Գլխավոր Վերջին Լուրեր

Ցանկացած պարագայում մերժելի է «տարածքներ խաղաղության/կարգավիճակի դիմաց» կոնցեպտը։ Արա Պողոսյան

Այսօր՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից հետո armenakan.info-ի խմբագրությունը կապ հաստատեց Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Պողոսյանի հետ, ճշտելու արմենական շարժման դիրքորոշումը։

    armenakan.info-ի հետ զրույցում Արա Պողոսյանը նշեց, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ըստ էության փարատեց որոշակի կասկածներ, որ այս օրերին շատերի կողմից շրջանառվում էր։ Խոսքը հատկապես այն տեսակետի մասին էր, թե իբր Վարչապետը պատրաստվում է հողեր զիջել։ Ուղերձից հասկանալի է դառնում, որ հողեր զիջելու մասին փաստաթուղթը այսպես կոչված «լավրովյան պլան»-ն է, որը նախատեսում էր ազատագրված շրջանների փուլային զիջում Ադրբեջանին 5+2 սկզբունքով, խաղաղապահների տեղակայում, իսկ նախկին ԼՂԻՄ-ի տարածքի կարգավիճակը թողնվում էր անորոշ ժամանակի։ Թերևս Վարչապետի ուղերձի ամենակարևոր մասը այն հատվածն է, որտեղ խոսվում է մինչպատերազմական շրջանի ռազմա-քաղաքական իրավիճակի մասին․

«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետեւյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում»:

Այստեղից ակնհայտ է դառնում, որ բանակցությունների ընթացքում ստեղծվել էր գոնե մեզ համար «պատային» իրավիճակ։ Իհարկե, մանրակրկիտ վերլուծելու պարագայում մենք «կբացահայտենք» այնպիսի էպիզոդներ, որոնք այդ իրավիճակի «շինարարների» համար կարող են ունենալ վատ հետևանքներ, սակայն այսօր այդ ժամանակը չի։ Այսօր մենք պետք է կարողանանք պատվով հաղթահարել մեր պետականության և գոյության դեմ ծառացած այս խնդիրը, ուստի մեղավորներ փնտրելը թողնենք ավելի խաղաղ ժամանակներին։

Բոլորովին չեմ ուզում անդրադառնալ նախկին իշխանությունների մեղմ ասած բացթողումներին ու թողած «ժառանգությանը», ինչպես նաև չեմ ուզում անդրադառնալ գործող իշխանությունների բացթողումներին, սակայն մի բան ուզում եմ հստակ նշել՝ այսօր առավել քան երբեք մեզ հարկավոր է ներքին համերաշխություն, համախմբվածություն, սեփական ամբիցիաների ու քաղաքական շահերի ստորադասում հանուն մեր ընդհանուր Հայրենիքի անվտանգության և հանուն հզոր Հայաստանի։

Ուղերձի հաջորդ հատվածից ուղիղ հասկացվում է, որ մենք պատրաստվում ենք պատերազմի միջոցով լուծել Արցախի հարցը։ Ի միջի այլոց՝ ուզում եմ շեշտել, որ առանձին վերցրած Արցախի հարց չկա, այլ կա Հայկական հարցի Արցախյան բաղադրիչ։ Ասվածի վառ վկայությունն է այն, որ այսօր Թուրքիան ուղիղ կերպով մասնակցում է Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմին։ Իրավամբ կարելի է ասել, որ այս պատերազմը մեզ համար ունի վճռորոշ նշանակություն, և մեր առաջիկա տասնամյակների պատմությունը մենք կերտելու ենք հենց այսօր և հենց Արցախում։

Մեր հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն արմենականները արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ տարվող բանակցությունների մասին, Արա Պողոսյանը նշեց․
-Իհարկե, Արմենական կուսակցության ծրագրի նախագծում ամփոփել ենք մեր պատկերացումները, սակայն այս պահին, քանի որ ստեղծվել է ֆորս-մաժորային իրավիճակ, կուսակցության հիմնադիր հանձնախումբը պետք է ընդուներ հայտարարություն-բանաձև, որը չի ընդունվել շատ պարզ պատճառով՝ մեր  ընկերներից շատերն այս օրերին զինվորագրվել և գտնվում են Հայրենիքի պաշտպանության առաջնագծում։ Ինքս կամավորագրվել եմ սեպտեմբերի 28-ին, սակայն դեռ Արցախ մեկնելու ճանապարհին ստացա հարազատ եղբորս նահատակության բոթը։ Ուստի այս պահին միայն իմ անունից կարող եմ որևէ բան ասել։ Իսկ իմ դիրքորոշումն հետևյալն է․
մերժելի է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը,
մերժելի է «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևը,
մերժելի են արցախյան հիմնախնդրի լուծման «փուլային տարբերակները», որոնք ենթադրում են ազատագրված տարածքների հանձնում թշնամուն։

Իսկ ի՞նչ անել․ ուրեմն՝ ՀՀ Վարչապետն հայտարարում է պատերազմի միջոցով վերջնականապես լուծել այս հարցը։ Սա թերևս տրամաբանական է այն իմաստով, որ պատերազմի միջոցով՝ հաղթական, մենք ստանում ենք դիվիդենտներ և մեծ ազդեցություն։ Իմ խորին համոզմամբ, արցախյան հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է այս պահին Հայոց Բանակի ձեռքում, իսկ թե բանակի կերտած հաջողություններն ինչպես կիրացնեն ՀՀ իշխանությունները, դա արդեն այլ խնդիր է։ Այս պահին միայն արձանագրենք, որ ցանկացած պարագայում մերժելի է «տարածքներ խաղաղության/կարգավիճակի դիմաց» կոնցեպտը, առավել ևս այնպիսի թշնամու պարագայում, ինչպիսին է թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմը։

Եվ վերջում Պողոսյանն հավելեց․
-Առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ չնայած այս անհավանական մեծ ցավին, բայց մենք ունենք իրական հերոսական սերունդ, ովքեր իրենց նահատակությամբ բացեցին դեպի անամպ ապագա տանող մեր ուղին։ Խոնարհումս մեր բոլոր Նահատակներին և նրանց հարազատներին։

Նյութի աղբյուրը՝ armenakan.info-ի խմբագրություն