Իշխանությունը ստեղծեց թշնամու կերպար և վախեր ժողովրդի մոտ՝ թշնամու կերպարի օգտագործմամբ կառավարելի հասարակություն ունենալու համար․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը «Կայծ» էլեկտրոնային պարբերականի հետ զրույցում խոսելով ներհայաստանյան քաղաքական խոսույթի մասին նշեց․

–Հայաստանում խոսքի ազատության անվան տակ իրացվում է բռնություն մարդու ազատ կամարտահայտման և տարբերվող կարծիքների նկատմամբ։ Ընդ որում՝ բռնությունը խոսքի ազատության նկատմամբ առավելապես կիրառվում է քաղաքացիների, քաղաքացիների անուններով «ֆեյքային» բանակների կողմից։

Եթե մտովի հիշենք, թե ինչպիսի ատելության խոսք էր տարածվում 2018 թվականից սկսած քաղաքական տարբերվող հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ, ապա ակնհայտ կդառնա, որ ատելության խոսքը, հայհոյանքը սահուն մտավ մեր քաղաքական խոսույթի մեջ։

Քաղաքական խոսույթի մեջ ատելության խոսքի ներմուծմանն օժանդակեց նաև իշխանությունների կողմից «ֆեյքային» բանակների ստեղծումն ու օգտագործումը սոցիալական հարթակներում։

Միաժամանակ պետք է փաստենք, որ իշխանությունների կողմից կիրառվող քաղաքական տեխնոլոգիան՝ «ստեղծել թշնամու կերպար և վախեր ժողովրդի մոտ՝ թշնամու կերպարի օգտագործմամբ», առավել արդյունավետությամբ կիրառվեց մինչև պատերազմի ավարտը։ Պատերազմի ավարտից հետո, երբ հասարակությունը հայտնվեց խորը հոգեբանական ցնցումների մեջ, իշխանությունների կողմից կիրառվող տեխնոլոգիան սկսեց տեղ–տեղ ճաքեր տալ, ընդդիմության և հակաիշխանական ձայները սկսեցին ավելի ու ավելի բարձր լսվել։

Կիրառվող տեխնոլոգիան նստվածք թողեց հասարակության հատկապես այն մասի մոտ, ովքեր չունենալով մասնագիտական գիտելիքներ տեղի ունեցող գործընթացների մասին, հեշտությամբ դարձել են մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառման օբյեկտ։ Հասարակության որոշ շերտերի մոտ հայհոյանքն ու չարախոսությունը դարձել են լեզվամտածողություն, ինչը բնականաբար բերելու է մտածողության դեգրադացիայի։ Իշխող ուժերի համար բոլոր ժամանակներում նախընտրելի են եղել կամազուրկ, արժեհամակարգ չունեցող, թերի կրթական մակարդակ ունեցող սերիալային քաղաքացիներ, որոնց իշխելն ու կառավարելը դյուրին է, քան արժեհամակարգ ունեցող, բարձր կրթական մակարդակ ունեցող, անկախ և վերլուծական մտածողություն ունեցող քաղաքացիներին։ Ուստի նոր իշխանությունները այդ իմաստով օգտագործեցին զանգվածային գիտակցության մանիպուլյացիայի հնարավորությունները հեշտ կառավարելի զանգված ուեննալու համար։

Իշխանությունների կողմից ատելության խոսքի խրախուսումը կամ տարածումը պատճառահետևանքային կապի սկզբունքով չէր կարող չունենալ հետևանքներ։ Այդ հետևանքները այսօր արտահայտվում են հենց այդ նույն իշխանությունների դեմ պայքարում։

Ժողովրդական լեզվով ասած՝ ինչ ցանվեց, այն էլ հնձվում է այսօր։ Միայն խնդիրը երկրի օրհասական վիճակն է, որի դեպքում պառակտված և բարոյական անկումի շեմին կանգնած հասարակությունը հնարավորություն չի կարողանում ստեղծել քաղաքական տուրբուլենտության հաղթահարման համար։

Հեղինակ

Խմբագրություն
Խմբագրություն
«ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականը ստեղծվել է ի պատիվ Վանում հիմնադրված Կայծ խմորատիպ թերթի, որի նպատակն էր Արմենական կազմակերպության գաղափարների տարածումը Վանում։
Այսօր «ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականի առաքելությունը ազգային գաղափարների տարածումն է, ինչպես նաև լրատվության ապահովումը։
Previous post <!--:hy-->Գլուխ երկրորդ։ Պատերազմի վարումը (Ցըզոչժան)․ (Սուն Ցըզի)<!--:-->
Next post <!--:hy-->Գարեգին Բաղէշճեան ( Մանուկեան) ( Վան` 1867 – Լոս Անճելըս՝ 1937 ). Արա Ահարոնեան <!--:-->