Հարցազրույց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ Թուրքիայի նախագահի հայտարարության և տարածաշրջանային նոր մարտահրավերների մասին

Vigen Tossunyan
319

 

 

Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպում է խնդրել Թուրքիայի նախագահից։ Ինչո՞ւ ենք այս մասին իմանում թշնամական երկրի ղեկավարից։

–Հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, ակնհայտ է, որ արտառոց ոչինչ չի՛ կատարվել։ Պարզապես, ինչպես իրենք են ասում, «ինչ պետք է, այն էլ բանակցում են», իսկ այս դեպքում՝ «ում հետ պետք է, նրա հետ էլ բանակցում են»։ Այլ հարց է, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես ելակետ ընդունեին ո՛չ թե անհատի, կամ լիդերի, կամ խմբակային շահը, այլ Հայաստանի Հանրապետության շահը, Էրդողանի կողմից այս հայտարարությանը պետք է հետևեր ՀՀ վարչապետի հրաժարականը։ Ընդունենք, որ եթե նույնիսկ անհրաժեշտություն կար նման հանդիպման, չնայած ես այդ կարծիքին չեմ, ապա Էրդողանը ցույց տվեց, որ ինքը թքած ունի Փաշինյանի ցանկացած առաջարկության վրա, եթե դա չի՛ բխելու համաթյուրքական շահերից։ Սա նշանակում է, որ եթե հիպոթետիկ ընդունենք, որ Փաշինյանը դիվանագիտական որևէ կոմբինացիա է մշակել, ապա այդ կոմբինացիան տապալված է։

Իսկ ինչու ՀՀ վարչապետը անձամբ նախօրոք չի հայտնել, կամ ինչու ՀՀ պաշտոնական աղբյուրներից չենք տեղեկանում այսպիսի հանդիպման նախապատրաստման մասին։

–Ինչպես արդեն նշեցի, Փաշինյանն ու իր թիմը համարում են, որ ժողովուրդն իրենց քվե է տվել այն ամենի համար, ինչ իրենք ցանկանում են անել, հետևաբար կարիք չեն տեսնում իրենց ծանրաբեռնել «ավելորդ» հարցերի ու պատասխանների հետևից ընկնելու համար։ Իհարկե, բազմիցս նշել եմ, որ գործադրվում են բավականին էֆֆեկտիվ քաղաքական տեխնոլոգիաներ հասարակության զգալի հավտածին լռեցնելու համար։ Մսանավորապես պետք է նշեմ, որ Փաշինյանի և իր թիմի համար նախորդ իշխանությունների հայտնի դեմքերի ի հայտ գալը պարզապես «երկնային մանանա» էր, որը նրանք հմտորեն օգտագործում են և՛ ներքին խնդիրների, և՛ անվտանգային խնդիրների, և՛ արտաքին խնդիրների համար պատասխաններ չտալու համար։

Իսկ ինչու Թուրքիայի նախագահը որոշեց հանրայնացնել ՀՀ վարչապետի նախաձեռնությունը, չէ՞ որ ակնհայտ էր, որ դա ստեղծելու էր ներհայաստանյան լարվածություն։

–Այստեղ մենք գործ ունենք թուրքական դիվանագիտության հետ, որը ունի հարյուրամյակների փորձ և ձևավորված ավանդույթներ։ Հավելեմ, որ թյուրքական դիվանագիտության վրա բավականին մեծ ազդեցություն ունի նաև արևելյան մենթալիտետը։ Իսկ արևելյան մտածելակերպը իր մեջ խտացնում է ուժի պաշտանմունք և թույլի արհամարում։ Մյուս կողմից թուրքական դիվանագիտության բնորոշ գծերից կարող ենք նշել շանտաժը։ Սա գործիք է, որ թուրքերը կիրառել են պատմության ամենատարբեր փուլերում։ Ընդ որում նկատենք, որ թուրքական դիվանագիտությունը բավականին զարմանալի կիրառում է շոյելու, շանտաժի, և ոչնչացնելու տեխնոլոգիաները կողք–կողքի կամ գրեթե համահավասար։

Այժմ Էրդողանի անցել է շանտաժի, ինչը նշանակում է, որ արդեն կուլիսային փուլում նա ցույց է տվել շոյելու մարտավարությունը, ինչին կարծում եմ կուլ են գնացել Հայաստանի ներկայացուցիչները։ Առաջին որոգայթի մեջ մենք թերևս հայտնվել ենք մեր իշխանավորների գավառամտության և էժանագին ու անհիմն խորամանկության արդյունքում։ Հիմա այս իշխանությւոնները մեծ հաշվով գտնվում են թուրքական ուժերի ազդեցության ներքո։ Խելամիտ է պատկերացնել, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով որոշակի առաջարկ և օրակարգ է փոխանցել Էրդողանին, իսկ Էրդողանը հրապարակայնորեն պատասխանում է, ընդ որում՝ հրապարակային պատասխանն իր մեջ ներառում է ենթադրաբար նաև սպառնալիք՝ իրեն փոխանցված առաջարկների կամ օրակարգի մասին ևս հրապարակայնորեն հայտարարելու մասին։ Իսկ թե դրանք ինչպիսի բովանդակություն կարող են ունենալ, այս պահին մնում է միայն ենթադրել։

Իսկ կարո՞ղ են արդյոք արտաքին քաղաքական հետևանքներ ունենալ ՀՀ իշխանությունների կողմից այսպիսի քայլերը։ Չէ՞ որ Արցախյան հիմնահարցի և հայ–թուրքական հարաբերությունների խնդիրը դարձել էր միջազգային հարց, և այստեղ ուրույն դերակատարում ունեին և՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և՛ ՌԴ–ն առանձին, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ–ն առանձին վերցրած։

–Կարծում եմ, որ Էրդողանի քայլը հենց ուղղված էր նաև Հայաստանի միջազգային մեկուսացմանը, դաշնակիցների հետ հարաբերությունների խաթարմանը։ Այստեղ կարևոր է հատկապես ՌԴ դիրքորոշումը, քանի որ այս պահին ՌԴ–ն տարածաշրջանում կարևոր դերակատար է, և թերևս միակ պետությունը, որն այս պահին ստանձնել է ՀՀ անվտանգային միջավայրի մեջ դերակատարում ունենալ։ Լավ թե վատ, դա այլ հարց է։ Թուրքիայի քայլը, կարծում եմ նաև Փաշինյանի, մեծապես նպատակ ուներ օգտագործել ՌԴ–ում սպասվող ընտրությունների առիթը և կատարել տարածաշրջանային մանևր, ինչը ըստ էության բերելու էր տարածաշրջանային բալանսի փոփոխության։ Մենք նաև պետք է ուշադրություն դարձնենք Իրանի Իսլամական Հանրապետության կողմից օրեր առաջ սկսված զորավարժություններին, դրանց աշխարհագրական տեղաբաշխմանը, զորավարժությունների մեջ ներառված տեխնիկական և այլ հատուկ միջոցներին, որոնց մանրակրկիտ ուսումնասիրումը պատկերացում կտա այն մասին, թե ինչպիսի վերադասավորումներ են հնարավոր տարածաշրջանում։ Հիշենք, որ իրանական հատուկ ծառայություններն ու արտաքին հետախուզությունը աշխատում են բավականին արդյունավետ։ Միայն թե վախենամ, որ Հայաստանը, իր իշխանությունների բռնած դիրքի պատճառով ապագայում ևս կմնա լրիվ միայնակ ահռելի թշնամական ուժերի արանքում։

 

Իսկ ինչպիսի դիրքորոշում այս պարագայում պետք է որդեգրի Ռուսաստանի Դաշնությունը։

–Ինչպես Հայաստանի պարագայում, այնպես էլ Ռուսաստանի պարագայում այլևս ընտրության մեծ հնարավորություն չկա։ Ռուսաստանը պետք է ինքն իր համար որոշի՝ ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել տարածաշրջանում, Հայաստանն ինչպես կարող է օգնել իրեն իր կայսերապաշտական նպատակների իրագործման տեսանկյունից և ինչ է պատրաստ տալ Հայաստանին, որի դիմաց Հայաստանը պատրաստ կլինի միատեղել և պաշտպանել համատեղ կայսերապաշտական նպատակներ, իսկ մյուս կողմից՝ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ ինչպիսի ապագա է ցանկանում՝ ուժ, հզորություն թե՞ փող։ Թեև կթվա, որ ֆինասական միջոցների առկայության դեպքում կարող ես լինել հզոր, բայց դա միայն արտաքին խաբկանք է, քանի որ Հայաստանի պարագայում հնարավոր չի լինելու ռազմական միջոցների աննկատ զարգացում, և ցանկացած քայլ լինելու է թշնամաբար տրամադրված, սակայն այդ պահին սիրալիր ժպտացող երկու պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի վերահսկողության ներքո։ Ուստի և՛ մենք, և՛ ՌԴ–ն, և՛ տարածաշրջանը կանգնած ենք բարդագույն ընտրության առաջ։ Տա՛ Աստված, վերջապես իմաստնություն ցուցաբերենք և առաջնորդվենք Հայաստանի և հայ ժողովրդի հիմնարար շահերով։

 

Հարցազրույցը վարեց՝ ԱՆԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Հաջորդիվ

Պատահակա՞ն եք համարում ՀՀ քաղաքական իշխանության սրտատրոփ վազքը Իրան, Ռուսաստան, Եվրոպա․․․

Հեղինակի մասին Վերջին գրառումներ Vigen TossunyanՎիգէն ԹոսունեանԾնած է Պէյրութ 1967 թուականին, մարաշցի Կարապետ Թոսունեանի յարկին տակ: Նախնական ուսումը ստացած է Հ.Բ.Ը.Մ.-ի Լեւոն Կ.Նազարեան վարժարանին մէջ: Երկրորդական ուսումը շարուանակած է Հ.Բ.Ը.Մ.-ի […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds