Գլուխ առաջին։ Հիմնական հաշվարկները (Սուն Ցըզի)

Սուն Ցըզին ասաց. պատերազմը պետության համար մեծ գործ է, կյանքի ու մահվան հարց է, գոյության կամ կործանման ուղի։ Այս հիմնական դրույթն անհրաժեշտ է հաստատուն իմանալ։[1] Ուստի պատերազմը վճռվում է հինգ գործոններով, նրան համեմատում են (յոթ) հաշվարկների հետ և որոշում են (հետևյալ) դրույթներով. առաջինը՝  Դաո (ուղի), երկրորդը՝ Տյան (երկինք), երրորդը՝ Դի (երկիր), չորրորդը՝ Ցըզյան (զորավար), հինգերորդը՝ Ֆա (օրենք)։

Ուղին՝ երբ ժողովրդի մտքերն ու տիրակալի մտքերը միանման են։ Այդ իսկ պատճառով ժողովուրդը պատրաստ է տիրակալի հետ մեռնել կամ ապրել, երբ ժողովուրդը չի վախենում հնարավոր վտանգից և վախ չգիտի։[2]

Երկինքը՝ լույսն ու խավարն է, ցուրտը և շոգը, ժամանակի հաջորդականությունն է։[3]

Երկիրը՝ հեռավորությունն ու մոտիկությունն է, անանցանելիությունն է ու անցանելիությունը, լայնն ու նեղը, մահն ու կյանքը։[4]

Զորավարը՝ քաջությունն է, մարդասիրությունն է, արդարությունն է, խստությունն է։

Օրենքը՝ զինվորական կարգ ու կանոնն ու կարգապահությունն է, զորքի ղեկավարումն ու մատակարարումը։

Այս հինգ կանոնները հայտնի են յուրաքանչյուր զորավարի, սակայն հաղթում է նա, ով յուրացրել է դրանք, ով չի յուրացրել, (նա) չի հաղթում։

Ուստի պատերազմը համեմատում են (յոթ) հաշվարկների (հետ) և որոշում (հետևյալ) դրույթներով. տիրակալներից նա, ով ճիշտ կորոշի Ուղին, Երկնքի ու Երկրի վիճակը, ով կատարում է կանոններն ու հրամանները, ով ավելի ուժեղ զորք ունի, ում մոտ հրամանատարներն ու ռազմիկները (շի և ցըզա) ավելի լավ են նախապատրաստված, ով արդարացիորեն պարգևատրում և պատժում է։

Այդ ամենով ես կիմանամ, թե ով հաղթանակ կտոնի և ով պարտություն կկրի։

Այն զորավարը, որը կկիրառի իմ հաշվարկները, հաստատուն կերպով յուրացնելով դրանք, անպայման կհաղթի, թող նա հրամայի զորքերին, (այն) զորահրամանատարը, որ չի հենվում իմ հաշվարկների վրա, չյուրացնելով դրանք, անպայման պարտություն կկրի, այդպիսի զորավարին պետք է հեռացնել։ Եթե զորավարը յուրացրել է հաշվարկները, հաշվի առնելով շահը, դրանք կկազմեն հզորություն, որը կարող է օգտագործվել և այս հաշվարկների սահմաններից դուրս։

Հզորությունը լինում է այն դեպքում, երբ հաշվի են առնում օգուտը և կիրառում են մարտավարությունը։

Պատերազմը խաբեության ուղին է։ Ուստի, եթե դու որևէ բան կարող ես անել, ցույց տուր, որ չես կարող։ Եթե օգտվում ես որևէ բանից, ցույց տուր, որ չես օգտվում, եթե հեռու ես գտնվում, ցույց տուր, որ մոտիկ ես, հակառակորդին հրապուրիր շահով, հակառակորդի մոտ խառնաշփոթ առաջացրու և հաղթիր նրան։ Եթե հակառակորդի մոտ ամեն ինչ առատ է, պատրաստ եղիր, եթե հակառակորդն ուժեղ է քեզանից, խուսափիր նրանից, եթե նա ենթակա է զայրույթի, նրան հավասարակշռությունից հանիր, խոնարհ տեսք ընդունելով, նրա մեջ ինքնավստահություն առաջացրու, թարմ ուժերը ուժասպառ արա, եթե հակառակորդի շրջանում համաձայնություն կա, անկարգություն մտցրու, հարձակվիր հակառակորդի վրա, երբ նա պատրաստված չէ, հայտնվիր այնտեղ, որտեղ նա քեզ չի սպասում։ Սակայն չի կարելի վաղօրոք մատնանշել որևէ եղանակ։

Ընդհանրապես, ով որ ճակատամարտից առաջ նախնական հաշվարկով հաղթանակում է, հաղթանակի ավելի մեծ հնարավորություններ ունի, ով մինչև ճակատամարտը նախնական հաշվարկով չի հաղթում, նա քիչ հնարավորություն ունի հաղթելու, առավել ևս չի հաղթում նա, ով որ չունի նախնական հաշվարկներ։ Այս հաշվի առնելով, ինձ համար հասկանալի են հաղթանակն ու պարտությունը։