Արմենական Կուսակցություն - Հայտարարություններ

ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆՐԱՆՑ…

Սիրելի հայրենակիցներ,

Հիմնադիր Հանձնախմբի համակարգող Արա Պողոսյան

Սույն թվականի հոկտեմբեր 9-ին թուրքական բանակն սկսեց այսպես կոչված «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը, որն ինչպես ցույց տվեցին հետագա օրերը, առաջին հերթին ուղղված էր  քրդերի առաջնորդությամբ այդ շրջանում դիրքավորված միավորման՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի», ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ բնակչության դեմ: Թուրքիայի նախագահը բացահայտորեն մարտահրավեր նետեց աշխարհին և առաջին հերթին՝ տարածաշրջանային դերակատարներին: Ռազմագործողության մեկնարկից հաշված ժամեր չանցած աշխարհը տեսավ թուրքական բանակի և Թուրքիո հովանավորությունը վայելող ուժերի իրական դեմքն ու նրանց կողմից կատարվող վայրագությունները, և կրկին աշխարհը լռեց: Մենք ականատես եղանք ցավակցությունների, հայտարարությունների, որոնցից սակայն չփրկվեց Սուրիայի հյուսիսում՝ թուրքական գործողությունների թիրախում հայտնված բնակավայրերում որևէ թիրախ դարձած մարդ:

      Մեկ դար առաջ նույնը կատարվեց բազմատանջ Հայ ազգի հետ: Աշխարհի տարբեր հարթակներում հնչեցին անեծքներ, օգնության խոստումներ, իսկ թուրքը շարունակեց սկսած հայասպան ծրագիրը: Դարձյալ ոչինչ չփոխվեց:

Սա ևս մեկ ապացույցն է առ այն, որ Թուրքիան դեռ չի՛ հրաժարվել իր գազանային դեմքից, և Հայոց Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը միակ ճանապարհն է, որ կարող է սանձել թուրքական ֆաշիստական ռեժիմների ախորժակը: Վերջապես պետք է Թուրքիան հասկանա, որ հանցագործությունների, էթնիկ զտման ու բնաջնջման միջոցով այլևս հնարավոր չպիտի լինի հարցեր լուծելը:

Ցավոք, պետք է արձանագրենք, որ միջազգային հանրությունը դարձյալ կույր է և խուլ: 21-րդ դարում, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի է ունենում պատերազմական հանցագործությունների շղթա, և կրկին քաղաքակիրթ աշխարհը սոսկ դիտողի դերում է, ինչպես մեկ դար առաջ էր…

Արմենական կուսակցության Հիմնադիր Հանձնախումբ կոչ է անում միջազգային հանրությանը տե՛ր կանգնել միջազգային իրավունքի նորմերին, կանխել այն ողբերգական աղետը, որը կախված է տարածաշրջանի ժողովուրդների գլխին: Ժամանակն է ապացուցելու, որ ժամանակակից աշխարհում տեղ չունեն ցեղասպանությունը, էթնիկ զտումները, ահաբեկչական գործողությունները:

Արմենական կուսակցության Հիմնադիր Հանձնախումբն իր զորակցությունն է հայտնում սիրիահայ եղբայրակիցներին և սիրիացի բարեկամ ժողովրդին, խստորեն դատապարտելով մարդկության դեմ տեղի ունեցող ոճրագործությունները և բռնարարքները, որոնց պատասխանատվությունը կրում է թուրքական պետությունը:
Վստահ ենք, որ մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կազմակերպիչներն ու դերակատարները կանգնելու են մարդկության դատաստանի առաջ: Նյուրնբերգը սպասում է նրանց…

 

13 Հոկտեմբերի 2019
Արմենական կուսակցության
Հիմնադիր Հ
անձնախումբ

 

Tags, , , , ,

Շնորհավորական ուղերձ ՀՀ Անկախության 28 ամյակի կապակցությամբ

Ի սրտե շնորհավորում ենք համայն հայությանը Անկախության 28 ամյակի կապակցությամբ:
Հիրավի՝ անկախության 28 տարիներն ուղեկցվեցին բազմաթիվ ներքին և արտաքին փորձություններով, սակայն անկախության գաղափարը ամեն փորձության հետ ավելի ու ավելի ամրապնդվեց յուրաքանչյուր Հայի սրտում:
Մաղթում ենք համայն Հայությանը միասնություն, բարօրություն, եռանդ և ազգային իղձերի իրագործում, պետականության ամրապնդում, և պատմական արդարության վերականգնում, որը պիտի ամբողջանա Միացյալ Հայաստանով:
Արմենիական Կուսակցութեան Հիմնադիր հանձնախումբ

Երեւան
21.09.2019 թ.

Tags, , , , ,

Շնորհավոր մայիսի 28-ը

Հարգելի´ հայրենակիցներ,
101 տարի առաջ, հենց այս օրը հայ ժողովուրդը ցույց տվեց, թե ինչպիսի քաջագործությունների է ընդունակ, երբ հարկ է պաշտպանել իր Հայրենիքը, իր տունն ու ընտանիքը, երբ հարկ է ընդդեմ չ՛գոյության կանգնել ու ասել.
-ԳՈՅՈՒԹՅՈ՜ՒՆ:
Հիրավի մեր ազգային պատմությունը լի է հերոսական դրվագներով, որոնք անջնջելի դասեր են ներկա և ապագա սերունդների համար: Սակայն մայիսի 28-ն իր խորհրդով առանձնանում է նրանով, որ հենց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով ծնվեց Հայաստանի Անկախ Հանրապետությունը, որի օրգանական շարունակությունն է ժամանակակից Հայաստանը: Այսպիսով՝ դարեր անց հայ ժողովուրդն իր միասնականության և հերոսական պայքարի գնով, իր անգին զոհաբերություններով կարողացավ վերականգնել և վերահաստատել անկախ պետություն ունենալու իր անժամանցելի իրավունքն ու կարողությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 101-ամյակը: Մայիսյան հաղթանակների տրամաբանական շարունակությունը մենք տեսանք նաև Արցախյան ազատամարտի ընթացքում, որտեղ ևս մեկ անգամ Հայն ամրագրեց իր իրավունքն ու կարողությունը՝ մեծ ու հզոր Հայաստան ունենալու: Մենք հաղթեցինք և այդ հաղթանակները պետք է այսօր կարողանանք իրացնել սոցիալ-տնտեսական, քաղաքական, դիվանագիտական խնդիրները լուծելու և մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելու գործում:
Շնորհավորում ենք աշխարհասփյուռ հայությանը մայիսյան հաղթանակների և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակի կապակցությամբ: Մաղթում ենք միասնություն, հզորություն և նորանոր հաղթանակներ:

 

Արմենական կուսակցության
Հիմնադիր հանձնախումբ

28.05.2019թ.

Հաղորդագրություն. Արմենական կուսակցության Հիմնադիր Համագումարի մասին

Սիրելի՛ ընկերներ, գաղափարակիցնե՛ր,
Ինչպես գիտեք սույն թվականի մայիսի 25-ին նախատեսված էր Արմենական կուսակցության Հիմնադիր Համագումարը, սակայն, ցավոք, այն որպես Հիմնադիր Համագումար չէր կարող կայանալ, համաձայն ՀՀ Կուսակցությունների մասին Սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի: Այն է՝ օրենքը պահանջում է առնվազն 100 պատվիրակի ներկայություն, ինչպես նաև՝ համաձայն Արմենական կուսակցության կանոնադրության, պետք է ներկա լիներ հրավիրյալ պատվիրակների առնվազն 2/3-ը, սակայն Համագումարին ներկայացել էր հրավիրյալ 123 պատվիրակներից միայն 73 պատվիրակ, 11-ը՝ խիստ ուշացումով:
    Սիրելի՛ ընկերներ, հայցում ենք բոլորիդ ներողամտությունը, սակայն մեզ համար մեր սկզբունքներին դեմ գնալը, օրենքի շրջանցումը անընդունելի է: Մենք հենց այդ օրենքները պաշտպանելու և արդարության մթնոլորտի ձևավորմանը նպաստելու նպատակադրմամբ ենք հավատում Արմենականության ուժին: Վստահ ենք, որ Արմենականությունն Հայաստանում ունենալու է ամուր հիմքեր, և մենք՝ միակամ համայն հայության հետ, հասնելու ենք մեր հավաքական իղձերի իրագործմանը:
Մենք կվերադառնանք է՛լ ավելի հզորացած:
Սիրելի՛ ընկերներ, մեր անելիքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ, առանձին հաղորդագրությունների տեսքով՝ մեր պաշտոնական կայքում:


ՄԻՈՒԹԻՒՆ Ի ՀԶՕՐՈՒԹԻՒՆ


Խորին հարգանքներով՝
Արմենական կուսակցության նախաձեռնող խումբ
ք. Երևան
27.05.2019 թ.

Ուղերձ. Արցախի Արմենական կուսակցության Նախագահ Բորիս Սերգեյի Առուշանյան

Ուղերձ 
Արմենական Կուսակցության հիմնադիր Համագումարին

Հարգելի հայրենակիցներ,
Արցախի Արմենական Կուսակցության անունից իմ ողջույններն եմ հղում Արմենական Կուսակցության հիմնադիր Համագումարին և իմ զորակցությունը հայտնում բոլորիդ՝ Հայաստանում ժողովրդավարության, պետականաշինության, մարդու իրավունքներին, ազատություներին, ազգային խնդիրներին, սոցիալական արդարությանն առնչվող և մյուս բոլոր հարցերում ազգանպաստ գործունեություն ծավալելու գործում։
Ուղիղ 20 տարի առաջ՝ 1999 թ. ապրիլին, ստեղծելով Արցախի Արմենական Կուսակցությունը, մենք ձգտել ենք հավերժացնել 1885 թ. ստեղծված առաջին հայկական կուսակցության անունը և նոր շունչ տալ անկախ, հզոր հայրենիք ու պետություն կերտելուն միտված նրանց գաղափարներին։ Կուսակցություն, որ գործունեություն ծավալելով Արևմտյան Հայաստանում, հնարավոր ամեն ինչ արել է սպասվելիք մեծ արհավիրքից փրկելու իր ժողովրդին՝ կազմակերպելով ու նրանց նախապատրաստելով ազատագրական պայքարի, այդ թվում՝ իր անդամներով հերոսաբար մասնակցելով Վանի ինքնապաշտպանական մարտերին։
Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետությունում Արմենական Կուսակցության ստեղծումը, որը ոչ միայն ուրախալի երևույթ է, այլև համագործակցության լայն դաշտ է ստեղծում մեզ համար։
Ժամանակները փոխվել են։ Մենք արդեն ունենք ազատ ու անկախ հայրենիք, սակայն դրանից մեր խնդիրներն ամենևին չեն նվազել, և ես հուսով եմ, որ մենք՝ Հայաստանի և Արցախի Արմենական Կուսակցություններս, սերտ համագործակցելով, կկարողանանք միասին զարգացնել ժողովրդավարության, ազգային արժեքների, սոցիալական ոլորտին առնչվող ձեռքբերումներն ու միասին կկերտենք մեր երազների միասնական, հզոր և արժանապատիվ Հայաստանը։
Շնորհավորում եմ Արմենական Կուսակցության հիմնադիր Համագումարի բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթում ձեր աշխատանքներին։

Բարին ընդ Ձեզ։

Հարգանքներով՝ Բորիս Սերգեյի Առուշանյան , Արցախի Արմենական Կուսակցության նախագահ

Ստեփանակերտ
21.05.2019

Արմենական կուսակցության շնորհավորական ուղերձը մայիսյան հաղթանակների կապակցությամբ

Սիրելի՛ աշխարհասփյուռ հայրենակիցներ
Հիրավի այսօր այն ցնծալի օրն է, երբ միասնական բռունցքը հաղթեց թշնամուն՝ ամրագրելով հայրենատիրոջ իրավունքները:  1992 թվականի մայիսի 8-ից 9-ը «Հարսանիք լեռներում» գործողությունը հասավ իր փառավոր հանգուցալուծմանը՝ ազատագրվեց Հայոց հնագույն Շուշին: Այդ օրը հռչակվեց նաև Արցախի անվտանգության գերագույն երաշխիքի՝ Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման օր:
1945 թվականի մայիսի 9-ին դաշնակից պետությունները պարտության մատնեցին ֆաշիստական Գերմանիային: Այդ հաղթանակի մեջ իր անգնահատելի դերն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Շուրջ 600 հազար հայորդիներ մասնակցեցին Երկրորդ աշխարհամարտին, և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նաև նրանց նվիրումի, հերոսական պայքարի ու անկոտրում կամքի դրսևորման արդյունքում էր: Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի իրական կիավատերը նաև հայ ժողովուրդն էր:

Հաղթանակներ կարող են կերտել միայն կենսունակ ազգերը, որոնք ունեն ապրելու և պայքարելու անբեկանելի կամք, իրավատիրոջ բարձր գիտակցում, ձևավորված ռազմական ավանդույթներ և ռազմական տաղանդ:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան  եռատոնի, հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, մաղթում ենք նորանոր հաղթանակներ, հզորացում և զարգացում մեր երկրին:
Մենք միասին պետք է կերտենք մեր և մեր պապերի իղձերի Հայաստանը՝ Հզոր և Միացյալ Հայաստանը:
Միութիւն ի Հզօրութիւն

Արմենական կուսակցության Նախաձեռնող Հանձնախումբ

09 մայիսի 2019թ.

Tags, , , ,