ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՂԻՆԱԿՆԵՐ` Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ, Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՄԱՆ  ՀԱՐՑԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովրդի պատմության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Առաջին համաշխարհային պատերազմի տարիները: Սա մի պատմափուլ է, որն իր էությամբ մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի համար: Այս շրջանը լեցուն էր մարդկային և նյութական բազմապիսի կորուստներով, այնուամենայնիվ հայության  համար նշանավորվեց  պատմական մի փոքրիկ հատվածում անկախ պետականության վերականգնումով: Անկախ պետականության վերականգման ռահվիրաներ դարձան հայ կամավորական խմբերը, որոնց գործունեությունը մեծապես նպաստեց վերոհիշյալ գործընթացի իրականացմանը: Անցնելով երկարատև մարտական ուղի, հայ կամավորական ջոկատները  նախ վերածվեցին կանոնավոր զորամիավորման` Առանձին հայկական կորպուսի, ապա դարձան Հայաստանի Առաջին հանրապետության բանակի հիմքը:Այս շրջանում իրադարձությունների զարգացման գլխավոր դերակատարներից մեկը` ռուսական ռազմաքաղաքական էլիտան մեծ ազդեցությունն ունեցավ հայության ճակատագրի և ռազմաճակատում իրավիճակի հանգուցալուծման մեջ: Հայ կամավորական ջոկատները փառահեղ մասնակցություն ունեցան այս պատերազմում, քանզի որոշվելու էր մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, ժողովուրդ` որի մեջ մոլեգնում էր նախորդ տարիների կորուստներով ու ցավերով լի փոթորիկը, այս անգամ նույնպես մեծ հույսեր կապեց պատերազմի հետ՝ հույս ունենալով իրականացնել դարերի խորքից եկող և կարոտախտի նոտաներով ողողված անկախ պետականություն ձեռք բերելու բաղձալի երազանքը:

Իհարկե, պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ ռուսական կառավարությունն այս շարժման ձևավորմանը նպաստեց իր սեփական շահերի համար: Կամավորական ջոկատները կազմալուծվեցին, հայ ժողովուրդը չստացավ այն ինչի համար կռվում էր, և կրկին սկսեց մոլեգնել հիասթափության ալիքը:

Սույն հետազոտական աշխատանքը փորձ է լուսաբանելու Առաջին աշխարհամարտի կովկասյան ճակատի հայ կամավորական շարժման կազմավորման պատմագրությունը: Հետազոտության շրջանակներում անդրադառնալու ենք կամավորական շարժման պատմագրության զարգացման մտքին և աղբյուրներին:Պատմագրական վերլուծությունների օգնությամբ փորձելու ենք ցույց տալ տարբեր շրջաններում վերոհիշյալ թեմայի վերաբերյալ գրված աշխատությունների պատմագրական արժեքը: Հետազոտության շրջանակներում փորձելու ենք տալ կամավորական շարժման ձևավորման`տարբեր ժամանակաշրջանների ընկալումները: Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն զեկուցման մեջ նպատակ ենք հետապնդել ներկայացնելու խորհրդահայ և հետխորհրդային պատմագրության մեջ Առաջին աշխարհամարտի տարիներին հայ կամավորական շարժման սկզբնավորման հարցի ուսումնասիրության և լուսաբանման ընթացքն ու արդի վիճակը:  Փորձելու ենք հասկանալ, թե տարբեր ժամանակաշրջաններում հեղինակները ի՞նչ պայմաններում են գրել իրենց աշխատանքները, ինչպե՞ս և ին՞չ պայմաններում է ձևավորվել պատմագրական միտքը:

1.1. ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

     Առաջին աշխարհամարտը տարերային ալիք առաջացրեց ամբողջ աշխարհով: Պատերազմը նոր արհավիրքներ էր պատրաստել աշխարհի շատ ժողովուրդների համար: Այդ ժողովուրդներից անմասն չմնաց հայ ժողովուրդը, որը ծվարել էր թշնամի երկրների` Օսմանյան Թուրքիայի և ցարական Ռուսաստանի տարծքներում: Իհարկե, երկու տերությունների օրակարգերում զետեղված էր հպատակ ժողովուրդներին պատերազմումներքաշելու հարցը, քանզի երկու կողմերի համար էլ շահավետ էր լրացուցիչ ուժեր ունենալը: Ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որտեղ թուրքական կառավարությունը ջանում էր պատերազմի մեջ ներքաշել արևմտահայությանը, ապա նաև արևելահայությանը: Արևելահայերը ցարական Ռուսաստանում պետք է կազմակերպեին զինված շարժումներ՝ թուլացնելով ռուսական կողմի թիկունքը: Նույն կերպ մտածում էին ցարական կառավարության շրջանակները, որոնք էլ արևմտահայության միջոցով էին կազմակերպելու նմանօրինակ շարժումներ: Այս շրջանում հայ հասարակական-քաղաքական շրջանակաները քննարկումներ էին կազմակերպում կապված պատերազմի հետ:Հայկական հասարակական-քաղաքական շրջանակներն այս շրջանում երկու կողմերից էլ ստացել էին առաջարկներ, սակայն որոշում կայացնելն այդ պահին խիստ վտանգավոր էր:

Հայ կամավորական շարժման կազմակերպումը տեղի ունեցավ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում: Հայության հիմնական հատվածը գտնվում էր Օսմանյան տիրապետության տակ, և հայ-թուրքական լարված հարաբերությունների պայմաններում առաջիկայում սկսվելիք աշխարհամարտը նրահամար հղի էր ծանր հետևանքներով: Այդ պատճառով հայ ժողովրդի համար նախընտրելի էր պատերազմի հանդեպ չեզոք դիրք գրավելը և վերջինիս սկսվելու պարագայում հավատարիմ հպատակի պարտականություններ կատարելը: Բնավ պատահական չէ, որ հենց նման որոշում էր ընդունել 1914թ. հուլիսին Էրզրումում կայացած ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովը[1]:

Հետազոտության մեջ թիրախավորելով Հայ կամավորական շարժման ձևավորումը` պետք է նշենք, որ այն ոչ միանշանակ է ընկալվել, և լուսաբանվել հայ պատմաբանների կողմից: Խորհրդային և հետխորհրդային շրջանների պատմագրությունը այս խնդրի շուրջ բավական իրարամերժ տեսակետներ է ներկայացնում, որոնք համակողմանի լուսաբանման կարիք ունեն:

Պետք է նշենք, որ խորհրդային ժամանակաշրջանի պատմագրությունը զարգացման տարբեր փուլեր է ունեցել: Սկզբնական շրջանում ռեպրեսիաների և սուր գրաքննադատության ժամանակաշրջանում խորհրդային պատմագրությունը զարգացման հիմնական շեշտը դնում էր Վ. Լենինի և Ի. Ստալինի կողմից առաջ քաշված տեսակետների և դոգմաների վրա: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ պատմագիտությունը անկախ իր ցանկությունից սպասարկում էր պետության շահերը: Խրուշչովյան և նրան հաջորդող ժամանակաշրջանում, երբ գրաքննությունը մի փոքր նվազում է, խորհրդային պատմագրության մեջ նկատվում են որոշակի փոփոխություններ, որտեղփորձեր են կատարվել Լենինի և Ստալինի դոգմաներից անկախ ներկայացնել կամավորական շարժման պատմագրությունը:

Այս ժամանակաշրջանում հայ հասարակական-քաղաքական շրջանակներում ամենաազդեցիկկուսակցությունը Հ.Յ. Դաշնակցությունն էր: Կամավորական շարժման կազմավորման ժամանակաշրջանում այս կուսակցությունը ներկայացնում էր և՛ արևմտահայության, և՛ արևելահայության շահերը: Ուստի անդրադառնալու ենք նաև Հ.Յ.Դաշնակցության պատմագրությանը, քանզի թե՛ խորհրդային, և թե՛ հետխորհրդային ժամանակաշրջանների պատմագրության մեջ առաջացել են իրարամերժ կարծիքներ և դիտարկումներ:

Խորհրդային պատմագրության մեջ իր անգնահատելի ավանդն է թողել Լեոն` Առաքել Բաբախանյանը՝ ‹‹Անցյալից›› աշխատությամբ[2]: Աշխատությունը լույս է տեսել 1925 թ. Թիֆլիսում: Լինելով դեպքերի ժամանակակիցը՝ Լեոն նշում է, որ այդ ժամանակ, երբ վրա հասավ պատերազմի լուրը,նա գտնվում էր Դիլիջանում՝ հանգստանալու նպատակով: Մինչև Թիֆլիս մեկնելը Լեոն նկարագրում է տեղում տիրող իրավիճակը. ‹‹Յես ապրում եյի մոլորակների թաղում: Յեվ տեսնումեյի քանի՜-քանի՜ սայլեր, գերանդիներ, մանգաղներ անտեր մնացին, քանի՜-քանի՜ բակեր փակվեցին ու խցվեցին: Բաժանվելու րոպեն ե: Լաց ու համբույր, համբույրներ ու լաց: Վերջապես գնացողը ազատվում ե հարազատ գրկերից և ասում ե ‹‹Может вернусь››[3]: Ահա այս հուզական նոտաի վրա էլ Լեոն ստանում է հեռագիր և ուղևորվում Թիֆլիս: Պատերազմի մասին խոսելիս, Լեոն նշում է, որ ռուսական կողմը հայերի մասնակցությունը դարձրել էր առաջնային հարց: Ռուսական կառավարությունն արդեն իր կապերն էր հաստատել Հ.Յ. Դաշնակցության հետ, որպեսզի նրա միջոցով կարողանար այդ հարցը հեշտորեն լուծել: Դաշնակցականներն էլ ի դեմս կուսակցության արտաքին գոծերի վարիչ Զավրիևի, իր համաձայնությունն էր տվել Վորոնցով-Դաշկովին, որ կզբաղվի այդ հարցով, և իր բոլոր լծակները կօգտագործի շարժման ձևավորման համար: Ըստ Լեոի սկզբնական շրջանում պետք է ձևավորվեին 4 կամավորական խմբեր: Ռուսական կողմն իր հերթին խոստացել էր, որ աքսորից կվերադարձնի և բանտերից կազատի մի շարք դաշնակցական գործիչների[4]:

Այս ամենը նշելով՝ Լեոն ընդգծում է Էրզրումի ընդհանուր ժողովի կարևորագույն որոշումը, որ դաշնակցականները մերժել էին երիտթուրքերի առաջարկը՝ հակառուսական ճակատ ստեղծելու վերաբերյալ: Լեոն փաստում է, որ այդ որոշումը մնաց թղթի վրա: Այստեղ հարցի հանգուցալուծման մեջ վճռական ազդեցություն են ունեցել Կ. Պոլսի կոմիտեն և Կովկասի Արևելյան Բյուրոն: Եվ ահա այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք Դաշնակցությունը չեզոք մնաց այս հարցում: Հարցին հանգամանորեն պատասխան է տալիս Լեոն, և նշում է, որ Դաշնակցականները չեզոք չմնացին, այլ միացան ռուսներին և նրանց տվեցին այն, ինչը մերժել էին թուրքերին: Այսինքն կարող ենք փաստել, որ Դաշնակցությունը հավատարիմ չի մնացել Էրզրումի ընդհանուր ժողովի որոշումներին, և իր համաձայնությունն է տվել ռուսական կողմին պատերազմի մասնակցության հարցում[5]: Դաշնակցությունը հիմնովին լծվեց կամավորական շարժում կազմակերպելու գործին, որին կտրականապես բացասաբար է արտահայտվում Լեոն: Նա նշում է, որ քառորդդար հայդուկային դաստիարակությամբ, հանդգնությամբ, բայց սին ու երազական քայլերով հանդես եկավ Դաշնակցությունը, որն իրավմամբ ոչինչ չտվեց հայությանը, բացի ծանր կորուստներից:Ըստ Լեոյի՝ երկրում իրավիճակն այնպիսին էր, որ ժողովուրդը չէր ցանկանում պատերազմել, իսկ դաշնակցականների որոշումը կայացվել է բացառապես ժողովրդի կամքին հակառակ[6]:

Փաստորեն, կամավորական շարժումն ըստ Լեոյի կազմավորվել է առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Այս հարցի հետ կապված իրարամերժ կարծիքներ են առաջացել: Ոմանք կարծում են, որ Դաշնակցությունը որևէ կապ չի ունեցել,քանի որ ժողովրդի մեջ տարերայնորեն պատերազմին նախապատրաստվելու ու մասնակցելու քայլեր էին կատարվում, ոմանք էլ կարծում են, որ հենց դաշնակցականների մեղավորությունն է շարժման ձևավորումը: Մեղադրելով Դաշնակցությանը՝ Լեոն նշում է, որ հազարավոր կորուստները Դաշնակցության քայլերի արդյունքն էին: Շարունակելով մեղադրել դաշնակցականներին՝ Լեոն ավելացնում է.‹‹Յեթե չլիներ 1914-ի ամառը Հ. Հ. Դաշնակցություն, կամ նրա նման մի այլ ֆիդայական հիմնարկություն, կարո՞ղ էր առաջանալ հայկական առանձին կամավորական շարժում: – Յերբե՛ք››: Շարունակելով միտքը՝ Լեոն հավելում է, որ Դաշնակցականները ցուցաբերեցին երկդիմի կեցվածք՝ համամարդկային-սոցիալիստական, և դաժան ազգայնական ռազմատենչ կեցվածք[7]:

Լեոն նշում է նաև Դաշնակցության ցուցամոլ կեցվածքը, ասելով՝ թե Դաշնակցության ‹‹Հորիզոն›› թերթն ամեն կիրակի տպագրում էր կամավորների վերաբերյալ տվյալներ, որոնք պատմում էին կամավորական խմբերի թվաքանակի և  սպառազինության մասին: Ըստ Լեոյի՝ այս թերթերն ընկնում էին թուրք գործակալների ձեռքը, և նրանք զեկուցում էին իրենց գլխավոր շտաբ: Սա իհարկե, իր ազդեցությունն էր ունենում թուրքերի այն թշնամանքի մեծացման վրա, որը տածվում էր արևմտահայության նկատմամբ[8]: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Դաշնակցության կողմից տեղեկատվության արտահաոսք է եղել: Բայց կարելի է ենթադրել, որ նրանք չեն գիտակցել նման հայտարարությունների հետևանքը: Չնայած,  լինելով տիրապետող քաղաքական ուժ՝ պարտավոր էին հետևողականորեն վերաբերվել այդ հարցերին:

Վերլուծելով Լեոյի տեսակետը դաշնակցականների նկատմամբ՝ կարող ենք նշել, որ հենց Դաշնակցությունը անպաշտպան հայությանը դեմ հանեց մի արհավիրքի առաջ, որի անունը Օսմանյան Թուրքիա էր: Այս առիթով Լեոն նշում է.‹‹Ավելի մեծ անտաքտություն Դաշնակցությունն իր կյանքում չէր արել: Վոչինչ բան այնքան չկատաղեցրեց յերիտասարդ թյուրքերին, վորքան այն հանգամանքը, վոր թյուրքական պառլամենտի անդամն անցնում է Թյուրքիայի դարավոր վոխերիմ թշնամու կողմը՝ Թյուրքիայի դեմ կռվելու համար››[9]: Խոսքը գնում է Արմեն Գարոյի մասին: Իհարկե, վերլուծելով այս ամենը, կարող ենք ասել, որ Դաշնակցությունը հաշվի չէր առել այն հանգամանքը, որ Գարեգին Փաստրմաճյանը թուրքական պառլամենտի պատգամավոր էր, և նրա անցումը Կովկաս բնականաբար արյունալի հետևանքներ էր ունենալու: Սա թուրքերի կողմից դիտվելու էր որպես պետական դավաճանություն: Ընդհանրացնելով Լեոյի աշխատության պատմագիտական արժեքը՝ պետք է նշենք, որ կամավորական շարժման կազմակերպումը չարիք հանդիսացավ հայության համար: Պարզապես խափվելով ռուսական խոստումներին՝ հայությունը կրեց չափազանց մեծ կորուստներ:

Խորհրդային պատմագրության մեջ թեմայի վերաբերյալ արժեքավոր ժառանգություն է թողել Արտաշես Կարինյանը իր ‹‹Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը››[10] աշխատության մեջ: Հեղինակի աշխատությունն աչքի է ընկնում իր քննադատական ուղղվածությամբ: Աշխատության սկզբում ակնհայտ է դառնում, որ հեղինակը պաշտպանում է պրոլետարիատին և մարքսիստական գաղափարախոսությանը՝սուր քննադատության ենթարկելով իմպերիալիզմին և բուրժուազիան: Խոսելով պատերազմի, և առաջին հերթին կամավորական շարժման կազմավորման մասին՝ հեղինակը փորձում էմերկացնել իմպերիալիզմը, այդ թվում հայկական բուրժուազիային, նրա մասը կազմող կուսակցություններին՝ ի դեմս Դաշնակցությանը: Նա մեղադրում է Դաշնակցությանը այն հարցում, որ նրանք իրենց անիրատեսական և անհեռատես քայլերով փորձել են հասնել նյութական նվաճումների՝ հաշվի չառնելով արևմտահայության կարծիքը: Ա. Կարինյանը նշում է.‹‹Ի վերջո ազգային այն ‹‹բյուրոն››, վոր պատերազմի օրերին կազմակերպվել եր Թիֆլիսում և որը փաստորեն ղեկավարել և կամավորական շարժումը  բանակցություններ ե վարել ցարական և իմպերիալիստական դիվանագետների հետ, փաստորեն յեղել ե հայ բուրժուազիայի ռազմական կազմակերպություն՝ Դաշնակցության հրահանգներին հետեվող մի մարմին››[11]: Այստեղից հետևում է, որ հայ կամավորական շարժումը կազմակերպել է Դաշնակցությունը և իր մասը կազմող Ազգային Բյուրոն: Հեղինակը անդրադարձ է կատարում արևմտահայ և արևելահայ հասարակական-քաղաքական գործիչների և մտավորականների միջև եղած անհամաձայնությանը, որտեղ արևմտահայությունը կտրականապես դեմ է արտահայտվել կամավորական շարժում կազմակերպելու հարցում: Այստեղ ընդգծվում է, որ շատ գործիչներ ռուսական սին խուստումները որպես իրականություն ընդունելուց բացի, նաև հանդես են եկել արևտահայաստանը գրավելու կարևորության մասին՝ նշելով նրա օգտակար հանածոների, ընդերքի հարստության հանգամանքը: Խոսքը գնում է նավթի, և այլ հարստությունների մասին: Վերջինիս վերաբերյալ իր ‹‹Թուրքահայ հարցին›› նվիրված գրքույկում անդրադարձել է Գրիգոր Արծրունին[12]: Այս հարստությունները բնականաբար դառնալու էին ռուսական կառավարության հետաքրքրությունների գոտին: Ա. Կարինյանը ընդգծում է այն փաստը, որ Դաշնակցությունն իր գործունեությունը ծավալել է առանց արևմտահայության կարծիքը հաշվի առնելու: Հեղինակը նշում է, որ. ‹‹Նա(Դաշնակցությունը, Տ.Գ.) միշտ ել գործել ե անկախ տաճկահայ աշխատավորությունից յեվ միշտ ղեկավարել ե բագվեցի յեվ Թիֆլիսեցի յեվ արտասահմանյան ուրիշ բուրժուաների տեսակետներով››[13]: Քանի որ աշխատությունը գրվել է խորհրդային շրջանում, որտեղ գրաքննությունը մեծ էր, ակամայից պարզ է դառնում այն հանգամանքը, որ աշխատության հեղինակը սուր պայքար է մղել իմպերիալիզմի, բուրժուազիայի և նրա բոլոր ներկայացուցիչների դեմ: Բնական է, որ հեղինակը հանդես է գալիս մարքսիստական գաղափարախոսության դիրքերից` պաշտպանելով վերջինիս շահերը, չնայած, որ աշխատության մեջ շատ դրվագներ մոտ են իրականությանը:

Խորհրդային պատմագրության մեջ կամավորական շարժման ձևավորման լուսաբանման մեջ աչքի է ընկնում նաև Ջոն Կիրակոսյանը՝‹‹Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը››[14] աշխատությամբ, որի աշխատության պատմագիտական արժեքը բարձր է գնահատվել ինչպես խորհրդային պատմագիտության, այնպես էլ հետխորհրդային պատմագիտության մեջ: Սակայն հենվելով ակադեմիական անաչառության վրա՝ պետք է նշենք, որ Ջոն Կիրակոսյանը եղել  է ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար 1975-1985թթ., և այս հանգամանքը նրա աշխատության վրա էական ազդեցություն է ունեցել: Եվ պատմագիտական տեսանկյունից պետք է հաշվի առնել նրա քաղաքական ուղղվածությունը, քանզի նրա աշխատության մեջ ընդգծված է քաղաքական այս կամ այն ուղվածությունների շահերը որոշ չափով սպասարկելու հանգամանքը:

Ջ. Կիրակոսյանը, անդրադառնալով կամավորական շարժման կազմավորման ժամանակաշրջանին, նշում է, որ հայության մոտ առաջացել էր այն մտայնությունը, որ իրենց միակ հույսը ցարական Ռուսաստանն է: Նա առաջ է բերում սոցիալիստների և բոլշևիկների դիրքորոշումը, և նշում որ.‹‹նրանք հանդես էին գալիս հայ աշխատավոր ժողովրդի շահերի պաշտպանությամբ, մերկացնում եվրոպական դիվանագիտության և ցարիզմի ծրագրերը Հայաստանի նկատմամբ››[15]:

Առանձին դրվագներում նա նշում է բոլշևիկների դիրքորոշումը, որտեղ ասվում է թե.‹‹Բոլշևիները գտնում էին, որ պետք է հաշվի առնվի ուժերի փոխհարաբերությունը, ազատագրական շարժման հաջողության իրական նախադրյալները, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը միավորել Ռուսաստանում բանվոր դասակարգի, բոլոր աշխատավորների սոցիալական ազատագրության համար մղված պայքարի հետ, ստեղծել բոլոր ճնշված ժողովուրդների միասնական ճակատ՝ընդդեմ սոցիալական հարստահարման և ազգային ճնշման››[16]: Հատկանշականն այն է, որ այստեղ հստակ կերպով նշվում է, թե հայության ազատագրման գործը կհաջողվի այն ժամանակ,  երբ կվերանան ցարիզմն ու օսմանյան սուլթանը: Բայց արդյո՞ք սա իրատեսական էր: Մեծ հաշվով, այո՛, իրատեսական էր: Սակայն այստեղ նկատվում է որոշակի քաղաքական ագիտացիա: Մասնավորապես վերոհիշյալից հանգել ենք այն եզրակացության, որ այսպիսի հայտարարություններն ուղղված էին բոլշևիկների շրջանակներն ընդլայնելուն, որպեսզի կարողանային հետագայում կատարել իրենց հեղափոխությունները: Իսկ այդպիսի շարժումը ներկա իրավիճակում ծառայելու էր միայն բոլշևիկների շահերին, և դժվար է ասել, թե հայությունը որևէ բան կշահեր այդ ամենից:

Շմավոն Հարությունյանը իր աշխատության մեջ պաշտպանում է Ջ. Կիրակոսյանի այն տեսակետը, որ իմպերիալիստական պատերազմի մեջ մեղավոր էին բոլորը, մասնավորապես այդ պատերազմի ջատագովներից մեկը՝ Դաշնակցությունը, որտեղ նա նշում էր կամավորական շարժման բացասական ազդեցության մասին[17]:

Խորհրդային պատմագիտության զարգացման տեսանկյունից մեծ ավանդ է թողել Շմավոն Հարությունյանը, ով փորձել է իմի բերել Խորհրդային միության պատմագրության զարգացման ընթացքըև իր ‹‹Պատմագիտության զարգացումը խորհրդային Հայաստանում››[18]աշխատության մեջ անդրադարձել է իրեն նախորդած պատմաբանների աշխատություններին, հանգամանորեն ներկայացրել և վերլուծություններ է կատարել կամավորական շարժման ձևավորման վերաբերյալ:

Ըստ նրա Ծատուր Աղայանի ‹‹Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից›› աշխատության մեջ Դաշնակցության գործունեությունը բացասական և անհեռատեսական քայլ է ընկալվում, և նա դատապարտում է դաշնակցության գործունեությունըև առաջ բերում այս տեսակետը. ‹‹Պարզ է,-գրում է նա,-որ դաշնակցականների այդ դիրքը ապակողմնորոշում էր հայ աշխատավորական զանգվածներին, նրանց մեջ սխալ պատրանք ստեղծում, նրանց նվիրական հույսերը կապում անտանտին, իմպերիալիստական հաղթանակների հետ, որն իրականում այնքան չարիք ու ողբերգություններ բերեց հայ ժողովրդին››[19]:

Ըստ Հարությունյանի 1920-1930թթ. Լեոյի, Կարինյանի, Բորյանի և ուրիշների կողմից հայկական կամավորական շարժմանը տրվել է խիստ բացասական գնահատական, քանզի այդ շարժումը նա որակում էր, որ բացարձակապես կապված էր Դաշնակցության գործունեության հետ, և նրա կողմից այն դիտվում էր սոսկ դաշնակցական արկածախնդրություն[20]:

Շ. Հարությունյանը, վերլուծելով Պարսամյանի ‹‹Հայոց Պատմություն›› աշխատությունը, առաջ է քաշում այն տեսակետը, որ Դաշնակցությունը, կուլ գնալով ցարական Ռուսաստանին, կղերաբուրժուական սխալ քայլերով ստեղծում է հայ կամավորական խմբեր, սակայն Պարսամյանը, հակասելով իրեն, որը շատ լավ նկատում է Հարությունյանը, բարձր էր գնահատում կամավորական խմբերի սխրագործությունները[21]: Չնայած, որ հայ կամավորական ջոկատները պատերազմի ընթացքում մի շարք վճռական ճակատամարտերի ելքեր են վճռել:

Հարությունյանն իմի բերելով Մ. Արզումանյանի մենագրությունը՝ նշում է, որ նա խստորեն քննադատում էր դաշնակցությանը, որը ցարական կառավարության աջակցությամբ ձեռնամուխ էր եղել կամավորական ջոկատների կազմակերպմանը: Նա գրում է, որ կամավորական խմբերի կազմակերպումը կատարվեց ոչ թե ցարական իշխանությունների սոսկ հավանությամբ, այլ ուղղակի նրանց ցուցումով[22]:

Խորհրդահայ պատմագրության հաջորդ ներկայացուցիչը Ծատուր Աղայանն է՝ իր ‹‹Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից››[23] աշխատությամբ: Այստեղ կամավորական շարժման ձևավորմանն անդրադառնալիս Աղայանը ներկայացրել է Անդրանիկի գործունեության այն շրջանը, երբ շարժումը գտնվում էր սաղմնային փուլում: Աղայանը նշում է, որ Անդրանիկը հաշվի չէր առել քաղաքական հարցերի նրբությունները: Վերջինս ոգևորված էր հայրենիքի ազատագրությամբ, և, այսպես ասած, մոլորության մեջ էր ընկել: Նա նշում էր, որ ինչպես Անդրանիկը, այնպես էր  մի շարք գործիչներ, հայրենիքի ազատագրումը կապում էին ռուսական կողմի հաղթանակի հետ: Այս հարցի շուրջ Աղայանը դիպուկ մեջբերում է կատարում Ի. Ստալինի‹‹Թուրքահայստանի մասին›› հոդվածից, որտեղ ասվում է.‹‹Հայաստանի զավակները, իրենց հայրենիքի հերոս պաշտպանները, բայց բնավ ոչհեռատես քաղաքագետները, որոնք շատ անգամ են խաբվել իմպերիալիստական դիվանագիտությանգիշատիչների կողմից, չեն կարող այժմ չտեսնել, որ դիվանագիտական կոմբինացիաների հին ուղին Հայաստանի ազատագրության ուղին չէ››[24]:

Աղայանը նշում է, որ պայքարի ընտրած այդպիսի ուղին չէր տանելու հաջողության: Պարզապես, հայությունը կուրորեն հավատաց ռուսական խոստումներին և մասնակցեց պատերազմին:

Խոսելով դաշնակցականների մասինէ նա նշում է, որ դաշնակցականների Էրզրումի համագումարը որոշեց չեզոք դիրք բռնել, իսկ Կ. Պոլսի կոմիտեն և Արևելյան Բյուրոն այդ որոշումը փոխեցին հօգուտ ռուսական ցարիզմի հետ դաշնակցելու: Ցարական կառավարությունն իր հերթին երախտահատույց է լինում, և աքսորից վերադարձնում է 1912թ. դատապարտված դաշնակ գործիչներին[25]:

Փաստորեն հեղինակն իր խոսքում մեղադրում է ոչ թե կուսակցությանը, այլ Կ.Պոլսի կոմիտեին և արևելյան բյուրոյին:

Աղայանն անդրադառնում է նաև հայ մամուլին՝ նշելով նրանց կռվի կոչերը: Այսինքն եղել են շրջանակներ,որոնք, հարելով որևէ կուսակցության, բնականաբար իրենց պարբերականներում արտահայտել են տվյալ կուսակցությունների շահերը: Աղայանը անդրադառնում է մարքսիստ-սպեցիֆիկներին, որոնց գաղափարները զետեղվում էին ‹‹Հորիզոնի›› էջերում: Պատերազմին կողմնակից էին նաև ռամկավարները և սպեցիֆիկները:

Աղայանի մոտեցումը փոքր-ինչ այլ դիրք է գրավում հնչակյանների հարցում: Նրանք սկզբում պատերազմը երկու կողմից էլ համարեցին անարդարացի, երկկողմանի սուր, որը չարիք էր բերում աշխատավոր մարդկանց[26]:

Աղայանի մյուս՝ ‹‹Անդրանիկ››[27] աշխատության մեջ շատ դրվագներ կրկնվում են նախորդ գրքից: Այստեղ հիմնականում նշվում է զորավարի անցած ուղին, բայց նաև կարևոր դիտարկումներ են կատարվում կապված կամավորական շարժման ձևավորման հետ: Հեղինակը նշում է, որ մինչ ռուսական կողմին հարելը, հայության մեջ թուրքական կողմից փորձեր էին կատարվում պատերազմի մեջ ներքաշելու համար՝մեծամեծ խոստումներ շռայլելով: Հետո կրկին անդրադառնում է հայ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումներին: Համեմատելով նախորդ աշխատության հետ՝ պետք է նշել, որ այստեղ հեղինակն անդրադառնում է Դաշնակցությանը, և նշում էր, որ.‹‹Դաշնակցությունը պաշտպանում էր Անտանտի իմպերիալիստներին և դատապարտում էր Գերմանիային: Նա Հայաստանի փրկությունը տեսնում էր Անտանտի հաղթանակի մեջ և բոլոր հնարավոր միջոցներով նպաստում էր դրան››[28]: Այնուհետև անդրադառնում է դաշնակցականների գործունեությանը, որտեղ նկարագրում է դաշնակ գործիչների համագործակցության դրվագները, հատկապես կամավորական շարժում ձևավորելու պատրաստակամություն հայտնելու դրվագները: Նա նշում էր, որ դաշնակցականներն այդ գործելակերպով ընդառաջ էին գնում երիտթուրքերի արյունոտ ծրագրի իրականացմանը: Հեղինակը, պաշտպանելով բոլշևիկներին, նշում է, որ նրանք մերկացրին հայ ազգայնականների նման գործելակերպը, և նշում էր, որ այդպիսի գործունեությունը կորուստներ բերեց հայությանը[29]:

Խորհրդային պատմագրության մեջ արժեքավոր ժառանգություն է թողել Մակիչ Արզումանյանն իր ‹‹Հայաստանը 1914-1917թթ.››[30] աշխատությամբ: Պետք է նշենք, որ նրա հիմնական թիրախը Դաշնակցությունն ու հայ բուրժուազիան է եղել: Մ. Արզումանյանն իր աշխատության մեջ փորձում է հանգամանալից ներկայացնել Դաշնակցության և հայ բուրժուազիայի վերաբուրմունքն ու պատկերացումները պատերազմի և կամավորական շարժման վերաբերյալ: Աշխատության մեջ հեղինակը նշում է. ‹‹հայ բուրժուազիայի հարազատ զավակ Դաշնակցություն կուսակցությունը իր օրգանում ազդարարում էր, որ ապագան եռյակ համաձայնությունն է, և կոչ էր անում հայ ժողովրդին ջանք չխնայել անտատի հաղթանակն ապահովելու համար››[31]:

Անդրադառնալով հայ ժողովրդին ուղղված ‹‹Մշակ›› թերթի կոչին՝հեղինակը մեջբերում է հետևյալ տողերը. ‹‹Այսօր հայ ժողովուրդը ամբողջովին կոչված է աջակցել Ռուսաստանին նրա այդ մեծ և պատմական միսիայի մեջ: Իսկ աջակցելու համար անհրաժեշտ է մի բան՝ ընդհանուր միաբանություն, համերաշխություն, հրաժարումը բոլոր կուսակցական հակառակություններից և անջատումներից, այսօր այլևս չպետք է լինեն ո՛չ մշակական, ո՛չ դաշնակցական, ո՛չ հնչակյան, ո՛չ սոցիալ-դեմոկրատ հայկական հատվածներ, այսօր այլևս պայքար չպետք է մղվի այդ կուսակցությունների և հոսանքների միջև, մինչև այսօր ամենքը պետք է զգանիրենց հայության զավակներ, եղբայրներ, որոնց պարտքն է մտածել, հոգալ իրենց թշվառ թուրքահայ եղբայրակիցների ազատագրության համար››[32]: Այստեղից հետևում է, որ հայ բուրժուազիայի մամուլը հանձինս Դաշնակցության՝ կոչ էր անում հայ ժողովրդին ապագա պատերազմին մասնակցել, հետևաբար նկատելի է դառնում, որ ըստ Արզումանյանի տեսակետի, կամավորական շարժման ձևավորումն ինքնաբուխ չի եղել:

Մ. Արզումանյանը բացի Դաշնակցությունից, բացասաբար է վերաբերվում և թիրախավորում է սպեցիֆիկներին, որոնց քայլերը համարում էր անհեռանկարային: Նա նշում էր. ‹‹Սպեցիֆիկների լիդեր Դավիթ Անանունը հայերին կոչ էր անում պաշտպանել ցարական հայրենիքը, լցվել կամավորական շարժմամբ և հասնել հաղթանակի պատերազմի մեջ: Նա շատ էր մտահոգվում, որ հայերի ‹‹հավաքական›› ազգային ոգին խարխլվում է սոցիալական հասարակություններով››[33]: Այսպիսով, Մ. Արզումանյանը նշում է, որ հայ բուրժուազիան և նրա մեջ գործող մանր բուրժուական կուսակցությունները, նացիոնալիստական հոսանքները սկսեցին քայլեր ձեռնարկել իմպերիալիստական պատերազմ մղող երկրների հետ միանալուն, և նրանց ավանտյուրիստական գործունեությանը տենդագին առաջընթաց տալուն: Այնուհետև իր աշխատության մեջ Մ. Արզումանյանը Դաշնակցությանը և մյուս կուսակցություններին համարում է միամիտներ, որոնք կուլ գնացին ռուսական սին խոստումներին և խարդախություններին:

Կամավորական շարժման ձևավորման պատմագրության մեջ ՀԽՍՀ ԳԱԱ կողմից լույս տեսած ‹‹Հայ ժողովրդի պատմություն››[34] աշխատության 6-րդ հատորում մենք նկատել ենք գրաքննադատության ազդեցության նվազում, որտեղ փորձ է արվել կամավորական շարժման ձևավորումը ներկայացնել այլ կերպ: Այստեղ նշվում է, որ կամավորական շարժման մեջ մեծ դերակատարում է ունեցել ռուսական կառավարությունը, որը հայերին խոսք էր տալիս, որ եթե միանան իրենց և ձևավորեն կամավորական ջոկատներ, ապա ապագայում ազատագրվելիք Արևմտյան Հայաստանում հայերին կընձեռվեր ինքնավարության իրավունք[35]:

Աշխատության մեջ նշվում է, որ կամավորական շարժման ձևավորման գործում մեծ դերակատարում է ունեցել նաև Ազգային Բյուրոն, որը պետք է վերջնականապես ռուսական կառավարությանը տար պատասխան, արդյո՞ք հայերը կսկսեն կամավորական շարժում[36]:

Այս աշխատության մեջ փորձեր են արվել նաև պաշտպանել մարքսիստների տեսակետը, որոնք դեմ էին պատերազմական գործողություններին և առհասարակ կամավորական շարժմանը: Ինչ վերաբերում է հայ քաղաքական մի շարք կուսակցություններին, ի դեմս Դաշնակցության, նրանք կոչ էին անում մասնակցել պատերազմին: Մեջբերելով Դաշնակցության օրգան ‹‹Հորիզոնի››՝ ‹‹Մենք էլ լարենք մեր ուժերը›› խմբագրական հոդվածը` ասվում էր, որ. ‹‹Ժամանակը չէ՞, որ մենք էլ հետևենք ուժեղների օրինակին և ընդհանուր սպառազինման դիմելով` համախմբենք գործի ընդունակ բոլոր տարրերին, առանց դասակարգային խտրականության››[37]:

Այսպիսով, այս աշխատության մեջ նկատում ենք որոշակի բևեռացում, որտեղ մի կողմից առաջ է քաշվում ռուսական կողմի մեղավորությունը, մյուս կողմից էլ հայ քաղաքական կուսակցություննեի մեղավորությունը, որտեղպաշտպանվում են մարքսիստների շահերը:

Խորհրդային պատմագրության հաջորդ ներկայացուցիչը Ա. Համբարյանն է, ով հայ պատմագրության մեջ նույնպես թողել է գիտական ժառանգություն՝ կապված մեր թեմայի հետ՝ ‹‹Հայ հասարակական քաղաքական միտքը արևմտահայության ազատագրության ուղիների մասին››[38] աշխատության մեջ: Աշխատությունն արժևորվում է այն հատկությամբ, որ այստեղ փորձ է կատարվել դիտարկել արևմտահայերի և արևելահայերի վերաբերմունքը կամավորական շարժում կազմավորելու հարցում:Աշխատության մեջ նկատվում է այն հանգամանքը, որ արևմտահայերը բացասաբար էին վերաբերվում կամավորական շարժման կազմավորմանը և կոչ էին անում իրենց արևելահայ եղբայրներին անխոհեմ քայլերի չդիմել և չվտանգել արևմտահայերի կյանքը: Դրա մասին վկայում է Կ. Պոլսի պատրիարք Զավեն արքեպիսկոպոսի հուշագրությունը, որտեղ նա արտահայտում է հետևյալ կարծիքը՝ նամակ հղելով Թիֆլիսում ապրող եղբայրներին. ‹‹1914թ. հուլիս- օգոստոս ամիսներում տոքթ Ն. Տաղավարյան… Թիֆլիս գնաց իմ հրահանգովս ու հոն տեսակցություններ ունեցավ հայ մտավորական ու խելահաս անձանց հետ, խնդրելով, որ մեծ զգուշությամբ շարժին, վասն զի իրենց թրքահայ եղբայրներուն կյանքը կրնա վտանգվիլ անխորհուրդ ձեռնարկներով ու ավելորդ ցույցերով: Տոքթ Տաղավարյանը ամսե մը դարձավ բոլորովին հուսահատ, վասն զի հորդորները ոչ մեկ արդյունք ունեցած էին և ռուսահայոց մտայնությունը բոլորովին տարբեր կթվեր››[39]: Այս նամակից ակնհայտ է դառնում, որ արևմտահայերի և արևելահայերի միջև չի եղել ընդհանուր կոնսենսուս կամավորական շարժումը կազմավորելու վերաբերյալ: Արևելահայությունն, ի դեմս իր ռազմաքաղաքական շրջանակների, հաշվի չի առելԱրևմտյան Հայաստանում տիրող իրավիճակը, և տեղի մտավորականության ու բնակչության ցանկությունները: Այլ կերպ ասած՝ շարժումը կազմավորվել է առանց նրանց կարծիքը հաշվի առնելու:

Աշխատության մեջ Համբարյանը փորձել է նաև ներկայացնել հայ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը կամավորական շարժում կազմավորելու վերաբերյալ: Այսպիսով, ըստ նրա 1914թ. հուլիսին Էրզրումում գումարված Հ.Յ.Դ. 8-րդ ընդհանուր ժողովը վճռում է մնալ հավատարիմ հպատակի դերում, և պահել չեզոքություն: Համբարյանն անդրադառնում է հնչակյաններին, որոնք թերևս դեմ էին կամավորական շարժմանը և ամեն ինչ անում էին, որպեսզի բարեկամություն հաստատվի թուրք և հայ ժողովրդի միջև, սակայն նրանց կատարած անհեռատես և անլեգալ քայլերը բացահայտվում է թուրքերի կողմից և որակվում որպես հայրենիքի դավաճանություն: Հնչակյանները սկսում են երկրում տեռոր իրականացնել և ապստամբություններ կազմակերպել՝ ձևավորելով նաև զինված խմբեր: Հայ Սահմանադրական Ռամկավար կուսակցությունը պաշտպանեց օսմանյան հայրենիքի պաշտպանության տեսակետը և կոչ արեց հայերին կատարել իրենց զինվորական պարտքը հօգուտ օսմանյան պետության. նրանք դեմ են եղել կամավորական շարժմանը[40]: Այսպիսով՝ պետք է նշել, որ կամավորական շարժման ձևավորումը հեղինակի կողմից ներկայացվում է որպես ոչ միասնական որոշում:

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ                      ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Հետխորհրդային շրջանում, գիտական աշխարհում բավականին փոփոխություններ են տեղի ունենում: Ամենակարևոր փոփոխությունն այն էր, որ խորհրդային շրջանում տիրող գրաքննությունն ու նմանատիպ դոգմաները կարելի է ասել մեծ չափով վերացել էին: Սա որոշակի ազատություն տվեց գիտնականներին, որոնց մեծ մասը սկսեց ազատորեն կատարել հետազոտություններ և դրանք հրապարակել:

Հետխորհրդային շրջանի պատմագրության մեջ մեր թեմայի շրջանակներում արժանահիշատակ է Հրաչիկ Սիմոնյանի ‹‹Անդրանիկի ժամանակը››[41] աշխատությունը: Այստեղ պետք է նշել, որ կամավորական շարժման կազմավորման կոնտեքստում Սիմոնյանը նույնպես կատարում է իր դիտարկումները: Հեղինակը նշում է, որ հայ ժողովուրդը համարյա ոչինչ անել չէր կարող: Հայությունը հազիվ թե կարողանար խուսափել ու փրկվել կործանիչ պատերազմի արհավիրքներից: Հեղինակը, ռեալ գնահատելով հայության ներուժը, նշում է, որ դժվար թե կարողանար դիմագրավել այդպիսի ծանր հարվածին: Ըստ նրա հայության ճակատագիրը հանձնված էր բախտի քմահաճույքին: Շատ ռեալ է նկարագրվում արտաքին քաղաքական իրավիճակը, այստեղ հեղինակը նշում է, որ հայ ժողովուրդը չուներ գոնե մեկ անկեղծ բարեկամ, իսկ հարևաններն էլ նախանձով էին լցված հայ ժողովրդի հանդեպ[42]:

Կամավորական շարժման կազմավորման գործընթացում որպես կազմակերպիչ ուժ, հեղինակը ներկայացնում է Ազգային Բյուրոյին: Չնայած իշխանությունները նրան չէին ճանաչել, սակայն ազդեցությունը մեծ էր, և բոլորն էլ գիտեին, որ շարժման գլուխ էր անցել Ազգային Բյուրոն: Վերջինս իշխանությունների հետ կապեր էր հաստատել, այնուհետև ձեռնամուխ եղել կամավորական շարժման ձևավորմանը: Հեղինակն իր աշխատության մեջ նշում է, որ դաշնակցական շատ գործիչներ՝ Արամ Մանուկյան, Սիմոն Վրացյան, Սահակ Թորոսյան և ուրիշներ՝ դեմ են եղել կամավորական շարժման կազմավորմանը[43]: Սակայն քաղաքական հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Դաշնակցությունը սկսեց մասնակցել շարժման կազմավորմանը:

Կամավորական շարժման կազմավորման հարցի շուրջ որոշ մտավախություններ է ունեցել նաև Անդրանիկը: Ըստ հեղինակի՝ Անդրանիկը մտածում էր, որ այդ շարժումը կորստաբեր է լինելու, քան օգտակար: Նա մտածում էր, որ մի քանի հարյուր կամավորները չէին կարող եղանակ փոխել այդ հսկայական ռազմաճակատում, և ավելին. ‹‹Բորբոքելու էին թուրքական կառավարության արյունարբու քաղաքականությունը››[44]: Բայց Անդրանիկը, որդեգրելով ռուսամետ կեցվածք, մասնակցում է պատերազմին և դառնում է Առաջին կամավորական ջոկատի հրամանատարը: Ահա այսպիսին էր ներկայացվում հայ կամավորական շարժման կազմավորաման գործընթացը Հրաչիկ Սիմոնյանի աշխատության մեջ:

Հետխորհրդային ժամանակաշրջանում հայ պատմագրության զարգացման մեջ իր ավանդն է թողել նաև Արամ Նազարյանն իր ‹‹Հայկական զորամասերի կազմավորումը Կովկասյան ճակատում 1914-1918թթ.››[45] աշխատությամբ: Այս աշխատության մեջ կամավորական շարժման կազմավորումը նա փորձել է ներկայացնել ոչ միայն հայկական, այլև թուրքական տեսանկյունից: Ըստ հեղինակի՝ օսմանյան կառավարությունը ամեն ջանք գործադրեց հայ քաղաքական կուսակցություններին և հայերին իրենց կողմը քաշելու համար: Սակայն հետագայում հայերի քայլերը և չեզոքությունը թուրքական պատմագրությունը որակել է որպես ‹‹Օսմանյան կայսրության շահերի դավաճանություն››[46]: Կամավորական շարժման կազմավորման գլխավոր դերակատարներ հեղինակը համարում է Ազգային Բյուրոյին և ռուսական կառավարությանը հանձինս՝ Վորոնցով Դաշկովի[47]:

Այսպիսով՝ հեղինակն, իր աշխատության մեջ կտրվելով խորհրդային պատմագրության դոգմատիկայից, նախ նշում է թուրքական պատմագրության վերաբերմունքը կամավորական շարժման ձևավորման վերաբերյալ, այնուհետև,փորձելով շրջանցել կուսակցական արգելքները, կամավորական շարժման պատասխանատվությունը դնում է Ազգային Բյուրոյի և ռուսական կառավարության վրա:

Հետխորհրդային շրջանի պատմագրության մեջ մեր թեմայի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է թողել Մուրադ Կարապետյանը: Մեր թեմայի շրջանակներում արժևորել ենք վերջինիս ‹‹Հայկական կամավորական խմբերը և ազգային գումարտակները Կովկասյան ճակատում››[48] աշխատությունը: Աշխատության մեջ անմիջապես ընդգծվում է այն հանգամանքը, որ հեղինակը միանգամայն ազատ ակադեմիական դաշտում է գտնվել, քանզի խորհրդային պատմագրության որևէ ազդեցություն չի նկատվում իր աշխատության մեջ: Այստեղ հեղինակը կամավորական շարժման կազմավորմանը փորձել է անդրադառնալ ռուսական տեսանկյունից: Նա անդրադառնում է այն հանգամանքին, որ ռուսական ռազմաքաղաքական որոշ շրջանակներում բացասաբար է ընդունվել հայ կամավորական շարժում կազմակերպելը: Դա մասնավորապես զգալի էր արտաքին գործերի նախարարությունում (Սազանով, Գիրս), բանակի գլխավոր շտաբում (պետ՝ ինֆանտերիայի գեներալ Յանուշկևիչ) և այլ գերատեսչություններում: Հեղինակը ներկայացնում է Սազանովի կարծիքը, որտեղ նշվում է, թե պատերազմի հաջող ավարտի դեպքում հայկական կամավորական խմբերը խոչընդոտ են հանդիսանալու Արևմտյան Հայաստանի հարցը Ռուսաստանի կողմից հաջողությամբ տնօրինելու հարցում: Հատկանշական է պետդումայի պատգամավոր Մարկուվի տեսակետը, որտեղ նա Վորոնցով-Դաշկովի գործելակերպը որակում էր որպես ‹‹չափազանց վտանգավոր, վնասակար և ծայրահեղական››[49]:

Հեղինակը նշում է, որ կամավորական խմբերի կազմավորումը արևմտահայերի միջավայրում ողջունում էին Կովկասում ծառայող շատ զինվորականներ (Դրացենկո և այլք): Նրանք ամեն կերպ փորձում էին միջամտել, որպեսզի կազմակերպվի այդ շարժումը: Դրացենկոն նշում էր, որ թուրքերի կողմից հայերի կոտորածների վտանգը նվազագույնի հասցնելու համար ռուսական կողմը պետք է լայնորեն կազմակերպեր արևմտահայության սպառազինումը: Դա բխում էր հայկական և ռուսական շահերից[50]: Բայց այս հարցը հայտնվում է ստվերում: Իսկ հայ քաղաքական ուժերը, մասնավորապես Դաշնակցությունը, լծվելով ռուսական զենքին՝ սկսեցին ձեռնամուխ լինել կամավորական շարժման կազմակերպմանը:Առանց հետևանքները հաշվի առնելու նրանք ոգևորեցին նաև արևմտահայության գործիչների մեծ մասին և երիտասարդությանը:

Հեղինակն անդրադառնում է նաև հայ բոլշևիկներին, որտեղ նշում է, որ նրանք կտրականապես դեմ էին կամավորական շարժման կազմավորմանը: Ըստ հեղինակի բոլշևիկները կանխատեսում էին այն մեծ վտանգը, որը սպառնում էր արևմտահայությանը[51]:

Թեմայի շրջանակներում ընգրկել ենք նաև Համլետ Գևորգյանի ‹‹Դրո›[52]› աշխատությունը: Հայ պատմագրության զարգացման տեսանկյունից հեղինակը նշում է, որ հայկական կամավորական շարժման, զորախմբերի կազմավորման, և ընդդեմ օսմանյանկայսրության նրանց մասնակցության վերաբերյալ հայ պատմագրության մեջ եղել են և մինչև օրս զարգացվում են ոչ միանշանակ, երբեմն իրարամերժ կարծիքներ:Այս տեսակետով բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու դատողությունները, որ ինչ-որ չափով կարող էին լույս սփռել այս հարցի ճիշտ արժևորման վրա:

‹‹Պարապ բան կը լինէր հարց դնել այսօր թէ պետք է արդյօք ասպարէզ գային մեր կամաւորները: Պատմական երեւոյթները ունեն իրենց սեփական ու անխորտակ տրամաբանութիւնը: 1914 թուականի աշնան հայ կամաւորական խմբերը կազմուեցին եւ կռուեցին թուրքէրի դէմ, որովհետեւ չէին կարող չկռվել ու չկազմուել, սա բնական ու անխուսափելի հետեւանք էր մի հօգեբանութեան, որով սնուել էր հայ ժողովուրդը առնուազն մի քառորդ դար, մի ամբողջ սերունդ այդ հոգեբանութիւնը պետք է գտներ իր արտայայտութիւնը և գտաւ: Եւ Դաշնակցութիւնը չէր, որ պիտի կասեցնէր շարժումը, եթէ նոյնիսկ ցանկանար: Նա կարող էր եղած տրամադրութիւնը ընթացք ու ելք տար կուտակուած ցանկութիւններին, յոյսերին ու յոյզերին, կազմակերպել պատրաստի ոյժը-այդքան կարողութիւն ու հեղինակութիւն ունէր: Բայց հակառակել հոսանքին ու իր սեփական գիծը տանել անընդունակ էր, թէկուզ այն միակ պատճառով, որ Դաշնակցութիւնը ինքը՝ մասսա է, բնազդով ուժեղ, բայց գիտակցութեամբ թոյլ››[53]:

Անդրադառնալով կամավորական շարժման ծավալման պատճառներին՝ Հայոց Ազգային Բյուրոյի կամավորական զորախմբի շտաբի պետ Նիկոլ Աղբալյանը 1917 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Թիֆլիսում կայացած Հայոց Ազգային համախորհրդակցությունում ապագա հայ պատմագետների համար ասել էր.‹‹Կամավորական շարժման մասին դատավճիռը կարձակի ապագա հայ պատմագիրը: Իսկ մենք, որպես ականատեսներ, կարող ենք մտքեր բանացնել այդ շարժման մասին, և ցույց տալ մեր վերաբերմունքը: Երբ ակնհայտ դարձավ, որ Թուրքիան էլ, որպես հակառակորդ մեր դաշնակիցներին, կռվի է դուրս գալիս, այդ ժամանակ ինքնաբերաբար շարժում սկսվեց հայկական բոլոր խավերում: Կամավորներ երևացին անգլիական ու ֆրանսիական բանակներում, կամավորական հոսանքներ սկսվեցին դեպի ռուսական բանակը: Այս ցրիվ, անկազմակերպ շարժմանը որոշ ձև և ուղղություն տալու համար ծնվեց համապատասխան ազգային մարմին, որն իր ձեռքն առավ հայ կամավորական շարժման ղեկավարությունը››[54]:

Ըստ հեղինակի՝ ռուսական կողմն էլ, թուրքերի նկատմամբ ունենալով թշնամական վերաբերմունք, ամեն տեսակի կոչեր էր անում և քայլեր էր ձեռնարկում, որպեսզի հայ հասարակությունը մասնակցի կամավորական շարժմանը, և իր օժանդակությունը ցույց տա ռուսական բանակին: Այսպիսով, պարզ է դառնում, որ պատմագրության մեջ ի հայտ են եկել իրարամերժ կարծիքներ, որտեղ պատմաբանների մեծ մասը փորձել է գլխավոր մեղավորությունը բարդել Դաշնակցության վրա, սակայն Հովհ. Քաջազնունու և Ն. Աղբալյանի արձանագրություններումհստակ ընդգծվում է Դաշնակցության նկատմամբ կողմնակալ վերաբերմունքը: Դա բացատրվում է այն իրողությամբ, որ վերջիններս եղել են դաշնակցական գործիչներ և դեպքերի ժամանակակիցներ: Բնականաբար պաշտպանողական դիրք էին բռնելու և իրենց կուսակցությանը փորձելու էին արդարացնել:

Թեմայի հետազոտության շրջանակներում արժանահիշատակ է նաև Ռաֆայել Համբարձումյանի ‹‹Նժդեհ››[55] աշխատությունը: Հեղինակը թեմայի վերաբերյալ ցուցաբերում է անկողմնակալ վերաբերմունք: Աշխատության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ գերակշռում են արխիվային փաստաթղթերը, որն իր հերթին հեղինակի աշխատությունը դարձնում է ավելի արժանահավատ: Ըստ հեղինակի՝ Հ.Յ.Դաշնակցության 8-րդ ընդհանուր ժողովում Դաշնակցությունը կտրականապես մերժել է կամավորական շարժումը: Ժողովը պնդել է, որ պետք է կտրականապես մերժել կամավորական շարժումը, և որևէ օժանդակություն ցույց չտալ ցարական կառավարությանը: Դաշնակցությունը որոշել է, որ ապագա ռուս-թուրքական պատերազմում հայության երկու հատվածները պետք է կատարեն հավատարիմ հպատակիիրենց պարտականությունները: Վերջինիս հետ կապված հեղինակը մեջբերում է հետևյալ տողերը. ‹‹Ամեն ոք պարտաւոր է կատարել իր քաղաքացիական պարտականութիւնը իր երկրի հանդէպ››[56]: Հետո նշվում է, որ ռուս-թուրքական պատերազմի բռնկման պահին հայ քաղաքական հայտնի կուսակցություններից ոչ մեկը, ներառյալ ամենախոշորն ու ազդեցիկը՝ Հ.Յ.Դաշնակցությունը, կողմ չէին ռուսական բանակի կազմում մասնակցել կամավորական շարժմանը, և ձևավորել կամավորական ջոկատներ:Նույնիսկ, ըստ հեղինակի, Դաշնակցության բյուրոն մինչև ռուս-թուրքական պատերազմի սկզիբը Ազգային Բյուրին հատուկ կոչով և խնդրանքով դիմել էր, որ չմասնակցի կամավորական շարժման կազմակերպման գործին: Հեղինակը համառորեն պնդում է, որ կամավորական շարժմանը վճռականապես դեմ է եղել հատկապես արևմտահայությունը:Վերջիններս արևելահայ գործիչներին մեղադրում էին, որ նրանք ‹‹Արևմտահայաստանը ռուս զէնքով ազատելու›› նպատակով կամավորական խմբեր են ստեղծել, և որոշում են կայացրել՝ նրանց կարծիքը հաշվի չառնելով[57]:

Հեղինակն, օգտագործելով Դաշնակցության արխիվները և հուշագրությունները, հանգամանալից ներկայացնում է այն փաստը, որ շարժումը տարերային ազդեցություն է ունեցել հասարակության շրջանում: Ռուսական կառավարությունը կոչերով դիմում էր հայ ժողովրդին, վերջիններս էլ, կատարելով հավատարիմ հպատակի պարտականությունները, ցանկանում էին կամավորական շարժում սկսել:Իսկ Դաշնակցությունն այդ շրջանում համարվելով հայության մեջ ազդեցիկ քաղաքական ուժ, մենակ չթողնելով հայ ժողովրդին՝ որոշում է շարժումը վերցնել իր ազդեցության տակ[58]: Վերջինիս վերաբերյալ կատարելով վերլուծություն՝ հանգել ենք այն եզրակացությանը, որ Դաշնակցությունը շարժման ձևավորման հարցում փորձում է ցույց տալ ‹‹չեզոքություն››, հետագայում հասկանալով, որ հետևանքների պատասխանատվությունն է կրելու, փորձել է խուսանավել և կամավորական շարժման ձևավորման իրողությունը բարդել հասրականության վրա, և փորձել է փոքր կոնտեքստով մեղքը բարդել նաև ցարական կառավարության վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղինակը մեծապես օգտվել է արխիվային նյութերից և հուշագրություններից՝ փորձ չի կատարել քննական վերլուծության ենթարկել այլ պատմաբանների աշխատությունները և իրականությունը ներկայացրել է այնպես, ինչպես որ ներկայացված է եղել Դաշնակցության արխիվներում:

Հետխորհրդային շրջանի պատմագրության հաջորդ հեղինակը Աշոտ Ներսիսյանն է: Հետազոտության շրջանակներում օգտվել ենք վերջինիս ‹‹Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն››[59] աշխատությունից: Հեղինակը, անդրադառնալով կամավորական շարժման կազմավորման հարցին, նշում է, որ թե՛ յոթերորդ, թե՛ ութերորդ ընդհանուր ժողովներում որոշվել է, որ յուրաքանչյուրը պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը: Այնուհետև ավելացնում է, որ կուսակցության հետագա գործելակերպը հակասել է ընդհանուր ժողովի որոշումներին: Հեղինակն այս իրողությունը բացատրում է այն հանգամանքով, որ Դաշնակցությունը ակամայից սկսեց ռուսական բանակին կից կազմակերպել կամավորական ջոկատներ: Հեղինակը փորձել է հանգամանորեն տալ այդ հարցի պատասխանը: Նա նշում է, որ սկզբում եղել են տարբեր առաջարկներ կապված շարժման ձևավորման հետ, որտեղ առաջ է բերում Ռուբեն Տեր-Մինասյանի առաջարկը, այն էր՝ կամավորական խմբեր կազմել, կռվել թուրքերի հետ ընդդեմ ռուսների: Բայց այս առաջարկը անգամ քննարկման չի ենթարկվում: Հետագայում հեղինակը մեջբերում է կատարում Ռուբեն Դարբինյանի կարծիքը,որտեղ նշվում էր. ‹‹ Ներկայի ակնոցով դիտելով անցեալի դեպքերը՝ կըրնանք ըսել, որ Ռուբենի այս տէսակետը կամ ծրագիրը եւս աւելի առողջ, ավելի հեռատես եւ քաղաքականապես աւելի ճիշդ էր, քան այն ճամբան, որուն հետեւեցաւ գրեթէ ամբողջ հայութիւնը Հ.Յ.Դ. գլխավորութեամբ››[60]:

Այնուհետև նշվում է, որ Ռուբենի տեսակետը, ըստ Դարբինյանի, հնարավորություն կտար արևմտահայերին ինքնապաշտպանվելու: Հետագայում հեղինակը ներկայացնում է իթթիհատականների և Դաշնակցության միջև տեղի ունեցած հանդիպումը, ներկայացնում է նրանց պահանջներըամփոփ տարբերակով, որտեղ թուրքերը առաջարկում էին Ռուսաստանի դեմ ստեղծել թուրքերի հետ համատեղ ճակատ, բացի թուրքերին օրինական կերպով զորքեր տալուց, կազմել նաև կամավորական ջոկատներ, որոնց դիմաց ստեղծելու էին Անկախ Հայաստան կամ Արարատյան Հայսատան: Իհարկե, այս առաջարկը մերժվում է[61]: Այնուհետև հեղինակը փորձում է ներկայացնել Դաշնակցության մեջ տիրող քննարկումները, որտեղ քննարկվել են մի շարք տարբերակներ պատերազմին մասնակցելու կամ չմասնակցելու հարցի հետ կապված: Այստեղ փորձել են հասկանալ և պատկերացում կազմել հնարավոր հետևանքների մասին: Իհարկե, առաջարկներից երրորդը բացարձակ սուտ էր, որովհետև թուրքերը նման քայլ չէին կատարի, քանզի նրանց գաղափարախոսության մեջ դեռևս նախքան պատերազմի ի հայտ գալը, դրոշմված էր հայ ժողովրդի էթնիկ ոչնչացման հարցը: Հեղինակը, քննելով հարցը, ներկայացնում է նաև այն հանգամանքը, որ կամավորական շարժման ձևավորման մեջ մեծապես ազդեցություն է ունեցել ռուսական կառավարությունը: Ընդհանրացնելով միտքը՝ հեղինակն արձանագրում է, որ շարժման ձևավորման հարցում կուսակցության ներսում առաջացել է տարակարծություն: Իսկ Ազգային Բյուրոն, խափվելով ռուսական կառավարության կողմից, ընդունում է առաջարկը: Բայց եղել են նաև ղեկավար մարմիններով, ովքեր նույնպես համաձայնվել են շարժման կազմավորմանը[62]: Այստեղից հանգել ենք այն եզրակացությանը, որ տեղի է ունեցել ներկուսակցական անհամաձայնություն:

Ընդհանրացնելով միտքը, հեղինակը մեջբերում է Ռուբենի խոսքերը, որոնք ցույց են տալիս ընդհանուր պատկերը: Ըստ Ռուբենի.‹‹Դաշնակցութիւնը չէ, որ հանդիսացել է կամաւորական շարժման սկզբնաւորողը: Նա այդ մասին որոշում չի ընդունել Էրզրումի 8-րդ ընդհանուր ժողովում եւ դրան դէմ են եղել բուն Արեւմտեան Հայաստանի դաշնակցական ղեկավար գործիչները, ինչից տեղեակ էին թուրք ղեկավար շրջանակները: Հ.Յ. Դաշնակցութեան Հայաստանի Բիւրոի Կ.Պոլսի հատուածը սկզբնական շրջանում կողմ է արտայայտուել այդ շարժմանը, բայց արդեն 1914 թ. հոկտեմբեր ամսից դէմ է արտայայտուել: Կամաւորական շարժմանը թէեւ կողմ են հանդիսացել որոշ արեւմտահայ գործիչներ(Արմէն Գարօ, Մալխաս եւ այլն), բայց նրանք չէին գտնւում Արեւմտեան Հայաստանում եւ նրանց ցանկութիւնը չէ, որ սկզբնաւորուեց այդ շարժումը[63]››: Իսկ վերջում Ռուբենը մեղքը բարդում է ռուսական կառավարության վրա՝ նշելով, որ կազմավորումը տեղի է ունեցել ռուսական կառավարության ձեռքով: Իսկ ռուսական կառավարության նպատակն էր այդ խորամանկ քայլով թուրքերին դրդել, որ հայերին ջարդերի ենթարկեն, իսկ այդ տարածքները նրանք կգրավեին առանց հայերի:

 

 

 

 

 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, ուսումնասիրելով խորհրդային և հետխորհրդային շրջանների հայ կամավորական շարժման պատմագրությունը, հանգել ենք այն եզրակացության, որ շարժման կազմավորումն ընթացել է իրարամերժ կարծիքների մթնոլորտում: Հայ ժողովրդի երկու՝ արևելյան և արևմտյան հատվածների հասարակական-քաղաքական գործիչների միջև բացակայել է ընդհանուր համագործակցությունը:

Շարժումը կազմավորելիս հայ հասարակական-քաղաքական շրջանակները հաշվի չեն առել այն ծանր հետևանքները, որոնք հետագայում շատ բացասաբար ազդեցություն էին ունենալու: Այդ բացասական ազդեցությունն ավելի նկատվեց արևմտահայության շրջանում:

Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ կամավորական շարժման կազմակերպիչը հայ իրականության մեջ եղել է Հ.Յ.Դաշնակցությունը: Սակայն պետք է փաստենք, որ լինելով ամենաճանաչված և ազդեցիկ քաղաքական ուժը՝չկարողացավ ճիշտ քաղաքականություն վարել և խուսափել վնասներից: Բանն այն է, որ կուսակցության արևմտյան և արևելյան գործիչների միջև եղել են անհամաձայնություններ՝ կապված շարժման ձևավորման հետ: Արևելյան կողմը շատ հաճախ հաշվի չի նստել արևմտյան գործիչների հետ և որոշումները կայացրել է անկախ նրանց կարծիքներից: Արևմտյան կողմը, որն արտահայտում էր Արևմտահայաստանի բնակչության կամքն ու ցանկությունը, նշում է, որ որոշումները կայացվել են իրենց կամքից անկախ:

Հետևապես ակնհայտ է դառնում, որ Դաշնակցության մեջ բացակայել է միասնության գաղափարը: Ղեկավար շատ մարմիններ, խաբվելով ռուսական կառավարության սին խոստումներով, ձեռնամուխ եղան կամավորական շարժման կազմավորմանը: Սա խոսում է այն մասին, որ արևմտահայության շրջանում կտրականապես մերժվել է այդ փաստը: Ավելին՝ արևմտյան շրջանում անգամ արծարծվել է թուրքերի կողմից կռվելու հարցը, որը մերժվել է:

Ի վերջո, կազմավորելով կամավորական շարժում՝ հայ քաղաքական գործիչները նպաստեցին թուրքական հայահալած քաղաքականության ուժգնացմանը, որն առավել լավ արտահայտվեց 1915թ. տեղի ունեցած կոտորածներով:

Ինչ վերաբերում է ռուսական կառավարությանը, պարզեցինք, որ նրանց այդ տարածքները պետք էին առանց հայերի: Նրանք պարզապես ստիպեցին, որ հայությունը կուրորեն հավատա իրենց դատարկ խոստումներին և նպաստի ռուսական զենքի հաղթանակին:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 

  1. Աղայան Ծ., Անդրանիկ, Երևան, 1994:
  2. Աղայան Ծ.,Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Երևան, 1976
  3. Արզումանյան Մ., Հայաստանը 1914-1917, Երևան 2020:
  4. Գևորգյան Հ., Դրո: Դրաստամատ Կանայանի կյանքն ու գործունեությունը: Երևան 2007:
  5. Լեո, Անցյալից, Թիֆլիս, 1925:
  6. Կարապետյան Մ., Հայկական կամավորական խմբերը և ազգային գումարտակները կովկասյան ճակատում, Երևան, 1999:
  7. Կարինյան Ա., Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը, Յերևան 1924:
  8. Կիրակոսյան Ջ., Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը, Երևան 1967:
  9. Համբարձումյան Ռ., Նժդեհ, Երևան 2006:
  10. Համբարյան Ա., Հայ հասրակական-քաղաքական միտքը արևմտահայության ազատագրության ուղիների մասին, Երևան, 1990:
  11. Հարությունյան Շ., Պատմագիտության զարգացումը Խորհրդային Հայաստանում, Երևան 1990:
  12. ՀԽՍՀ ԳԱԱ, Հայ ժողովրդի պատմություն, հտ. 6, Երևան 1981:
  13. Նազարյան Ա., Հայկական զորամասերի կազմավորումը Կովկասյան ճակատում 1914-1918, Երևան 1999:
  14. Ներսիսյան Ա., Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն 1908-1918, հտ. Գ, Երևան 2013:
  15. Սիմոնյան Հր., Անդրանիկի ժամանակը, Երևան 1996:
  16. Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան 1993:

[1]Տե՛ս Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Ե., 1993թ.՝ էջ 8-9:

[2]Տե՛ս Լեո, Անցյալից, Թիֆլիս, 1925թ.:

[3]Տե՛ս Լեո, նշվ. աշխ.՝ էջ 280:

[4]Նույն տեղում՝ էջ 281-282:

[5]Նույն տեղում՝ էջ 286:

[6]Նույն տեղում՝ էջ 286:

[7]Նույն տեղում՝ էջ 285:

[8]Նույն տեղում՝ էջ 300-301:

[9]Տե՛ս նույն տեղում՝ էջ 292:

[10]Տե՛ս Կարինյան Ա., Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը, Երևան, 1924թ.:

[11]Տե՛ս Կարինյան Ա., նշվ. աշխ.՝ էջ 13:

[12]Նույն տեղում՝ էջ 12:

[13]Նույն տեղում՝ էջ 13:

[14]Տե՛ս Կիրակոսյան Ջ.,Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը, Երևան 1967:

[15]Տես նույն տեղում՝ էջ 206:

[16]Տես նույն տեղում՝ էջ 207:

[17]Տե՛ս Հարությունյան Շ., Պատմագիտության զարգացումը խորհրդային Հայստանում, Երևան, 1990, էջ 177:

[18]Տե՛ս Հարությունյան Շ., Պատմագիտության զարգացումը խորհրդային Հայստանում, Երևան, 1990:

[19]Տե՛ս նույն տեղում՝ էջ 185-186:

[20]Նույն տեղում՝ էջ 190:

[21]Նույն տեղում՝ էջ 193:

[22]Նույն տեղում՝ էջ 193:

[23]Տե՛ս Աղայան Ծ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից., Երևան ,1976:

[24]Տե՛ս Աղայան Ծ., նշվ. աշխ.՝ էջ366-367:

[25]Տե՛ս նույն տեղում՝ էջ 370:

[26]Նույն տեղու՝մ էջ372:

[27]Տե՛ս Աղայան Ծ., Անդրանիկ:

[28]Տե՛սԱղայան Ծ., նշվ. աշխ.՝ էջ 401:

[29]Տե՛ս նույն տեղում՝ էջ 405:

[30]Տե՛ս Արզումանյան Մ., Հայաստանը 1914-1917, Երևան 2020:

[31]Տե՛ս Արզումանյան Մ., նշվ. աշխ.՝ էջ 155:

[32]Տե՛ս նույն տեղում՝ էջ 158:

[33]Նույն տեղում՝ էջ 160:

[34]Տե՛ս ՀԽՍՀ ԳԱԱ, Հայ ժողովրդի պատմություն, հտ., 6, Երևան, 1981թ.:

[35]Տե՛ս ՀԽՍՀ ԳԱԱ, նշվ աշխ.՝ էջ 546-547

[36]Տե՛ս նույն տեղում՝ էջ 547:

[37]Նույն տեղում՝ էջ 583:

[38]Տե՛ս Համբարյան Ա., Հայ հասարակական քաղաքական միտքը արևմտահայության ազատագրության ուղիների մասին, Երևան 1990:

[39]Տե՛ս Համբարյան Ա., նշվ. աշխ.՝ էջ 427-428:

[40]Տե՛ս նույն տեղում՝ էջ 434-435:

[41]Տե՛ս Սիմոնյան Հր., Անդրանիկի ժամանակը, Երևան, 1996:

[42]Տե՛ս Սիմոնյան Հր., նշվ. աշխ.՝ Էջ 366:

[43]Տե՛ս նույն տեղում՝ էջ 386:

[44]Տե՛ս նույն տեղում՝ էջ 386:

[45]Տե՛ս Նազարյան Ա., Հայկական զորամասերի կազմավորումը Կովկասյան ճակատում 1914-1918թթ., Երևան, 1999:

[46]Տե՛ս Նազարյան Ա., նշվ. աշխ.՝ էջ 36:

[47]Տե՛ս նույն տեղում՝ էջ 39:

[48]Տե՛ս Կարապետյան Մ., Հայկական կամավորական խմբերը և ազգային գումարտակները Կովկասյան Ճակատում, Երևան 1999:

[49]Տե՛ս Կարապետյան Մ., նշվ. աշխ.՝ էջ 18-19:

[50]Տե՛ս նույն տեղում՝ էջ 20:

[51]Նույն տեղում՝ էջ 27-28:

[52]Տե՛ս Գևորգյան Հ., Դրո, Երևան 2007:

[53]Տե՛ս Գևորգյան Հ., նշվ. աշխ.՝ էջ 67-68:

[54]Տե՛ս նույն տեղում՝ էջ 68:

[55]Տե՛ս Համբարձումյան Ռ., Նժդեհ, Երևան, 2006:

[56]Տե՛ս Համբարձումյան Ռ., նշվ. աշխ.՝ էջ 48:

[57]Տե՛ս նույն տեղում՝ էջ 48-49:

[58]Նույն տեղում՝ էջ 50:

[59]Տե՛ս Ներսիսյան Ա., Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն 1908-1918, հտ. Գ.,Երևան 2013:

[60]Տե՛ս Ներսիսյան Ա., նշվ. աշխ.՝ էջ 141:

[61]Տե՛ս նույն տեղում՝ էջ 143:

[62]Նույն տեղում՝ էջ 49:

[63]Նույն տեղում՝ էջ 163: