Արմենական Կուսակցություն - Կանոնադրություն

«ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 «Արմենիական» կուսակցությունը սույն կանոնադրության և կուսակցության ծրագրային դրույթներն ընդունող անձանց անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է (այսուհետ՝ Կուսակցություն):

1.2 Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի,Միջազգային իրավունքի, ինչպես նաև կուսակցության ծրագրի հիման վրա:

1.3 Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից Կուսակցությունը հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է իրավաբանական անձի կարգավիճակից բխող, ինչպես նաև օրենքով սահմանված իրավունքներից և կրում օրենքով սահմանված պարտականություններ:

1.4 Կուսակցության անվանումն է`

ա) հայերեն` «ԱՐՄԵՆԻԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» (հապավումը` «ԱՐՄԵՆԱԿԱՆ»),

բ) ռուսերեն` «ПАРТИЯ APMEHИAKAH»  (հապավումը` «APMEHAKAH»),

գ) անգլերեն` «ARMENIAKAN  PARTY»  (հապավումը` «ARMENAKAN»):

1.5 Կուսակցությունն ունի իր խորհրդանշանը: Արմենիական կուսակցության խորհրդանշանը կազմված է՝ կիսաշրջանաձև ժապավենից, ձախից աջ ժապավենի մեջ գրված՝ «Արմենիական 1885 կուսակցութիւն», կենտրոնում՝ զարդեր, չորս նիզակներ՝ որոնց վրա դրոշակներ, երկու թուր՝ աջ և ձախ կողմերում, իսկ ավելի վերև՝ արև, մեջը՝ խաչ:

Կուսակցության խորհրդանշանի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն կանոնադրության թիվ 1 հավելվածում:

1.6 Կուսակցությունն ունի իր անվանումով, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով  և խորհրդանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:

1.7 Կուսակցության իրավաբանական հասցեն և ղեկավար մարմինների գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Խանջյան 19 ա:

2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ՆՊԱՏԱԿՆ  ՈՒ  ՀԻՄՆԱԿԱՆ  ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Կուսակցության գործունեության նպատակը հասարակության ու պետության քաղաքական կյանքին, ազգային հարցերի լուծմանը, արևմտահայոց շահերի պաշտպանությանն ու ազգային իղձերի և ազգային արժեքների պաշտպանությանը մասնակցությունն է:

2.2. Իր նպատակին հասնելու ճանապարհին Կուսակցությունն առաջնային է համարում հետևյալ հիմնական խնդրիների լուծումը՝

1) ժողովրդավարական ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում իր ներկայացուցչությունն ունենալը և այդ ճանապարհով պետական իշխանության մարմինների ձևավորմանը, պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը, Սփյուռքյան ներկայացուցչությունների միջոցով հայապահպանությանը մասնակցելը, համազգային հիմնախնդիրների շուրջ համայն հայության ստեղծագործ ուժի կոնսոլիդացիան կազմակերպելը,

2)  մարդու կողմից իր իրավունքների  և  ազատություների  լիարժեք իրացմանն աջակցելը, պայմանով, որ այդ ազատությունները չեն հարվածի ազգային արժեքներին, պետական և ազգային անվտանգությանը, այլոց իրավունքներին և ազատություններին, չեն վերաճի անարխայի,

3) իրավական պետության կայացմանը նպաստելը,

4) սոցիալական արդարության համակարգի ձևավորմանն աջակցելը,

5) ներքաղաքական կյանքի կայունությանը նպաստելը,

6) երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրական բաժանման և դրանց միջև արդյունավետ հավասարակշռման մեխանիզմների ձևավորման գործընթացին օժանդակելը,

7) զինված ուժերի հզորացման և արդիականացման համար գործուն քայլերի ձեռնարկումը, համապատասխան մարմիններին առաջարկություններ, օրինագծերի փաթեթներ ներկայացնելը,

8) բազմածնության խթանման, բնակչության թվաքանակի էական աճի համար գործուն քայլեր ձեռնարկելը:

 

3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ  ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ

3.1 Իր գործունեության ընթացքում Կուսակցությունն առաջնորդվում է հետևյալ հիմնական սկզբունքներով՝

1) անդամության կամավորություն և իրավահավասարություն,

2) օրինականություն, ազնվություն, հավատարմություն, արդարություն,

3) ինքնակառավարում և գործունեության հրապարակայնություն,

4) գաղափարական նույն հիմքի վրա այլ կուսակցությունների և հասարակական

միավորումների հետ համագործակցություն,

5) ազգային և պետական շահերի գերակայություն:

3.2 Իր գաղափարների տարածման և ծրագրային խնդիրների իրականացման համար Կուսակցությունն ընդունելի է համարում գործունեության հետևյալ մեթոդների և ձևերի կիրառումը՝

1) Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների,

ներկայացուցչությունների ստեղծում,

2) հանրաքվեներին (այդ թվում՝ տեղական) ակտիվ մասնակցություն,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով

զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների հիմնադրում,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային լրատվության և օրենքով չարգելված այլ միջոցներով Կուսակցության գաղափարների ու տեսակետների տարածում, իր նպատակների ու խնդիրների քարոզում,

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հասարակության կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ նախաձեռնությունների և առաջարկությունների ներկայացում,

6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծում կամ այդպիսի կազմակերպություններին մասնակցություն,

7) խաղաղ, առանց զենքի հավաքների, այլ հասարակական-քաղաքական

միջոցառումների կազմակերպում, անցկացում և (կամ) դրանց մասնակցություն,

8) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ դաշինքների և միավորումների (այդ թվում՝ ընտրական) ստեղծում կամ դրանց մասնակցություն,

9) օտարերկրյա կուսակցությունների և միավորումների հետ միջազգային կապերի ու շփումների հաստատում և պահպանում, միջազգային  միություններին  ու ասոցացիաներին անդամակցություն:

 

4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ՂԵԿԱՎԱՐ  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ,  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ                        ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

4.1 Կուսակցության ղեկավար մարմինները, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում են Կուսակցության համագումարի և (կամ) մշտական գործող ղեկավար մարմնի կողմից և իրականացնում են սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

4.2 Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում և նրանց գործունեությունը կազմակերպվում է միայն տարածքային հատկանիշով:

4.3 Կուսակցության ղեկավար մարմիններն են`

1) Կուսակցության համագումարը,

2) Կուսակցության նախագահությունը,

3) Կուսակցության Կեդրոնական Մարմինը (այսուհետ` Կեդրոն):

4.4 Կուսակցության տարածքային ստորաբաժանումներն են`

1) Կուսակցության սկզբնական բջիջը խումբն է,

2) Կուսակցության տարածքային Շրջանակ:

 

4.5 Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) Կուսակցության վերահսկողությունն իրականացնող մարմինն  է  Ընդհանուր քննիչը,

2) Կուսակցության գործառութային ստորաբաժանումները (հաշվապահություն, մամլո դիվան , իրավաբանական ծառայություն, քաղաքական և տնտեսական վերլուծական կենտրոն, պահանջատիրական հանձնախումբ , դատական ատյան և այլն),

3) Կուսակցության տարածքային ստորաբաժանումների և հասարակական կյանքի առանձին ոլորտներում դրանց գործունեությունը համակարգող մարմիները (Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գործող տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող խորհուրդներ, Կուսակցության կանանց խորհուրդ, երիտասարդական հանձնախումբ, մշակութային խորհուրդ և այլն):

4.6 Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են ստեղծվել (կազմալուծվել) Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից և իրականացնել սույն կանոնադրությամբ և Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից իրենց վերապահված լիազորություններ:

4.7 Կուսակցության ղեկավար մարմինների (այդ թվում և Կուսակցության նախագահության), տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների Մասնաժողովների նիստերը (ժողովները) իրավազոր են, եթե դրանց մասնակցում են այդ մարմինների (ստորաբաժանումների) անդամների առնվազն 2/3-ը:

4.8 Կուսակցության ղեկավար մարմինների, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կոլեգիալ որոշումներն ընդունվում են նիստի (ժողովի) մասնակիցների ձայների մեծամասնությամբ, բաց կամ գաղտնի քվեարկությամբ` եթե սույն կանոնադրությամբ կամ Կուսակցության համագումարի որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է նիստի (ժողովի) մասնակիցների առնվազն 1/2-ի առաջարկությամբ:

Որոշումների ընդունման ժամանակ ձայները հավասար բաշխվելու դեպքում Կուսակցության ղեկավար մարմինների (բացառությամբ Կուսակցության Կեդրոնական Մարմնի նախագահողի), տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների (նիստերը նախագահողների) ձայնը վճռորոշ է:

5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

5.1 Կուսակցության կառուցվածքային հիմքը Կուսակցության սկզբնական կազմակերպություններն են, որոնք ստեղծվում (կազմալուծվում) են Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից` սեփական նախաձեռնությամբ կամ Կուսակցության տարածքային կազմակերպություների առաջարկությամբ:

5.2 Սկզբնական կազմակերպության անդամների նվազագույն քանակը սահմանում է Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը:

5.3 Սկզբնական կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ժողովների հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և Կուսակցության վերադաս մարմինների որոշումների կատարման միջոցով:

5.4 Սկզբնական կազմակերպությունն ընտրում է կազմակերպության ղեկավար`խմբապետ, և քարտուղար` երեք տարի ժամկետով: Եթե առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա ընտրված է համարվում առավել կողմ ձայներ ստացած թեկնածուն: Սկզբնական կազմակերպության ժողովի որոշմամբ կարող են կատարվել կազմակերպության ղեկավարի և քարտուղարի վաղաժամկետ ընտրություններ:

Սկզբնական կազմակերպության ղեկավարը պատասխանատու է կազմակերպության ընդհանուր գործունեության, իսկ քարտուղարը` կազմակերպության գործավարության համար, և անհրաժեշտության դեպքում փոխարինում է կազմակերպության ղեկավարին:

5.5 Սկզբնական կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է կազմակերպության ղեկավարի կողմից` առնվազն վեց ամիսը մեկ անգամ, իսկ արտահերթ ժողովը` կազմակերպության ղեկավարի կամ անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Սկզբնական կազմակերպության արտահերթ ժողովը հրավիրվում է նախաձեռնողի առաջարկած ժամկետում և օրակարգով:

Սկզբնական կազմակերպության անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կազմակերպության ղեկավարի կողմից արտահերթ ժողով չհրավիրելու դեպքում նախաձեռնողներն իրավասու են ինքնուրույն հրավիրել արտահերթ ժողովը` այդ մասին առնվազն յոթ աշխատանքային օր առաջ տեղյակ պահելով Կուսակցության անմիջական վերադաս մարմնին:

5.6 Սկզբնական կազմակերպությունը հաշվետու է Կուսակցության վերադաս մարմիններին և գործում է համապատասխան տարածքային Շրջանակի անմիջական ենթակայության տակ:

5.7 Սկզբնական կազմակերպությունը, յուրաքանչյուր տարվա հունվարին, Կուսակցության իր անմիջական վերադաս մարմնի հաստատմանն է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության տարեկան (այդ թվում` ֆինանսական) հաշվետվությունը և առաջիկա տարվա գործունեության աշխատանքային ծրագիրը` ներառյալ տարեկան ծախսերի նախահաշիվը (այսուհետ` տարեկան հաշվետվություն և աշխատանքային ծրագիր):

5.8 Սկզբնական կազմակերպությունը`

1) իրականացնում է իր աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումներն ու աշխատանքները,
2) մասնակցում է Կուսակցության վերադաս մարմինների կազմակերպած միջոցառումներին,
3) մշտական կապ է պահպանում կազմակերպության գործունեության տարածքի բնակչության հետ,
4) Կուսակցության վերադաս մարմիններին տեղեկատվություն է տրամադրում կազմակերպության գործունեության տարածքում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունների վերաբերյալ և կարող է հանդես գալ առաջարկություններով ու Կուսակցության գործունեությանն առնչվող նախաձեռնություններով,
5) կատարում է Կուսակցության վերադաս մարմինների հանձնարարականները:

 

      6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

6.1 Կուսակցության   տարածքային Շրջանակները  ստեղծվում (կազմալուծվում) են Կուսակցության  մշտական գործող ղեկավար մարմնի կողմից և համակարգում են համապատասխան տարածքներում ստեղծված սկզբնական կազմակերպությունների գործունեությունը:

6.2 Տարածքային Շրջանակի ղեկավար մարմինը Մասնաժողովն է, որի անդամներն ընտրվում են համապատասխան տարածքային  Շրջանակի  ժողովի կողմից: Տարածքային Շրջանակի Մասնաժողովի անդամների նվազագույն քանակը, ինչպես նաև Շրջանակի գործունեության տարածքը սահմանում է Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը:

6.3 Տարածքային Շրջանակն իր գործունեությունն իրականացնում է Մասնաժողովի նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և Կուսակցության վերադաս մարմինների որոշումների կատարման միջոցով:

6.4 Տարածքային Շրջանակի Մասնաժողովն ընտրում է Շրջանակի Մասնաժողովի ղեկավար և քարտուղար` երեք տարի ժամկետով: Եթե առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա ընտրված է համարվում առավել կողմ ձայներ ստացած թեկնածուն: Տարածքային Շրջանակի Մասնաժողովի որոշմամբ կարող են կատարվել Շրջանակի Մասնաժողովի ղեկավարի և քարտուղարի վաղաժամկետ ընտրություններ:

6.5 Տարածքային Շրջանակի Մասնաժողովի ղեկավարը պատասխանատու է Շրջանակի ընդհանուր գործունեության, իսկ քարտուղարը` Շրջանակի  գործավարության համար, և անհրաժեշտության դեպքում փոխարինում է Շրջանակի Մասնաժողովի ղեկավարին:        Տարածքային Շրջանակի Մասնաժողովի ղեկավարը և քարտուղարը չեն կարող միաժամանակ լինել սկզբնական  կազմակերպության ղեկավար կամ քարտուղար:

6.6 Տարածքային Շրջանակի Մասնաժողովի հերթական նիստը հրավիրվում է Շրջանակի Մասնաժողովի ղեկավարի կողմից` առնվազն վեց ամիսը մեկ անգամ, իսկ արտահերթ նիստը` Շրջանակի Մասնաժողովի ղեկավարի կամ անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Տարածքային Շրջանակի Մասնաժողովի արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի առաջարկած ժամկետում և օրակարգով:
Տարածքային Շրջանակի Մասնաժողովի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ Շրջանակի Մասնաժողովի ղեկավարի կողմից արտահերթ նիստ չհրավիրելու դեպքում նախաձեռնողներն իրավասու են ինքնուրույն հրավիրել արտահերթ նիստը` այդ մասին առնվազն երկու օր առաջ տեղյակ պահելով Կուսակցության անմիջական վերադաս մարմնին:

6.7 Տարածքային Շրջանակի Մասնաժողովը հաշվետու է Կուսակցության վերադաս մարմիններին և գործում է Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անմիջական ենթակայության տակ:

6.8 Տարածքային Շրջանակի Մասնաժողովը, յուրաքանչյուր տարվա փետրվար-մարտ ամիսներին, ամփոփելով իր ենթակայության տակ գործող համայնքային (սկզբնական) կազմակերպությունների տարեկան հաշվետվությունները և աշխատանքային ծրագրերը, Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի հաստատմանն է ներկայացնում իր գործունության տարեկան հաշվետվությունը և աշխատանքային ծրագիրը:

6.9 Տարածքային Շրջանակի Մասնաժողովը`

1) համակարգում և վերահսկում է իր ենթակայության տակ գործող համայնքային (սկզբնական) կազմակերպությունների գործունեությունը,

2) հաստատում է իր ենթակայության տակ գործող համայնքային (սկզբնական)
կազմակերպությունների տարեկան հաշվետվությունները և աշխատանքային ծրագրերը,
3) իրականացնում է իր աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումներն ու աշխատանքները,
4) մասնակցում է Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կազմակերպած միջոցառումներին,
5) մշտական կապ է պահպանում իր ենթակայության տակ գործող համայնքային (սկզբնական) կազմակերպությունների հետ,
6) Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնին տեղեկատվություն է տրամադրում Շրջանակի գործունեության տարածքում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունների վերաբերյալ և կարող է հանդես գալ առաջարկություններով ու Կուսակցության գործունեությանն առնչվող նախաձեռնություններով,
7) կատարում է Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի հանձնարարականները:

 

      7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ (ԿԵԴՐՈՆ)

 

7.1 Կուսակցության Կեդրոնական Մարմինը (այսուհետ`Կեդրոն) Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինն է, որը ձևավորվում (կազմալուծվում) է Կուսակցության համագումարի կողմից և համակարգում է Կուսակցության տարածքային կազմակերպությունների, այլ պետություններում ստեղծված ներկայացուցչությունների, ինչպես նաև Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը:

7.2 Կեդրոնի անդամների քանակը սահմանում է Կուսակցության համագումարը: Կեդրոնի  անդամներն ընտրվում են Կուսակցության համագումարի կողմից` երեք տարի ժամկետով, համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7.3 Կուսակցության Կեդրոնի անդամի լիազորությունները դադարում են`

1) սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ,

2) Կուսակցության համագումարի որոշմամբ,

3) Կուսակցության Կեդրոնի որոշմամբ` սույն Կանոնադրության 9.9 կետով նախատեսված դեպքերում,

4) Կուսակցությունից Կեդրոնի անդամի դուրս գալու կամ

հեռացվելու դեպքերում,

5) Կուսակցության Կեդրոնի անդամի դիմումի համաձայն,

6) օրենսդրությամբ սահմանված կարգով Կուսակցության Կեդրոնի անդամին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում,

7) Կուսակցության Կեդրոնի անդամի մահվան կապակցությամբ:

7.4 Կուսակցության Կեդրոնն իր գործունեությունն իրականացնում է Կեդրոնի նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և Կուսակցության համագումարի որոշումների կատարման միջոցով:

7.5 Կուսակցության Կեդրոնը ղեկավարում է Կուսակցության նախագահությունը, որի անդամներն ի պաշտոնե նաև Կեդրոնի անդամ են: Ի պաշտոնե՝ կոլեգիալության սկզբունքով, Նախագահության անդամները նախագահում են Կուսակցության Կեդրոնի նիստերը՝ յուրաքանչյուր նիստին, ռոտացիոն կարգով նախագահության անդամներից մեկը, և պատասխանատու է Կուսակցության ընդհանուր գործունեության, Կուսակցության գաղափարական, քաղաքական և ծրագրային դրույթների կենսագործման համար:
7.6 Կուսակցության Կեդրոնն ընտրում է Կեդրոնի ատենադպիր` երեք տարի ժամկետով, որը պատասխանատու է Կուսակցության կազմակերպական աշխատանքների համակարգման և գործավարության համար: Եթե առաջադրվել են Կուսակցության Կեդրոնի ատենադպիրի մեկից ավելի թեկնածուներ, ապա ընտրված է համարվում առավել կողմ ձայներ ստացած թեկնածուն: Կուսակցության Կեդրոնի որոշմամբ կարող է կատարվել Կեդրոնի ատենադպիրի վաղաժամկետ ընտրություն:

Կուսակցության Կեդրոնի նախագահողը և ատենադպիրը չեն կարող միաժամանակ լինել տարածքային կամ սկզբնական կազմակերպության ղեկավար կամ քարտուղար:

7.7 Անհրաժեշտության դեպքում Կուսակցության  Կեդրոնի  որոշմամբ կարող են ստեղծվել նաև Կեդրոնի քաղաքական ընտրովի կամ նշանակովի այլ պաշտոններ ( առանձին ոլորտների կամ հարցերի Կեդրոնի պատասխանատուներ, խորհրդականներ և այլն), որոնք իրականացնում են Կուսակցության Կեդրոնի կողմից իրենց վերապահված լիազորություններ:

7.8 Կուսակցության Կեդրոնի հերթական նիստը գումարվում է առնվազն երեք ամիսը մեկ անգամ` շաբաթվա վերջին աշխատանքային օրը, իսկ արտահերթ նիստը` Կեդրոնի նախագահողի (կամ` նախագահության),  կամ Կեդրոնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Կուսակցության Կեդրոնի արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի առաջարկած ժամկետում և օրակարգով:

7.9 Կուսակցության Կեդրոնը, Կուսակցության գործունեությանը վերաբերող որոշ հարցերի քննարկման նպատակով, իր որոշմամբ կարող է անցկացնել Կեդրոնական Մարմնի ընդլայնված նիստ: Կուսակցության Կեդրոնի ընդլայնված նիստի` Կեդրոնի մշտական անդամ չհանդիսացող մասնակիցների ցանկը հաստատում է Կուսակցության Կեդրոնը` ընդլայնված նիստ հրավիրելու մասին որոշմամբ: Կուսակցության Կեդրոնի մշտական անդամ չհանդիսացող անձինք Կեդրոնի ընդլայնված նիստին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով և չեն մասնակցում որոշումների ընդունման նպատակով անցկացվող քվեարկություններին:

Կուսակցության Կեդրոնի այն նիստին, որտեղ կատարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում  Կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջադրումը, մասնակցում են Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

7.10 Կուսակցության Կեդրոնը հաշվետու է Կուսակցության համագումարին:

7.11 Կուսակցության Կեդրոնը, յուրաքանչյուր տարվա մարտին, ամփոփելով տարածքային Շրջանակների տարեկան հաշվետվությունները, հաստատում է առաջիկա տարվա իր աշխատանքային ծրագիրը:

7.12 Կուսակցության Կեդրոնը`

1) Կուսակցության անունից իրականացնում է նրա`որպես իրավաբանական

անձի լիազորությունները,

2) համակարգում և վերահսկում է տարածքային Շրջանակների գործունեությունը,

3) հաստատում է Կուսակցության տարածքային Շրջանակների տարեկան հաշվետվությունները և աշխատանքային ծրագրերը,

4) իրականացնում է իր աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումներն ու աշխատանքները,

5) պատրաստում և Կուսակցության համագումարի հաստատմանն է ներկայացնում
համագումարների միջև ընկած ժամանակահատվածում իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունը,

6) հրավիրում է Կուսակցության հերթական կամ արտահերթ համագումար, կազմակերպում է համագումարների     հրավիրման նախապատրաստական աշխատանքները կամ այդ նպատակով ստեղծում է կազմակերպչական հանձնախումբ,

7) վերահսկում է Կուսակցության համագումարի և իր որոշումների կատարումը,

8) մշակում է Կուսակցության գաղափարախոսական հիմնադրույթները, ծրագրային և կանոնադրական փաստաթղթերը, Կուսակցության մարտավարական սկզբունքները, Կուսակցության անունից կատարում է հայտարարություններ և առաջարկություններ,

9) համակարգում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված Կուսակցության անդամների գործունեությունը,

10) կազմում է հանձնաժողովներ և հանձնախմբեր, Կուսակցության Կեդրոնական Մարմնի նախագահողի ներկայացմամբ հաստատում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունները,
11) համակարգում է Կուսակցության լրատվամիջոցների և հրատարակչական ծառայությունների գործունեությունը (եթե այդպիսիք առկա են),
12) իր  նախաձեռնությամբ կամ Կուսակցության տարածքային Շրջանակների առաջարկությամբ ստեղծում (կազմալուծում) է Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները, ինչպես նաև այլ պետություններում  Կուսակցության ներկայացուցչությունները,
13) կիրառում է կարգապահական տույժեր և խրախուսանքի միջոցներ,
14) հաստատում է Կուսակցության ղեկավար մարմինների, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների և աշխատանքային ծրագրերի օրինակելի ձևերը,
15) հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու մասին ցուցակը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մյուս մարմինների ընտրովի, ինչպես նաև քաղաքական կամ քաղաքացիական նշանակովի պաշտոններում ընտրվելու (նշանակվելու) նպատակով Կուսակցության կողմից առաջադրվող թեկնածությունները,
16) որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման կամ առաջադրված որևէ թեկնածություն պաշտպանելու մասին,
17) որոշում է ընդունում առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ դաշինքների կամ միավորումների (այդ թվում՝ ընտրական) ստեղծման կամ դրանց մասնակցության մասին,
18) հաստատում է Կուսակցության նախընտրական ծրագրերը, կարգախոսները և քարոզչական բնույթի մյուս փաստաթղթերն ու նյութերը,

19) սահմանում է Կուսակցության անդամավճարի չափը,

20) հաստատում է Կուսակցության գույքի կառավարման կարգը և դրամական ծախսերի նախահաշիվը,

21) իրականացնում է սույն կանոնադրությամբ և Կուսակցության համագումարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

    8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՎ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈԻԹՅՈՒՆԸ

8.1 Կուսակցության համագումարը Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն է, որն ունի Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք, և որի ընդունած որոշումները պարտադիր են Կուսակցության բոլոր մարմինների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների, ներկայացուցչությունների և անդամների համար:

8.2 Կուսակցության հերթական համագումարները հրավիրվում են երեք տարին մեկ անգամ: Կուսակցության Կեդրոնի որոշմամբ կարող է հրավիրվել Կուսակցության արտահերթ համագումար: Հերթական համագումարի հրավիրումից առնվազն մեկ ամիս առաջ Կուսակցության Կեդրոնն հրավիրում է հատուկ նիստ, որտեղ քննարկվում է համագումարի օրակարգի նախագիծը:

8.3 Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թիվը, Կուսակցության սկզբնական կազմակերպության պատվիրակների թվի և այդ կազմակերպության անդամների ընդհանուր թվի համամասնությունը, ինչպես նաև ի պաշտոնե համագումարի պատվիրակ հանդիսացող Կուսակցության անդամների ցանկը որոշում է Կուսակցության Կեդրոնը: Կուսակցության սկզբնական կազմակերպությունների պատվիրակներն առաջադրվում և ընտրվում են սկզբնական կազմակերպությունների ժողովներում՝ հերթական համագումարի հրավիրման օրից առնվազն քառասուն, իսկ արտահերթ համագումարի հրավիրման օրից` առնվազն տասն օր առաջ:

8.4 Կուսակցության համագումարը`

1) լսում  և  հաստատում  է  համագումարների  միջև  ընկած      ժամանակահատվածում Կուսակցության գործունեության վերաբերյալ Կուսակցության Կեդրոնի հաշվետվությունը,

2) քննարկում և ընդունում է Կուսակցության ծրագիրը և հաստատում կանոնադրությունը, դրանց մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը,

3) ընտրում է Կուսակցության նախագահության և Կուսակցության Կեդրոնի  անդամներին, որոնց թիվը որոշում է Համագումարը,

4) ընտրում է Կուսակցության վերահսկողություն իրականացնող մարմին՝ Ընդհանուր քննիչ,

5) լսում և հաստատում է Կուսակցության Ընդհանուր քննիչի

հաշվետվությունը,

6) որոշում է Կուսակցության ռազմավարական, գաղափարական-քաղաքական

ուղին, Կուսակցության խնդիրների իրականացման գործելակերպը,

7)   որոշում է ընդունում Կուսակցության վերակազմակերպման կամ կուսակցության լուծարման մասին,

8)   քննարկում և վերջնական որոշում է կայացնում Կուսակցության գործունեության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ:

8.5 Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե ներկա են (գրանցված են) համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:

8.6 Համագումարի որոշումները, բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ, համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ:

Գաղտնի քվեարկությունն անցկացվում է համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8.7 Կուսակցության կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8.8 Կուսակցության համագումարը, Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման նպատակով, ընտրում է Կուսակցության Ընդհանուր քննիչ, որի օգնակաների թիվը հաստատում է համագումարը: Ընդհանուր քննիչը չի կարող միաժամանակ լինել Կուսակցության ղեկավար մարմինների անդամ, Կուսակցության տարածքային ստորաբաժանման ղեկավար կամ քարտուղար:

8.9 Կուսակցության Ընդհանուր քննիչը գործում է Կուսակցության համագումարի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և հաշվետու է միայն համագումարին:

8.10 Կուսակցության համագումարը, գրանցված պատվիրակների ձայների մեծամասնությամբ, երեք տարի ժամկետով ընտրում է Կուսակցության նախագահության անդամներին: Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ, ինչպես նաև դեռևս գործող անդամների առաջարկությամբ: Ընտրված են համարվում առավել կողմ ձայներ ստացած թեկնածուները: Համագումարի կողմից ընտրված Նախագահության անդամներից էլ ընտրվում է Նախագահության ներկայացուցիչ: Համագումարի որոշմամբ Կուսակցության նախագահության անդամի կամ անդամների վաղաժամկետ ընտրություն կարող է կատարվել համագումարի պատվիրակների ընդհանուր թվի 2/3-ի կողմ ձայներով ընդունված որոշմամբ:

  • Նախագահության որևէ անդամի կողմից իր պարտականությունների կատարումից հրաժարվելու կամ այլ ֆորսմաժորի դեպքում նոր թեկնածուին առաջադրում է նախագահությունը:
  • Նախագահությունը որոշումներն ընդունում է միաձայնության և համախոհության սկզբունքով: Յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

    Նախագահությունը՝

8.11 Կուսակցության նախագահությունը կոլեգիալ կառավարման մարմին է, որը`

1)  իրականացնում է Կուսակցության և նրա Կեդրոնական Մարմնի գործունեության ղեկավարումը,

2) ներկայացնում է Կուսակցությունը, նրա շահերը և դիրքորոշումը պետական մարմինների, հասարակական, քաղաքական և միջազգային կազմակերպությունների, միությունների ու ասոցիացիաների հետ ունեցած հարաբերություններում, կամ այդ նպատակով լիազորում է Կուսակցության այլ անդամների,

3) ղեկավարում է Կուսակցության Կեդրոնի աշխատանքները և համակարգում Կուսակցության բոլոր ստորաբաժանումների գործունեությունը,

4) տնօրինում է Կուսակցության գույքը և դրամական միջոցները,

5) հաստատում (ստորագրում) է Կուսակցության Կեդրոնի որոշումները,

6) հաստատում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում պետական լիազոր մարմնին ներկայացնում է Կուսակցության  ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունները,

7) օրենքով սահմանված ժամկետում զանգվածային լրատվության միջոցներում հրապարակում է Կուսակցության ֆինանսական և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները,

8) իրականացնում է սույն կանոնադրությամբ և Կուսակցության համագումարի

կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ,

Նախագահության ներկայացուցիչը՝

         Նախագահության ներկայացուցիչը համակարգում է նախագահության աշխատանքները, առանց լիազորագրի ներկայացնում է կուսակցությունը, բացի այս, որևէ այլ առավելություն չունի Նախագահության մյուս անդամների նկատմամբ:

9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9.1 Կուսակցության անդամ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Կուսակցությունն ունի անդամության երկու կարգ`

1)  գործող անդամներ,

2) Քաջալերող (օժանդակ) անդամներ:

Գործող անդամները ընդունում են կուսակցության կանոնադրությունն ու գաղափարա-խոսությունը և շարժվում դրանց համեմատ: Գործուն անդամների համար պարտադիր են կուսակցության որոշումները:
Քաջալերող (օժանդակ)  անդամները վճարում են անդամավճար և հնարավոր բոլոր միջոցներով օժանդակում են կուսակցության գաղափարների տարածմանը, ընտրություններում` հաղթանակին, առանց կուսակցության ընտրովի պաշտոններում ընտրելու կամ ընտրվելու իրավունքի:

9.2 Կուսակցության անդամ չեն կարող լինել`

1) օտարերկրյա քաղաքացիները,

2) քաղաքացիություն չունեցող անձինք` բացառությամբ օրենքով նախատեսված

դեպքերի,

3) այն անձինք, որոնք «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ:

9.3 Կուսակցությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անհատական կարգով, անձնական դիմումի համաձայն՝

1) Կուսակցության տարածքային Շրջանակի Մասնաժողովի որոշմամբ,

2) Կուսակցության Կեդրոնի որոշմամբ:

9.4 Կուսակցության անդամն անդամակցում է Կուսակցության որևէ տարածքային կազմակերպության և հաշվառվում այդ կազմակերպությունում:

9.5 Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով կուսակցությանն անդամակցությունն անթույլատրելի է դառնում, ապա այն կասեցվում է Կուսակցության անդամի դիմումի հիման վրա և (կամ) Կուսակցության Կեդրոնի որոշմամբ: Կասեցման վերացումը կատարվում է նույն կարգով:

9.6 Կուսակցության գործուն անդամն իրավունք ունի՝

1) ընտրել և ընտրվել Կուսակցության ղեկավար մարմինների անդամ (այդ թվում` տվյալ մարմինների պատվիրակ, նախագահության անդամ, ղեկավար կամ ատենադպիր), տարածքային և (կամ) կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար մարմինների անդամ (այդ թվում` տվյալ մարմինների նախագահ, ղեկավար կամ քարտուղար) կամ վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ`  բացառությամբ սույն կանոնադրության 9.8 կետի «1» ենթակետով նախատեսված դեպքից,

2) ընդգրկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու մասին ցուցակում, առաջադրվել որպես Կուսակցության թեկնածու` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մյուս մարմինների ընտրովի, քաղաքական կամ քաղաքացիական նշանակովի պաշտոններում ընտրվելու (նշանակվելու) նպատակով` բացառությամբ սույն կանոնադրության 9.8 կետի «1» ենթակետով նախատեսված դեպքից,

3) Կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակության կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ,

4) մասնակցել այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է նրա անձնական հարցը կամ առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ,

5) կասեցնել և վերականգնել Կուսակցությանն իր անդամությունը,

6) իր դիմումի համաձայն դուրս գալ Կուսակցությունից,

7) օգտվել սույն կանոնադրությամբ և օրենքով նախատեսված այլ իրավունքներից:

9.7 Կուսակցության անդամը պարտավոր է՝

1) գործել Կուսակցության կանոնադրության շրջանակներում,

2) կատարել Կուսակցության համագումարի և վերադաս մարմինների որոշումները,

3) մասնակցել կուսակցական  իր     կազմակերպության  ժողովներին   և  միջոցառումներին,

4) հավատարիմ լինել կուսակցության գաղափարախոսությանը և ավանդված վարքի կանոններին,

5)  պահպանել կուսակցության անդամների համար օրենքով նախատեսված սահմանափակումները և կատարել սույն կանոնադրությամբ և օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

9.8 Կուսակցության անդամն իրավունք չունի`

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած իր ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի:

Կուսակցության Կեդրոնի որոշմամբ Կուսակցության անդամների համար կարող են սահմանվել նաև Կուսակցության, նրա տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի այլ սահմանափակումներ:

9.9 Կուսակցության անդամի համար Կուսակցությանն անդամակցությունը դադարում է`

1) նրա դիմումի համաձայն Կուսակցությունից դուրս գալու դեպքում,

2) Կուսակցությունից նրա հեռացվելու դեպքում,

3) սույն կանոնադրության 14.6 կետի հիմքով,

4) նրա մահվան կապակցությամբ,

5) Կուսակցության լուծարման կապակցությամբ:

9.10 Կուսակցական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար Կուսակցության անդամի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները`

1) շնորհակալության հայտարարում,

2) կարգապահական տույժի հանում,

3) միանվագ դրամական պարգևատրում,

4) հուշանվերով պարգևատրում:

9.11 Կուսակցության կանոնադրության պահանջները կամ վերադաս մարմինների որոշումները չկատարելու, Կուսակցության անդամին ոչ վայել վարքագիծ դրսևորելու, Կուսակցության պատիվը և բարի համբավն արատավորելու, քրեորեն հետապնդելի արարք կատարելու, կուսակցական հանձնարարություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև Կուսակցության Կեդրոնի կողմից նախատեսված այլ  դեպքերում Կուսակցության անդամի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական հետևյալ տույժերը`

1) նախազգուշացում,

2) նկատողություն,

3) խիստ նկատողություն,

4) Կուսակցության  Կեդրոնի, տարածքային, համայնքային և սկզբնական կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամության դադարեցում,
5) Կուսակցությունից հեռացում:

9.12 Կուսակցության անդամների նկատմամբ խրախուսանքի տեսակների և կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանում է Կուսակցության Կեդրոնը:

 

10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

10.1 Կուսակցության անդամների հաշվառումն իրականացնում են՝

1) տարածքային Շրջանակի Մասնաժողովի քարտուղարը,

2) Կուսակցության Կեդրոնի ատենադպիրը:

10.2 Կուսակցության անդամների հաշվառման նպատակով տարածքային Շրջանակներում բացվում են Կուսակցության անդամների հաշվառման անձնական քարտեր, որտեղ գրանցվում են Կուսակցության անդամի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) հաշվառման հերթական համարը և գրանցման ամիսը, ամսաթիվը և

տարեթիվը,

2) անունը, ազգանունը և հայրանունը,

3) տարիքը (ծննդյան ամիսը, ամսաթիվը և տարեթիվը) և սեռը,

4) մշտական բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարները,

5) կրթությունը,

6) աշխատանքի վայրը,

7) Կուսակցության տարածքային այն Շրջանակի անվանումը, որտեղ

հաշվառված է Կուսակցության տվյալ անդամը,

8) ըստ հայեցողության լրացուցիչ այլ տեղեկություններ:

10.3 Կուսակցության անդամի հաշվառման քարտում համապատասխան տեղեկություները գրանցվում են Կուսակցությանն անդամակցության պահից 10-օրյա ժամկետում:

10.4 Կուսակցության տարածքային Շրջանակների Մասնաժողովների քարտուղարները Կուսակցության անդամների հաշվառման տարածքային գրանցամատյանների տվյալները (էլեկտրոնային կրիչների վրա), դրանց գրանցման պահից 15-օրյա ժամկետում, փոխանցում են Կուսակցության Կեդրոնի ատենադպիրին, որը ձևավորում է Կուսակցության անդամների հաշվառման ընդհանուր գրանցամատյանը:

10.5 Կուսակցության անդամի հաշվառման քարտում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու, ինչպես նաև նոր անդամների անդամակցության, անդամության կասեցման կամ դադարեցման դեպքերում կուսակցության անդամների հաշվառման տարածքային և ընդհանուր գրանցամատյաններում նույն կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

 

11. ԸՆՏՐՈՎԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ  ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԵՏ ԿԱՆՉԻ ԿԱՐԳԸ

11.1 Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրովի, ինչպես նաև քաղաքական կամ քաղաքացիական նշանակովի պաշտոններում ընտրվելու (նշանակվելու) նպատակով Կուսակցության թեկնածուներ կարող են առաջադրվել Կուսակցության Կեդրոնի կողմից` սեփական նախաձեռնությամբ և (կամ) Կուսակցության ղեկավար մարմինների առաջարկությամբ:

11.2 Հանրապետության Նախագահի թեկնածու կարող է առաջադրվել կամ առաջադրված որևէ թեկնածուի պաշտպանության օգտին որոշում կարող է կայացվել Կուսակցության Կեդրոնի կողմից:

11.3 Կուսակցության Կեդրոնի կողմից հաստատված թեկնածությունների հետկանչը կատարվում է նույն կարգով:

 

12. ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12.1 Ներկուսակցական վեճերը լուծվում են վերադասության կարգով: Եթե վեճի կողմերից մեկը համաձայն չէ վերադաս մարմնի կայացրած որոշման հետ, ապա այդ որոշումը նա կարող է բողոքարկել Կուսակցության Կեդրոնին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Կուսակցության համագումարում, ինչպես նաև՝ հատուկ ներկուսակցական վեճերի համար ստեղծված Դատական Ատյանում, որը կարող է կազմավորվել Համագումարի կողմից:
12.2 Ներկուսակցական վեճերի լուծման համար ստեղծված մարմինը (այսուհետ` Դատական Ատյան) կազմավորվում է Կուսակցության Համագումարի կողմից, ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, երեք տարի ժամկետով: Դատական Ատյանի գործունեության կարգը, անդամների քանակը և վճիռների ընդունման կարգը սահմանվում է Համագումարի կողմից:

12.3 Կուսակցության համագումարում կարող են բողոքարկվել միայն Կուսակցության գաղափարախոսության, հայացքների ու տեսակետների, ծրագրի և կանոնադրության, ինչպես նաև ընտրովի պաշտոններում Կուսակցության թեկնածուների հետ կապված որոշումները:

12.4 Վերադասության կարգով որոշման բողոքարկումը վեճի կողմերին չի ազատում նրանց վրա դրված պարտականությունների կատարումից:

 

13. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

13.1 Կուսակցության սեփականությունը գոյանում է անդամավճարներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

13.2 Կուսակցության կողմից ստացված, ինչպես նաև նրա սեփական միջոցների հաշվին ստեղծված և (կամ) ձեռք բերված գույքի սեփականատերը Կուսակցությունն է:

13.3 Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի Կուսակցությանը պատկանող գույքի կամ դրա մասի նկատմամբ և պատասխանատվություն չի կրում Կուսակցության պարտավորությունների համար: Կուսակցությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար:

13.4 Կուսակցության ղեկավար մարմինները, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները Կուսակցության կողմից իրենց հատկացված գույքը տիրապետում և օգտագործում են Կուսակցության Կեդրոնի կողմից նախատեսված սահմաններում և կարգով:

13.5 Կուսակցության դրամական միջոցները ձևավորվում են`

1) անդամավճարներից,

2) օրենքով նախատեսված նվիրատվություններից,

3) օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորումից,

4) քաղաքացիական-իրավական գործարքներից և օրենքով չարգելված այլ մուտքերից:

13.6 Կուսակցությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել ծրագրային և կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ շինություններ, դրամական, փոխադրական միջոցներ և այլ գույք:

13.7 Կուսակցության գույքը և դրամական միջոցները տնօրինում է Կուսակցության նախագահությունը, իսկ նրա կողմից լիազորված լինելու դեպքում` Կուսակցության Կեդրոնը և Կուսակցության տարածքային Շրջանակների Մասնաժողովները՝ ըստ Կուսակցության Կեդրոնի կողմից հաստատված նախահաշվի և կարգի:

 

14.  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ (ԿԱՄ)  ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

14.1 Կուսակցության վերակազմակերպումը և (կամ) լուծարումը կարող է կատարվել Կուսակցության համագումարի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կուսակցությունը կարող է վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ) միայն այլ կուսակցության (կուսակցությունների):

14.2 Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Կուսակցության Կեդրոնը կամ Կուսակցության համագումարի պատվիրակների առնվազն 1/3-ը՝ գրավոր առաջարկով:

14.3 Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման մասին որոշումն ընդունվում է Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

14.4 Համագումարի կողմից Կուսակցության վերակազմակերպման մասին որոշում ընդունելու դեպքում ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով, որն իրականացնում է Կուսակցության վերակազմակերպման հետ կապված և համագումարի որոշմամբ նախատեսված աշխատանքները:

14.5 Համագումարի կողմից Կուսակցության լուծարման մասին որոշում ընդունելու դեպքում ստեղծվում է լուծարման հանձնաժողով, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կուսակցության գույքը և դրամական միջոցները, ինչպես նաև իրականացնում է Կուսակցության լուծարման հետ կապված աշխատանքները: Այս դեպքում Կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը Կուսակցության համագումարի որոշմամբ փոխանցվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կամ Հայաստանի Հանրապետությանը:

14.6 Կուսակցության լուծարման նախաձեռնությունը համագումարի կողմից մերժվելու դեպքում, այդ մասին որոշման ընդունման պահից, դադարեցվում է լուծարման նախաձեռնությամբ հանդես եկած Կուսակցության անդամների անդամակցությունը և անհրաժեշտության դեպքում կատարվում են նոր ընտրություններ:

14.7 Կուսակցությունը ենթակա է լուծարման միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

25  մայիսի  2019թ.