Վարագավանքը պահ է տրված Մեհմեդ Չոբանին

Վարագավանքը պահ է տրված Մեհմեդ Չոբանին

Չնայած Վարագավանքի ներսը մաքուր է, իսկ դուռն էլ, Մեհմեդ Չոբանի շնորհիվ, ապահով, տանիքը դեռևս գերանի կտորներով է ծածկված։ Նրա կարծիքով՝ երբ սկսվեն խիստ ձմռան ցրտաշունչ ամիսները, և այդտեղ ձյուն տեղա, եկեղեցին կվնասվի։

Նեսի Ալթարաս

Վան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա՝ Էրեք լեռան (Վարագա լեռ- Ակունք խմբ․) փեշերին գտնվող վայրն անվանում են Յեդի քիլիսե (Յոթ եկեղեցի)։ 11-րդ դարի սկզբից մնացած կառույցը ներկայում գտնվում է Յուքարը Բաքրաչլը գյուղում։ Վարագավանքը, որի անունով կոչվում է տեղանքը, կառուցվել է այդ ժամանակաշրջանի Վասպուրականի հայ թագավորի կողմից։ Ժամանակի ընթացքում, անհրաժեշտությունից ելենելով, այն ընդարձակվել է և ընդգրկել մեկը մյուսին կից յոթ եկեղեցի։
2012 թ․, երբ ցանկանում էին վերականգնողական աշխատանքներ կատարել այնտեղ, սեփականատիրոջը գտնելու փնտրտուքների արդյունքում պարզ դարձավ, որ եկեղեցու սեփականության իրավունքը պատկանում է լրագրող Ֆաթիհ Ալթայլըին։ Այն բանից հետո, երբ Ալթայլըն հայտարարեց, որ պատրաստ է հազար տարվա պատմություն ունեցող սրբավայրը վերադարձնել, ստորագրահավաք սկսեց՝ այն հայկական համայնքին հետ վերադարձնելու համար, սակայն ցանկալի արդյունքի չհասան։

Վարագավանքում, որի ներսն ու դուրսը տարբեր են, և որը 2011 թ․ տեղի ունեցած երկրաշարժից վնասվել էր, առջևի աշտարակն էլ քանդվել, պաշտոնական վերականգնման աշխատանքներ չեն կատարվել։ Քանդված աշտարակի սյուները դռան մոտ՝ գետնի վրա են ընկած։ Գյուղապետարանի շենքին կից գտնվող կառույցի հոյակապ տեսքը թեև դրսից չի երևում, ներսը ահագին մեծ է, իսկ առաստաղն էլ՝ բավականին բարձր։ Սյուների բոլոր կողմերում մանրանկարներ, պատի ողջ երկայնքով քանդակագործության մեջ հայերի վարպետությունը ցույց տվող զարդաքանդակներ կան։ Հետևի հատվածում գտնվող սենյակի ձախ պատին կախված է մի խաչքար։ Եկեղեցու մուտքի փորագրված դռան կողքին գտնվող քարերի վրա էլ փորագրություններ կան, այնպես, ինչպես՝ Թուրքիայի բազմաթիվ այլ պատմական կառույցների վրա։ Տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ձեռագրերով արված այդ բոլոր փորագրությունները հայերեն են։ Այս փաստը այցելուներին հիշեցնում է, որ հայերը մի ժամանակ միայն այս վանքի քահանաները չեն եղել, այլ գյուղի ողջ բնակչությունն էր հայ։
Երբ բացեցինք պարտեզի առջևում գտնվող դուռը, մեր առաջ հայտնվեց Մեհմեդ Չոբանը։ Նա մեզ ներս հրավիրեց։ Չոբանը գյուղի իմամի որդին էր։ Երբ նրա հայրը մահացել է, նրան է ավանդել այս եկեղեցու պահպանությունը։ Չոբանը, որն իր այդ պարտականությունը ամենայն լրջությամբ էր ընդունել, չի լքում գյուղը՝ չնայած այն բանին, որ իր բոլոր եղբայրները տեղափոխվել են քաղաք։ Տարիներ առաջ Վարագավանք այցելած վանեցիների պատմածների համաձայն՝ վանքի ներսը ախոռի նման է եղել և չափազանց կեղտոտ։

Ներկայիս վիճակը

Այսօր Վարագավանքի գետինն ու պատերը նույն վիճակում են, ինչ՝ Մշակույթի նախարարության պաշտպանության ներքո գտնվող Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում է։ Իր հոր մահվանից հետո Չոբանը լիովին մաքրել է եկեղեցին, սրբել է այն պատերը, որոնց վրա նկարներ չեն եղել։ Քանդված գմբեթները նա միայնակ, իր սեփական միջոցներով գնած նյութերով է ծածկել։ Այդ ընթացքում նույնիսկ մի անգամ կտուրից ընկել ու վնասվածք է ստացել։ Չոբանը դռան մոտ կախել է Վարագավանքի ամենահին նկարը և այցելուների բերած հայերեն որոշ պաստառներ։ Փոքրիկ փայտե սեղանի վրա դրել է մի հուշամատյան, վառելու համար՝ մոմեր և նվիրատվության մի փոքրիկ տուփ։ Եկեղեցու հետին սյունի վրա կախված է տարեց, ժպտերես մի մարդու նկար։ Չոբանի խոսքով՝ նկարում Իրանի հայ պատգամավորներից մեկն է։ Մի քանի տարի առաջ նա այցելել էր Վարագավանք և ասել, որ հայրը այդ գյուղից է եղել, ինքն էլ ցանկանում է աջակցություն ցուցաբերել վանքի վերանորոգման գործում։ Նա խոստացել էր ֆինանսավորում գտնել և մեկ տարի անց վերադառնալ, սակայն Յուքարը Բաքրաչլը իր այցելությունից մեկ տարի չանցած՝ հայ իրանցի բարեգործը մահացել էր։ Հաջորդ ամառ վախճանված պատգամավորի երեխաները նրա փոխարեն այցելել են Մեհմեդ Չոբանին և հաղորդել ցավալի լուրը։ Այդ երիտասարդների հետ ունեցած նկարն էլ է նույն սյունի վրա կախված։
Չնայած Վարագավանքի ներսը մաքուր է, իսկ դուռն էլ Մեհմեդ Չոբանի շնորհիվ՝ ապահով, այնուամենայնիվ տանիքը դեռևս գերանի կտորներով է ծածկված։ Մեհմեդ Չոբանը կարծում է, որ երբ սկսվեն խիստ ձմռան ցրտաշունչ ամիսները, և այդտեղ ձյուն տեղա, եկեղեցին կվնասվի։ Ինչքան էլ, որ իր սեփական միջոցներով նա փորձի, միևնույն է, միայնակ և առանց հիմնադրամի աջակցության դժվար է Վարագավանքը լավ վիճակում պահել։ Բացի այդ՝ առանց խնամքի և առանց վերականգնման աշխատանքների մնացած եկեղեցում առկա վարպետորեն արված որմնանկարները տարեցտարի ավելի են խամրում։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է Չոբանի կողմից սեղանին դրված նվիրատվության տուփից շատ ավելի մեծ աջակցություն ցուցաբերել։
Վարագավանքից հեռանալուց մեկ օր առաջ մի ուղեկցորդ, որին հանդիպել էին Աղթամարում, մի մեծ խմբով իջավ ավտոբուսից և վանք եկավ։ Նա Մեհմեդ Չոբանին ներկայացրեց որպես եկեղեցու պահապան, խմբի հետ արագորեն սկսեց շրջել դռան մոտով և սկսեց պատմել եկեղեցու հայկական զարդաքանդակների մասին։ Թե քանի խումբ կկարողանա տեսնել այդ արժեքավոր գործերը,՝ դեռևս հայտնի չէ։

 

Նյութի աղբյուրը` Akunq.net

http://www.agos.com.tr/tr/yazi/22814/varagavank-manastiri-mehmet-cobana-emanet?fbclid=IwAR2W1sfLSeiLZGw33rqQX7PDeQNyIIosSg0NV2ViCcBz_xKF4jGaP70NeiY

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

Comments are closed