Գլխավոր Լուրեր

Թուրքիայի սպառնալիքին պետք է պատասխանել Հայաստանի դիրքերն ավելի ամրապնդելով․ Արա Պողոսյան

 
     Օգոստոսի 27-ին Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադառնալով Հայաստանին ի թիվս այլ մեղադրանքների նշել է, թե Հայաստանը իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» է խառնվում, և որ Հայաստանի այդ պահվածքը ոչ մի արդարացում չունի։
     Հուլուսի Աքարի այս միտքն ուշագրավ է այն իմաստով, որ այսպիսով տեսանելի են դառնում Թուրքիայի կողմից Հայաստանի իրական ընկալումը, ինչպես նաև Հայաստանին տարածաշրջանային հարցերից մեկուսացնելու, Հայաստանի ձեռքերն ու լեզուն շղթայելու թուրքական կողմի նպատակը։

                                           ԱՀ ՊՆ Զաքիր Հասանով և ԹՀ ՊՆ Հուլուսի Աքար

     Ակնհայտ է, որ Թուրքիայի նպատակը այսպիսի դիվանագիտական «կրակոցների» միջոցով հայկական կողմին սաստելն ու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի՝ իր իսկ բնորոշմամբ, «կողմ» դառնալն է։

     Մյուս կողմից պարզ է, որ Թուրքիայի ընկալմամբ, Հայաստանի գործողությունները պայմանավորված են հայ-ռուսական ընդհանուր արտաքին քաղաքական ուղեգծով, և Հայաստանի քայլերը համաձայնեցված և արտոնված են Ռուսաստանի կողմից։
Այսպիսով՝ խոսելով սատարող ուժերի մասին, Հուլուսի Աքարն հավանաբար առաջին հերթին նկատի ուներ Ռուսաստանին, ապա նաև Ֆրանսիային, որը Արևելյան Միջերկրականի լարվածության ֆոնին իր աջակցությունը հայտնեց Հունաստանին։
     Մյուս կողմից պարզ է, որ գնալով Թուրքիայի շուրջ սեղմվում է հակաթուրքական «ճակատի» երկրների կողմից կազմված շղթան, և հիմա մենք ականատես ենք Թուրքիայի հուսահատական քայլերին, որոնք կարող են լինել առավել քան վտանգավոր, հատկապես Հայաստանի համար։ Գրեթե այդպիսին էր իրավիճակը երիտթուրքերի կառավարման վերջին շրջանում, երբ պարտվող բլոկը՝ որի կազմում նաև Թուրքիան, վերջին ճիգերն էր գործադրում, ահագնացնելով վայրագությունները, պարտության մեղքը բարդելով հատկապես քրիստոնյա բնիկների վրա, և ի վերջո կատարելով դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց Ցեղասպանությունը։
 
    Ուստի` Հայաստանը պետք է ո՛չ միայն լավ վերլուծի ստեղծված իրավիճակը, այլև նախաձեռնի հակաքայլեր՝ հնարավոր թուրքական միջամտության դեպքում բավարար նյութական-ռազմական, քաղաքական և դիվանագիտական կապիտալ կուտակելու համար։ Ընդ որում՝ ո՛չ միայն պետք է չդադարեցնել տարածաշրջանային հարցերին ակտիվ գնահատականներ տալը, այլև մասնակցել տարածաշրջանային գործընթացներին, որոնք այս կամ այն կերպ կարող են շոշափել հայկական շահերը, լուրջ աշխատանքներ կատարել հակաթուրքական հավանական բլոկի երկրների հետ։ Սա թերևս կարող է այն գործոնը լինել, որը ո՛չ միայն Հայաստանի ընկալումը (հաշված ժամերում Երևանը գրավելու պատրանք) կփոխի Թուրքիայի մոտ, այլև կստիպի զսպել ծավալապաշտական ախորժակը (պանթյուրքիստական ծրագիրը և Օսմանյան կայսրության վերականգնման գործնական ջանքերը) և հաշվի նստել Հայաստանի հետ՝ իբրև ռեգիոնալ խաղացողի։
    Հայաստանը ռեգիոնալ տերություն դառնալուն այլընտրանք չունի, եթե հաշվի չառնենք այն, որ այլընտրանքը չ՛գոյությունն է։ Թուրքիայի սպառնալիքին պետք է պատասխանել Հայաստանի դիրքերն ավելի՛ ամրապնդելով, հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում առավել կարծրացնելով, ԵԱՏՄ և ՀԱՊԿ թեկուզ ձևական անդամակցությունը շահարկելով, ՌԴ ռազմական բազայի ներկայությունից առավել օգուտներ քաղել, անհրաժեշտության դեպքում Թուրքիայի դեմ շահարկել, և հետևողականորեն ռեգիոնալ տերություն դառնալու նախադրյալներ ստեղծել։ Ինչպես արդեն նշեցի, ստեղծված իրավիճակում Հայաստանի գոյության թերևս ամենակարևոր երաշխիքը թույլ ու անօգնական տարածաշրջանային մուրացկանից ռեգիոնալ տերության վերածվելու մեջ է։ 

‼️Թուրքիայի սպառնալիքին պետք է պատասխանել Հայաստանի դիրքերն ավելի ամրապնդելով‼️Օգոստոսի 27-ին Թուրքիայի Պաշտպանության…

Опубликовано Ara Poghosyan / Արա Պողոսյան Среда, 2 сентября 2020 г.