Հունաստանի և Իսրայելի ռազմական համագործակցությունն անհանգստացնում է Թուրքիային․ Ermenihaber

Վերջին 1 տարում Արևելյան Միջերկրածովում թուրք-հունական լարվածության առավել սրացման ֆոնին Աթենքի կողմից այլ երկրների հետ զենքի գնման պայմանագրերը Թուրքիայում սկսել են առավել զգայուն ընդունել:

Թուրքական իշխանամերձ  «Sabah» թերթի կայքը  «Հունաստանի համագործակցությունը Իսրայելի հետ. նոր պայմանագիր ընդդեմ Թուրքիայի» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձ է կատարել Հունաստանի ու Իսրայելի միջև համաձայնեցված 1.68 մլրդ դոլարի ռազմական պայմանագրին՝ այն անվանելով սադրանք Աթենքի կողմից:

Պայմանագրի շրջանակներում Իսրայելը Հունաստանին կվաճառի 10 Mavi M-346 մակնիշի մարզական տասը ռազմական օդանավ, ինչպես նաեւ սիմուլյատորներ և կհատկացնի նյութատեխնիկական աջակցություն: Իսրայելի պաշտպանության էլեկտրոնային ‘’Elbit Systems’’ ընկերությունը Հունաստանում կհիմնի թռիչքների դպրոց, մարզելու համար Հունաստանի ռազմաօդային ուժերի օդաչուներին:

Ըստ թուրքական աղբյուրի՝ չնայած ոչ բարվոք տնտեսական վիճակին՝ Հունաստանը նախ Ֆրանսիայի, ապա Իսրայելի հետ կնքած ռազմական պայմանագրերով ցանկանում է իր ռազմաօդային և ռազմածովային ուժերի բալանսի բերել Թուրքականի հետ, քանի որ վերջին շրջանում բավականին հետ է մնացել: Նշվում է, որ հատկապես օդում Աթենքը ձգտում է միջոցներ ձեռք բերել վերջերս մի շարք հաջողություններ գրանցած թուրքական անօդաչուների դեմ պայքարելու համար:

Բացի դրանից, աղբյուրի տեղեկություններով Աթենքը Իսրայելից 39 մլն դոլարով 2 AV HERON ԱԹՍ կվարձակալի 3 տարի ժամկետով, որոնք արդեն 3 ամիս անց կտեղափոխվեն Հունաստանի Սկիրոս կղզում տեղակայված 135-րդ ավիաբազա:

Ըստ թուրքական մամուլի Հունաստանի քայլերը սադրում են իրավիճակը, քանի որ Թուրքիան բազմիցս հայտարարել է Հունաստանի հետ առկա խնդիրները լուծելու հարցում բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:

Նշենք նաև, որ բանակցությունների վերաբերյալ հայտարարություններին զուգընթաց Անկարան շարունակում է նավթագազային հորատումները Հունաստանի կողմից բացառիկ տնտեսական գոտի հայտարարված ջրային տարածքներում:

Աղբյուր`    Ermenihaber.am