր նախագահ և խորհրդարան: Արդեն ընտրությունների հետ կապված իրենց հավակնություններով հանդես են եկել թե՛ անհատներ, թե՛ ուժեր: Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացի ակնհայտ վաղաժամ մեկնարկը:
Բ.Ս. Առուշանյան – ՀՀ և ԱՀ այսօրվա գործընթացները մարդկանց հնարավորություն են տվել ազատ գործել և ավելի ազատ արտահայտվել: Անգամ նրանք, ովքեր հետպատերազմյան տարիներին առանձնակի ակտիվություն չէին ցուցաբերում, կամ զբաղված էին իրենց անձնական գործերով , բիզնեսներով, այսօր ոգևորված առաջ են մղվում , մեկը մյուսին մի կողմ հրելով կամ փնովելով ու քննադատելով… Տհաճ տեսարան է: Էլ չեմ ասում , որ քաղաքական դաշտը փոշիացվում է : Արդեն ստեղծվել են տասնյակից ավելի նոր կուսակցություններ՝ մոտավորապես նույն գաղափարախոսությամբ և նպատակներով: Թե ինչպես պիտի ժողովուրդը կողմնորոշվի այս խառնաշփոթում, չեմ պատկերացնում: Նույն վիճակն է նախագահի թեկնածուների մասով: Իհարկե ժողովրդավարությունը լավ բան է , բայց ոչ այս տեսքով: Իմ կարծիքով պետական պաշտոնները և պարգևները որոշ չափով արժեզրկվել են (և՛ ՀՀ-ում, և՛ մեզ մոտ), այնպես որ՝ շատերն իրենց առնվազն նախարար են զգում՝ պատկերացում անգամ չունենալով, թե դա ինչ է, ինչքան մեծ պատասխանատվություն և ծանր աշխատանք է պահանջում: Էլ չեմ խոսում նախագահի պաշտոնի մասին: Ես լավ հիշում եմ, որ պատերազմի տարիներին մեծ դժվարությամբ էինք մարդկանց համոզում պետական պաշտոններ զբաղեցնել: Խուսափում էին պատասխանատվությունից , դժվարություններից, իսկ այսօր հակառակ պատկերն է: Այս ամենի մեջ ես ոչ մի լավ բան չեմ տեսնում: Իմ կարծիքով, ժամանակն է հանրությանը ներկայացնել պետական բարձր պաշտոնյային (նախագահի, պատգամավորի, նախարարի և այլն) ներկայացվելիք պահանջները, այն որակները , որոնցով նրանք պետք է օժտված լինեն, գոնե մի 5-10 որակ: Եվ թող այդ մարդիկ, նրանց շրջապատը, ժողովուրդը կողմնորոշվեն, թե ինչքանով են նրանք դրանց համապատասխանում:

3. Հարց – Որևէ կուսակցության գոյություն ենթադրում է պայքար՝ իշխանության տարբեր օղակներում ներգրավված լինելու հարցում: ԱԱԿ-ն ե՞րբ է հստակեցնելու 2020 թ. ընտրական գործընթացներին մասնակցելու ձևաչափը, սպասվելիք մրցակցությունում ՝ իր տեղը:
Բ.Ս.Առուշանյան – Երբ քաղաքական մթնոլորտը մի քիչ պարզվի: Երբ ծանր ու թեթև անելով բոլոր կողմ և դեմ փաստարկները , մենք գանք մի որոշակի եզրակացության: Դա կախված է նաև նրանից, թե ԱՀ քաղաքական ուժերը կգա՞ն արդյոք փոխհամաձայնության՝ շարժվել խոշորացման ուղղությամբ, թե՞ ոչ: Կարծում եմ, այս տարվա աշնանը պարզ կլինի, թե ինչ ուղղություն մենք կվերցնենք: Ես անձամբ կողմնակից եմ խոշորացմանը: Դասական ժողովրդավարական պետություններում լինում են երկու կամ երեք աջ և ձախ թեքումով կուսակցություններ, որոնք պարբերաբար գալով իշխանության , զարգացնում են կապիտալի շուկան , աշխատանքի շուկան և այսպիսով ապահովում պետության դինամիկ զարգացումը : Մենք, իմ կարծիքով, պետք է շարժվենք այս ուղղությամբ:

4. Հարց– Ձեր տեսանկյունից , որքանո՞վ է հավանական կամ ցանկալի, որ Արցախի քաղաքական դաշտում գաղափարախոսական հենքի վրա տեղի ունենա կուսակցությունների միավորում և խոշորացում: Շարքային ընտրողը ո՞ր դեպքում կարող է առավել ճիշտ և գիտակցված ընտրություն կատարել:
Բ.Ս. Առուշանյան – Իհարկե, շարքային ընտրողի համար գերադասելի է, որ քիչ քանակության քաղաքական ուժեր մասնակցեն ընտրություններին, և որ նրանք ունենան հստակ ծրագրեր ու գաղափարախոսություն և պատասխանատվություն կրեն դրանց իրականացման համար, լինեն հաշվետու: Իմ կարծիքով, մենք դեռ հեռու ենք դրանից: Ցանկալի է, որ լինի խոշորացում: Անձամբ ես և իմ գոծընկերները դրան պատրաստ ենք, բայց համամասնական ընտրությունները ոչ բոլոր լիդերներին են հնարավորություն տալիս ընտրական ցուցակներում լինել առաջնային տեղերում : Իսկ դա կբերի տարաձայությունների և դժվար կլինի պայամանավորվել: Անգամ ՀՀ անցած ընտրությունները շատերի համար դաս չի լինի: Տեսեք ինչ անձինք են ՀՀ-ում մնացել «դրսում», չեն անցել ԱԺ… Եվ անընդհատ աղմկում են, կուրծք են ծեծում: Բայց, ցավոք սրտի, մեր քաղաքական գործիչները դասեր չեն քաղում ոչ անցյալից, ոչ սեփական սխալներից: Այս հարցում ես դեռևս լավատես չեմ:

5. Հարց – Մեր ծրագիրը պարբերաբար անդրադառնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Փաշինյան-Ալիև Վիենայում կայացած հանդիպմամբ փաստացի վերսկսված գործընթացի, դրա վերջին զարգացումների վերաբերյալ:
Բ.Ս. Առուշանյան – Միջնորդները փորձում են բանակցությունները շարունակել երկու նախագահների մակարդակով և «Մադրիդյան Սկզբունքների» շրջանակներում, որը մեզ համար անընդունելի է: Ես այդ հարցի շուրջ բազմիցս արտահայտվել եմ՝ սկսած 2008 թ.-ից: Փաշինյանն այժմ փորձում է վերականգնել նախկին եռակողմ ձևաչափը (Ընդունված ԵԱՀԿ կողմից դեռևս 90-ականների սկզբին), և միաժամանակ փորձում է հասնել զինադադարի վերահսկման մեխանիզմների կիրառմանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը: Այս ամենը, իմ կարծիքով, ադրբեջանական կողմին ձեռնտու չէ, ձեռնտու չէ նաև ցանկացած փոխզիջում, կամ իրավիճակի կայունացում, քանի որ այն կբերի ՀՀ և ԱՀ զարգացմանը և ուժեղացմանը, որը թուրք-ադրբեջանական տանդեմի պլանների մեջ չի տեղավորվում: Նրանք ընդամենը ժամանակ են ձգձգում, զինվում, լարված մթնոլորտը պահպանելով և սպասում հարմար պահի, իրենց համար բարենպաստ ռազմաքաղաքական զարգացումների, որպեսզի հնարավորություն ստանան հարցը լուծել 100 % իրենց օգտին:

6. Հարց – Ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ խոսվում էր հումանիտար ոլորտում փոխհամագործակցության հաստատման հեռանկարների մասին: Այսօր իրատեսակա՞ն եք համարում նման փոխհամագործակցության հաստատումը:
Բ.Ս. Առուշանյան – Լայն առումով ՝ ոչ: Լրագրողների, մարզիկների, մշակույթի գործիչների մակարդակով որոշ փոխհամագործակցություն հնարավոր եմ համարում: Ադրբեջանը որոշ հարցերում, կարծում եմ, կգնա դրան, որպեսզի պահպանի գլխավորը՝ թույլ չտա վերականգնել բանաձևի եռակողմ ձևաչափը, ինչպես նշել էի՝ ժամանակ ձգձգել, զինվել և մանևրել քաղաքական դաշտում ու տարածքների խնդիրը համարել առաջնային… Ճիշտն ասած, հայր Ալիևը այս հարցերում ավելի ճկուն էր: Անգամ նրան հաջողվել էր խաբել հայկական կողմին ՝ խոստանալով փոխզիջումներով լուծել հակամարտությունը, որի արդյունքում, բոլորս գիտենք, որ աղավաղվեց բանակցային ձևաչափը: Տեսնենք Փաշինյանին կհաջողվի՞ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, որպեսզի մենք դառնանք նախահարձակ, նախաձեռնող, կարողանանք ծուղակներ սարքել հակառակորդի համար, այլ ոչ թե ինքներս ընկննք ծուղակի մեջ (ինչպես «Մադրիդյան սկզբունքների» և այլն-ի ժամանակ):

 

Հարցազրույց Բորիս Առուշանյանի հետ: Ռադիո 02.05.2019 , Արա Վանյան

Արմենական կուսակցության շնորհավորական ուղերձը մայիսյան հաղթանակների կապակցությամբ

Սիրելի՛ աշխարհասփյուռ հայրենակիցներ
Հիրավի այսօր այն ցնծալի օրն է, երբ միասնական բռունցքը հաղթեց թշնամուն՝ ամրագրելով հայրենատիրոջ իրավունքները:  1992 թվականի մայիսի 8-ից 9-ը «Հարսանիք լեռներում» գործողությունը հասավ իր փառավոր հանգուցալուծմանը՝ ազատագրվեց Հայոց հնագույն Շուշին: Այդ օրը հռչակվեց նաև Արցախի անվտանգության գերագույն երաշխիքի՝ Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման օր:
1945 թվականի մայիսի 9-ին դաշնակից պետությունները պարտության մատնեցին ֆաշիստական Գերմանիային: Այդ հաղթանակի մեջ իր անգնահատելի դերն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Շուրջ 600 հազար հայորդիներ մասնակցեցին Երկրորդ աշխարհամարտին, և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նաև նրանց նվիրումի, հերոսական պայքարի ու անկոտրում կամքի դրսևորման արդյունքում էր: Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի իրական կիավատերը նաև հայ ժողովուրդն էր:

Հաղթանակներ կարող են կերտել միայն կենսունակ ազգերը, որոնք ունեն ապրելու և պայքարելու անբեկանելի կամք, իրավատիրոջ բարձր գիտակցում, ձևավորված ռազմական ավանդույթներ և ռազմական տաղանդ:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան  եռատոնի, հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, մաղթում ենք նորանոր հաղթանակներ, հզորացում և զարգացում մեր երկրին:
Մենք միասին պետք է կերտենք մեր և մեր պապերի իղձերի Հայաստանը՝ Հզոր և Միացյալ Հայաստանը:
Միութիւն ի Հզօրութիւն

Արմենական կուսակցության Նախաձեռնող Հանձնախումբ

09 մայիսի 2019թ.

Tags, , , ,

Ստորագրվեց Արմենականության վերածնունդի Հռչակագիրը

Սիրելի հայրենակիցներ, սույն թվականի ապրիլի 12-ին՝ ի հիշատակ Արմենական կուսակցության հիմնադիր-առաջնորդ Մկրտիչ Թերլեմեզյան-Ավետիսյանի ծննդյան 155 ամյակի, Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի գրասենյակում ստորագրվեց Արմենական կուսակցության և Արմենականության վերածնունդի հռչակագիրը: Հռչակագրի ստորագրմանը միացան Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի անդամները, համակիրներ, և Հայոց Խորհուրդ Հայրենասիրական ՀԿ-ն: Այսպիսով՝ 2019 թվականի ապրիլի 12-ը հռչակվեց Արմենական կուսակցության Վերածնունդի օր:
Շնորհավորում ենք բոլոր արմենականներին և արմենականության համակիրներին Արմենականության վերածնունդի կապակցությամբ: Միաժամանակ տեղեկացնենք, որ Արմենական Կուսակցության վերածնունդի Հռչակագիրը կհրապարակվի Արմենական կուսակցության պաշտոնական կայքում:

Հարգանքներով՝ Արմենական կուսակցության Նախաձեռնող խմբի գրասենյակ
12. 04. 2019 թ.