«Թուրան» եզրույթն արձանագրվել է պաշտոնական փաստաթղթում

Hayk Armenyan
166

 

      Ստամբուլում նոյեմբերի 12-ին կայացած Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 8-րդ գագաթնաժողովի ժամանակ կառույցն անվանափոխվեց՝ Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Գագաթնաժողովի շրջանակներում ընդունվեց նաեւ փաստաթուղթ՝ «Տեսլական-2040»։ Համատեղ հռչակագրի 29-րդ կետում նշվում է, որ թյուրքական պետությունների համար Թուրքեստանում (քաղաք Ղազախստանում) ստեղծվում է հատուկ տնտեսական գոտի՝ «Turansez»։ Փաստորեն, նորագույն ժամանակներում առաջին անգամ արձանագրվեց «թուրան» բառը։ Որքանո՞վ է իրատեսական, որ թյուրքական աշխարհը հանդես գա միացյալ օրակարգով, եւ ստեղծվի թուրանական բանակ։ Ինչպե՞ս են այդ զարգացումներն առնչվում Հայաստանին եւ հայ ժողովրդի կենսական շահերին։ Այս հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի շրջանակներում զրուցել ենք ակադեմիկոս, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

 

    Գագաթնաժողովից ամիսներ առաջ Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները հանդես էին գալիս հայտարություններով, ինչը հուշում էր, որ նպատակ կա Թյուրքական խորհուրդը վերակազմավորել՝ դարձնելով Թյուրքական միություն։ Որպես մոդել՝ ընդունվելու էր Եվրոպական միությունը, որը ենթադրում է բավական բարձր ինտեգրման մակարդակ։ «Շատ հավանական է, որ վերջին պահին հրաժարվել են այդ գաղափարից՝ հարմար գտնելով անվանել կազմակերպություն։ Կարծում եմ, որ Թուրքիայի վրա մեծ ճնշում է գործադրվել, այդ թվում՝ իր դաշնակիցների կողմից։ Նրանք միգուցե մտավախություն ունեն, որ այդ կազմակերպությունը կարող է այնպիսի դերակատարում ստանձնել, մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայում, որը կվնասի Արեւմուտքի շահերին։ Այդ ճնշման արդյունքում էլ Թուրքիան հրաժարվեց միանգամից միություն դառնալու գաղափարից, բայց քայլ առ քայլ է գնում այդ ուղղությամբ, եւ այդ քայլերից մեկը ռազմական բնագավառում համագործակցության սերտացումն է»,- մանրամասնեց Սաֆրաստյանը։

Թուրքիան ընտրել է թյուրքալեզու երկրների հետ երկկողմ համաձայնագրեր ստորագրելու մոդելը, որի համաձայն՝ պայմանագրեր է կնքում ռազմական ոլորտում զենք եւ զինամթերք մատակարարելու վերաբերյալ, այդ թվում նաեւ՝ ռազմական արդյունաբերության բնագավառում։ Թուրքիան լավագույն կերպով օգտագործում է բայրաքթարների հանգամանքը, որոնք իրենց ցավալի դերակատարությունն են ունեցել Արցախում, Լիբիայում եւ Սիրիայում՝ ռազմական գործողությունների ժամանակ։

«Սա ճանապարհ է դեպի թուրանական բանակ։ Իհարկե, ներկա փուլում դա դեռ իրականություն չի դառնա, բայց զարգացումներն ընթանում են թուրանական բանակ ստեղծելու ուղղությամբ։ Թուրքիայում այդ մասին բացեիբաց խոսում են։ Պանթուրքիստական ինտեգրացիան եւ պանթուրքիստական ծրագրերի իրականացումը հիմա մտել են կոնկրետ քաղաքականության ոլորտ։ Թուրքիան  առաջ է տանում այդ քաղաքականությունը, իսկ Էրդողանը հանդես է գալիս որպես այդ գաղափարախոսության եւ քաղաքականության հիմնական կրող ու ղեկավար։ Մեր աչքերի առջեւ ստեղծվում է պանթուրքական կազմակերպություն, միություն, որը կունենա նաեւ իր զինված ուժերը։ Դա, իհարկե, տարիների խնդիր է»,- կարծիք հայտնեց Սաֆրաստյանը։

      Բնականաբար, այս զարգացումները Հայաստանի համար կենսական վտանգ են ներկայացնում։ Դեռեւս 20-րդ դարի սկզբին պանթուրքիստները եւ անձամբ Աթաթուրքը Հայաստանն անվանում էին սեպ՝ խրված թուրքական աշխարհի մեջ։ «Աթաթուրքը չնայած զինվորական էր, սակայն երբ հրամաններ էր տալիս, սիրում էր հիմնավորել դրանք եւ երկար աշխարհաքաղաքական բնույթի դատողություններ էր անում։ Այդտեղ նա մի քանի անգամ Հայաստանն անվանել է «պատ», որը պետք է քանդել, որպեսզի Թուրքիան կարողանա հաղորդակցվել իր եղբայրական կովկասյան թուրքերի հետ։ Այսօր եւս այդ գործընթացը տեսնում ենք, հիմա էլ փորձում են իրականացնել այդ ծրագրերը»,- ասաց զրուցակիցս՝ համոզմունք հայտնելով, որ 44 օր տեւած պատերազմն առավելապես թուրքական, քան ադրբեջանական նախաձեռնություն էր, եւ պատահական չէր, որ ղեկավարվեց Թուրքիայի կողմից։ Ակադեմիկոսը պատերազմը դիտարկում է ոչ միայն Արցախի դեմ ուղղված գործողություն, այլ նաեւ Հայաստանը թուլացնելու միջոց։ Այսօր արդեն տեսնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտ ագրեսիայի փուլից անցել են սողացող ագրեսիայի՝ փորձելով փոքր քայլերով թուլացնել Հայաստանը։

Թուրքիայի նպատակն է, եւ դա նոր չէ, այլ տասնամյակների պատմություն ունի, հնարավորինս թուլացնել մեր պետականությունը, մեկուսացնել Հայաստանը։ Միաժամանակ կոնկրետ խնդիրներ է լուծում՝ Հայաստանի հետ կապված, այն է՝ հաղորդակցությունների խնդիրը, որը, ըստ Սաֆրաստյանի, ավելի հեռուն գնացող նպատակներ է ենթադրում, քան զուտ միջանցքի տեսքով հաղորդակցություններ ստանալն է, որի վրա չի տարածվի Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրանց հեռահար նպատակն ամբողջ Սյունիքն է։ Արեւելագետը նշեց, որ որոշ ժամանակ առաջ հրապարակել էր Թուրքիայի պետական հեռուստաընկերության (TRT) միջազգային հաղորդումների կայքէջից վերցրած 3-4 ամսվա վաղեմություն ունեցող մի լուսանկար, եւ այդ քարտեզին ամբողջ Սյունիքի ու Վայոց ձորի վրա գրված է եղել «Զանգեզուրի միջանցք», այսինքն՝ Թուրքիայի նպատակը միջանցք ասվածի պատրվակով Սյունիքին տիրանալն է։

Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին՝ Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը շահագրգռված չէ դրանով, որովհետեւ այսօրվա սահմանն էլ դիտարկում է որպես ժամանակավոր, որը պետք է հետագայում չլինի, այսինքն՝ ամբողջությամբ միանա Նախիջեւանի հետ. «Այդ նպատակը մեկ-երկու տարվա համար չէ։ Համոզված եմ, քանի դեռ Ռուսաստանի խաղաղապահները գտնվում են մեր տարածաշրջանում, Արցախում կամ այն, ինչ մնացել է Արցախից, կտրուկ քայլեր չեն լինի, բայց եթե խաղաղապահները, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, դուրս բերվեն տարածաշրջանից, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը կդառնան ավելի ագրեսիվ։ Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլում պարբերաբար դժգոհություն է հայտնվում ռուս խաղաղապահներից, որ նրանք գտնվում են այստեղ»։

Այդպիսով՝ պատերազմի ավարտից մեկ տարի անց էլ Ադրբեջանը դեռեւս վտանգ է ներկայացնում մեզ համար։ Ներկայումս հաճախակի են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան սահմանների նկատմամբ, մեր տարածքում են ադրբեջանական զինված ուժերը, եւ, զրուցակցիս խոսքերով, այս պայմաններում իմաստ չունի դելիմիտացիա սկսելը։ Դրա համար պետք է ապահովել Ադրբեջանի զորքերի դուրսբերումն առնվազն Խորհրդային Հայաստանի տարածքից, հետո միայն խոսել դելիմիտացիայի մասին։ Մինչդեռ Ադրբեջանը հազիվ թե հրաժարվի այն տարածքներից…

Աղբյուրը՝ hhpress.am

 

Հաջորդիվ

10 ռազմագերի վերադարձավ հայրենիք․ հայտնի են նրանց անունները

166   Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն, որը հրապարակել է նաև հայրենադարձվածների անունները։ 1․ Գալստյան Հրաչիկ Արամի (Ծնված՝ 25․01․1990 թ․ […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds