Թուրքիան շարունակում է սպառնալ Հայաստանին | Վարուժան Ներսեսյանի հարցազրույցը ՝ CNN-ին

Hayk Armenyan
230

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել CNN-ին։ Հ

Հ ԱԳՆ-ն ներկայացնում է հարցազրույցից մանրամասներ․

Բեքի Անդերսոն․ Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է: Նա միացել է մեր ուղիղ եթերին Բոստոնից: Նախագահ Ջո Բայդենը Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելով, իհարկե, խախտում է իր նախորդների ու ԱՄՆ տասնամյակների քաղաքականությունը: Կցանկանայի, որ Դուք բացատրեիք սրա կարևորությունը և այն ազդեցությունը, որ այն կունենա Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության վրա:
Վարուժան Ներսեսյան․ Շնորհակալ եմ, Բեքի: Իհարկե, ապրիլի 24-ին նախագահ Ջո Բայդենը պատմական կարևորության որոշում ընդունեց՝ ճանաչելով Օսմանյան կայրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը. սա եղավ ի հավելումն 2019թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որով այժմ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է 1,5 մլն հայերի ցեղասպանությունը իրենց պատմական հայրենիքում և սա, որպես այդպիսին, պատմական կարևորություն ունի: Իհարկե, սա վերաբերում է ոչ միայն անցյալի դաժանություններին ու ցեղասպանություններին: Սա նաև շատ հստակ ուղերձ է արդի ժամանակներին և ապագային: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և, որպես այդպիսին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այն չճանաչվեց ու չդատապարտվեց որպես ցեղասպանություն, շատ ողբերգական նախադեպ ստեղծեց մարդկության պատմության այլ ցեղասպանությունների համար: Հետո մենք ականատեսը եղանք մարդկության դեմ այլ հանցագործությունների, ինչպիսիք են Հոլոքոստը, Ռուանդայում, Դարֆուրում ու այլուր տեղի ունեցած ցեղասպանությունները և այլն: Ահա թե ինչու, ճանաչումը շատ կարևոր է և նաև Հայոց ցեղասպանության նախադեպի հիման վրա էր, որ Ռաֆայել Լեմկինը սահմանեց ցեղասպանություն տերմինը: Այսպիսով, իհարկե սա շատ մեծ կապ ունի նաև մեր ժամանակների հետ:
Բեքի Անդերսոն․ Այսպիսով, այս հայտարարությունն արդյունավետ կերպով հավասարեցնում է իր ծավալներով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած   հակահայկական բռնությունները այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել նացիստական Գերմանիայում և Ռուանդայում, ինչպես որ Դուք ճշմարտացիորեն նկատեցիք: Օսմանյան Կայսրությանն էր, որ Ջո Բայդենը մեղադրեց այս զանգվածային սպանությունների համար և բնորոշեց դա որպես ցեղասպանություն, այլ ոչ թե՝ Թուրքիային: Սակայն Թուրքիան ասում է, որ ցեղասպանության վերաբերյալ պնդումները վիրավորական են և նրանք ասել են Միացյալ Նահանգներին, որ այս հայտարարությունը, թույլ տվեք մեջբերել  Անկարային՝ երկու երկրների հարաբերություններում վերք բացեց և դա Ձեզ անակնկալի չի բերի ընդհանրապես: Ինձ հետաքրքիր է՝ Ձեր կարծիքով որոնք կլինեն Ամերիկայի կողմից այս հայտարարության հնչեցումից հետո ավելի լայն աշխարհաքաղաքական ազդեցությունները այն բանից հետո, ինչ Դուք և վստահաբար Ձեր նախորդները տարիներ շարունակ լոբինգ են արել Վաշինգտոնում՝ վստահ լինելու համար, որ ամերիկացիներն ի վերջո կանեն այդ հայտարարությունը:

Վարուժան Ներսեսյան․ Շնորհակալ եմ, Բեքի: Իհարկե, այս հայտարարությունը հնարավորություն է հենց Թուրքիայի համար՝ հաշտվելու իր անցյալի հետ ու ճանաչելու: Եթե Թուրքիան ցանկանում է բուժել վերքերը, այլ ոչ թե բացել դրանք: Սակայն այս հայտարարությունը հնարավորություն է ընձեռում բուժել վերքերն ու հնարավորություն տալիս հենց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դրանից հետո բարելավել հարաբերությունները հարևան Հայաստանի հետ: Սակայն, Թուրքիան ոչ միայն չի ճանաչել Ցեղասպանությունը, այլև ամբողջովին հերքել է դա և այդ մերժողականությունը հենց այն է, ինչը պատճառ է հանդիսանում ճանաչման այս ալիքների համար: Եվ մենք խորապես շնորհակալ ենք նախագահ Բայդենին այս պատմական ճանաչման համար: Այսպիսով, այս ճանաչումն ավելի է ամրապնդելու մեր տարածաշրջանը և միտված է ապագային:

Բեքի Անդերսոն․ Ես գիտեմ, թե ինչի էիք Դուք ուզում հասնել, բայց ինձ հետաքրքիր է, արդյոք դրան կհասնե՞ք, քանի որ Անկարան, նախագահ Էրդողանի գլխավորությամբ, վրդովված է այս կապակցությամբ:  Տեսեք, Հայաստանի վարչապետը երեկ հրաժարական ներկայացրեց, որպեսզի խթանի հունիսին նախանշվող արտահերթ ընտրությունները, և նա անընդհատ է քննադատության՝ ենթարկվել կապված անցյալ տարի հրադադար հաստատելու իր որոշման հետ: Հայաստանը հակամարտության մեջ էր հարևան Ադրբեջանի հետ, որին նշանակալի կերպով աջակցում էր Թուրքիան: Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի շուրջ տարածաշրջանում նաև շատ քաղաքական անհանգստություն  կա: Սարսափելի շատ բողոք կա: Ինձ պարզապես հետաքրքիր է, արդյոք Դուք կարծում եք, որ ընտրությունները կարգավորելու են այդ լարվածությունը Ձեր երկրում և արդյոք անկեղծորեն հավատում եք, որ ԱՄՆ կողմից այս հայտարարությունը, որը հրաշալի է ամբողջ աշխարհի հայության համար, կվերականգնի տարածաշրջանային ճեղքերը, թե իրականում ավելի կվատթարացնի դրանք:
Վարուժան Ներսեսյան․ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս հայտարարությունը նպաստելու է տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Սակայն, ցանկանում էի ասել, որ Թուրքիան ոչ միայն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և մերժողականություն է դրսևորել, այլև մեր օրերում շարունակում է սպառնալ Հայաստանին, ինչպես՝ անցյալ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Թուրքիայի ամբողջական մասնակցությամբ ու աջակցությամբ ընդդեմ Արցախի ժողովրդի: Թուրքիան մասնակցում էր դրան՝ տեղակայելով օտարերկրյա ահաբեկիչ զինյալների, ջիհադիստ-ահաբեկիչների և մահացու անօդաչու սարքեր, ինչպես նաև աջակցելով իր հրամանատարությամբ: Այսպիսով, Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը: Ահա թե ինչու, Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց կարևոր է, քանի որ Թուրքիան մինչ օրս շարունակում է նույն ցեղասպանական մտադրությունները ու քաղաքականությունն ընդդեմ արդի Հայաստանի Հանրապետության: Ահա թե ինչու հայտարարությունը ոչ միայն 106 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին է, այլ նաև արդի ժամանակների, որը փորձում է կարգի հրավիրել բոլոր նրանց, ովքեր հակված են իրականացնել ագրեսիայի քաղաքականություն և հարձակողական քաղաքականություն: Սա համաշխարհային անկարգության ժամանակ չէ, կարգուկանոնի ու միջազգային անվտանգության ժամանակաշրջան է: Ինչ վերաբերում է հայաստանյան ընտրություններին, կարող եմ ասել, որ, իհարկե, աժմ Հայաստանում կան ներքին քննարկումներ, սակայն Հայաստանը հաստատակամ է իր ընտրած ժողովրդավարական ճանապարհի հարցում, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեր տարածաշրջանի երկու ավտորիտար պետությունների: Հայաստանը կհաղթահարի այդ դժվարությունները և Ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը հաստատակամություն ու քաղաքական կամք կունենա կառուցելու համար ժամանակակից ժողովրդավարական, ամուր ժողովրդավարական հասարակություն: Եվ քանի որ Հայաստանը շարժվում է դեպի հունիսի 20-ի ընտրություններ, մարդիկ հնարավորություն կունենան որոշելու և այնուհետև շարունակելու իրենց ճանապարհը:

Բեքի Անդերսոն․ Եկեք ավարտենք զրույցը՝ խոսելով այն մասին թե ինչ է սա նշանակում հայերի, աշխարհասփյուռ հայերի համար, որոնցից շատերը իհարկե կոնկրետ սերնդից են, որոնք ապրում են այս ցեղասպանության ստվերների հետ և սա եղել է Ձեր ազգի ինքնության մեծ մասը: Գիտեմ, որ Դուք նաև կընդունեք, որ կլինեն ավելի երիտասարդ սերունդներ, որ պարզապես ցանկանում են առաջ շարժվել նրանից, ինչ տեղի է ունեցել անցյալում: Ինձ պարզապես հետաքրքիր է, ինչպիսի եզրահանգման է բերում Սպիտակ տան այս հայտարարությունը հայերին:

Վարուժան Ներսեսյան․ Բեքի, այս հայտարարությունն ամերիկահայ համայնքին և աշխարհասփյուռ հայերին մեծ հույս է ներշնչում ապագայի հանդեպ, որ սա կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը մեր տարածաշրջանում, քանի որ իրերն իրենց անունով կոչելը, ճանաչելով իրականությունը, մենք հող ենք նախապատրաստում, ամուր հիմք ենք ստեղծում մեր տարածաշրջանի ապահով ապագայի համար: Ես հուսով եմ, ինչպես սկզբում ասացի,որ  Թուրքիան կճանաչի և կհաշտվի իր պատմության հետ՝ հիմք դնելով մեր տարածաշրջանում ավելի լավ ապագայի համար: Ա ամենը ինչ ուզում է հայ ժողովուրդը  խաղաղ ու ներդաշնակ ապրելն է իրենց հարևանների հետ, սակայն ճշմարտությունը, իրականությունը հնչեցնելը և ավելի լավ հիմքեր սահմանելն է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար:

Բեքի Անդերսոն․ Սրանով, պարոն դեսպան, մենք կավարտենք: Իսկապես շատ շնորհակալ ենք մեզ միանալու համար: Հանգստյան օրերին ԱՄՆ վարչակազմը իրապես պատմական հայտարարություն արեց:

Աղբյուրը՝ orakarg.com

Հաջորդիվ

Երևանում ԱՄԷ դեսպանություն․ Սննդի 260 ծանրոց է տրամադրել ՀՀ-ում սովորող մուսուլման ուսանողներին

230 Ռամադան ամսվա ամենամյա ծրագրի շրջանակներում Էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպությունը Երևանում ԱՄԷ դեսպանության միջոցով սննդի 260 ծանրոց է տրամադրել Հայաստանի Հանրապետության տարբեր համալսար աններում սովորող մուսուլման ուսանողներին՝ այդպիսով ամրապնդելով նվիրատվության […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds