Լուրեր Պատմություն

Նախիջևանի ստրատեգիական նշանակությունը

Ինչպես արդեն գիտենք, ժամանակակից Ադրբեջանի տարածքը իր վերջնական, կամ գրեթե վերջնական տեսքին եկել է 1921թ. Մոսկվայի պայմանագրի համաձայն՝ մեծապես Հայաստանի հաշվին։ Մոսկվայի պայմանագրի կողմերից առնվազն Թուրքիան ներկայացնում էր թյուրքական աշխարհի շահերը, որոնցից թերևս կարևորագույնն այդ պահին մերձկասպյան թյուրքերն էին, որոնց վերապահված էր ապահովելու քեմալական Թուրքիայի և միջիանասիական թյուրքալեզու ժողովուրդների կապը։ Մոսկվայի պայմանագրի տողատակերում Թուրքիան  թաքցնում էր առաջին հերթին պանթուրքիզմի հեռահար գաղափարը։ Թերևս հենց այդ էր պատճառը, որ հնարավոր բոլոր խոստումների միջոցով Աթաթուրքի պատվիրակությունը հասավ նրան, որ մերձկասպյան թյուրքերին նվիրաբերված պետության՝ Ադրբեջանի, կազմում հայտնվեն Արցախն ու Նախիջևանը, իսկ Կարսը, Սուրմալուի գավառն ու հարակից շրջանները՝ քեմալական Թուրքիայի տիրապետության տակ։ Այստեղ թերևս կանգ առնենք Նախիջևանին վերաբերող հատվածին․
-1921թ. Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն Նախիջևանը անցնում էր Ադրբեջանի ենթակայության տակ։ Ընդ որում տեղին է նշել, որ Նախիջևանը որպես պրոտեկտորատ էր անցնում Ադրբեջանի ենթակայության տակ։ Միաժամանակ հստակ նշվում էր, որ որևէ երրորդ պետություն իրավունք չունի Նախիջևանում ազդեցություն հաստատել։ Հասկանալի է, որ երրորդ պետություն ասելով առաջին հերթին նկատի էր առնվում Հայաստանը։ Այսինքն՝ պայմանագրի այս կետով ապահովագրվում էր Նախիջևանի ապագան, որը զերծ էր լինելու Հայաստանի կազմում հայտնվելու «վտանգից»։ Հետագայում՝ հոկտեմբերի 13-ին Կարսի պայմանագրով վերահաստատվեցին Մոսկվայի պայմանագրով ձեռք բերված պայմանավորվածությունները, և ցավոք սրտի՝ Կարսի պայմանագրի տակ ստորագրեցին նաև Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչները։ Իհարկե, իրավական տեսանկյունից անգամ այս դեպքում Կարսի կամ Մոսկվայի պայմանագրերը իրավական հիմքերից զուրկ են այն պարզ պատճառով, որ Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չէր, այլ օկուպացված էր Խորհրդային 11-րդ Կարմիր բանակի կողմից, քեմալական Թուրքիան և Խորհրդային Ռուսաստանը ևս դեռևս միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին, սակայն դա քննարկման այլ թեմա է։

Ստանալով Նախիջևանը՝ որպես ինքնավար հանրապետություն, ակնհայտ էր, որ առանց Զանգեզուրի, այն մեծ արժեք չուներ Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ առանձին վերցրած, սակայն պատկերն այլ էր, եթե նայենք թուրքական աշխարհի և պանթուրքական ծրագրի համատեքստում։ Արդեն 1930-ականներին ակնհայտ էր, որ Թուրքիան Նախիջևանի հարցում այլ հաշվարկներ ուներ իսկզբանե։ Ամեն ինչ ավելի ակնհյատ դարձավ 1932 թվականին, երբ սկսվեցին թուրք-իրանական սերտացման փորձերը։ 1932 թ. հունվարի 23-ին Իրանի և Թուրքիայի միջև ձեռք բերվեց հատուկ համաձայնություն, որով պետք է երկու երկրները կատարեին տարածքների փոփոխություն։ Երկու երկրները տարածքների փոխանակում պետք է կատարեին Արարատ լեռան շրջանում: Իրանը Թուրքիայից ստանում էր երեք անգամ ավելի մեծ տարածք Կոտուրի լեռներում՝ հատկացնելով մի փոքր կտոր, որի միջոցով ռազմավարական առումով փաստացիորեն Թուրքիան ցամաքային կապ էր հաստատելու Նախիջևանի հետ:

Իրանի հետ փոխանակած տարածքը, որն ապահովում է Նախիջևանի հետ ցամաքային կապը

Տարածքների փոխանակման շուրջ վերջնական համաձայնության եկան 1934 թվականին, երբ Իրանի Ռեզա շահը և Քեմալ Աթաթյուրքը Անկարայում շարունակեցին բանակցությունները։ Բանակցությունների արդյունքում եկան Իրան-Թուրքիա սահմանային բաժանման վերաբերյալ վերջնական պայմանավորվածության։ Սահմանային այս պայմանագրով Իրանը Թուրքիային զիջեց վերոնշյալ հատվածը (ներառյալ փոքր Մասիսը)։ Սահմանային այս փոփոխություններից հետո Իրանի շահը, ով նախապես դեմ էր սահմանային փոփոխություններին, սակայն հետագայում կողմ լինելով, հայտարարեց․ «Այս մանրամասները (նկատի ուներ՝ Նախիջևանին միացող հատվածը) կարևոր չեն…»։

Իհարկե, հետագա իրադարձությունները ցույց կտան, որ նույնիսկ այդ փոքր տարածքը ռազմավարական առումով անչափ կարևոր էր, և բավականին ճշգրիտ հաշվարկ էր կատարվել թյուրքերի կողմից։ Իրականում այդ սահմանային փոփոխությունները աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ առաջ բերեցին տարածաշրջանում, և առաջին հերթին կիսով չափ բացեցին պանթուրքիզմի երախը և նորոգեցին մարած հույսերը՝ դեպի միավորույմ թյուրքական աշխարհի հետ։
Ստանալով Նախիջևանի հետ ընդհանուր ցամաքային սահման, Թուրքիային մնում էր սպասել պատեհ առիթին․․․

Այդ ամոբողջ ժամանակահատվածում Թուրքիան իհարկե, ձեռքերը ծալած չէր նստել, և ցանկացած պատեհ առիթի պատրաստ էր Հայաստանին հոշոտել։ Այն Հայաստանին, որը սեպ էր՝ խրված Թուրքիայի և թուրքական աշխարհի միջև։ Եւ այդպիսի առիթ էր հենց ԽՍՀՄ-ի փլուզումը։ ԽՍՀՄ փլուզմամբ Թուրքիայի համար բացվում էին հնարավորություններ դեպի թյուրքական աշխարհ շարժվելու համար, սակայն ճանապարհին դարձյալ կանգնած էր հայկական գործոնը։

Հայտնի է, որ Թուրքիան ակտիվացրել էր իր ջանքերը՝ Ադրբեջանի հետ ցամաքային սահման ապահովելու միջոցով, դեպի թյուրքական աշխարհ շարժվելու համար հատկապես 1993-ի ամռանը՝ երբ Ռուսաստանում պետական հեղաշրջում էր պատրաստվում կառավարության դեմ: Հենց այս ժամանակ Մոսկվայում պատրաստվում էր պետական հեղաշրջում՝ հայտնի պուտչը, որի առանցքային դեմքերից էր Պետական Դումայի նախագահ Խասբուլատովը, ով ազգությամբ չեչեն էր։ Հայտնի է, որ այս ժամանակահատվածում գաղտնի համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի և Խասբուլատովի միջև, համաձայն որի, իշխանության գալուց հետո Ռուսաստանը պետք է չեզոքություն պահեր, եթե Թուրքիան հարձակվեր Հայաստանի վրա։ Սակայն ինչպես արդեն գիտենք, իրադարձություններն այլ ուղղությամբ զարգացան։

Հայտնի է, որ Նախիջեւանի բնակչությունն առանձնանում է հայերի նկատմամբ պակա՛ս թշնամական տրամադրվածությամբ, քան բուն Ադրբեջանի տարածքի բնակչությունն է։ Նախկինում այս հատվածում եղել է փոխադարձ լոյալ վերաբերմունք։ Հայտնի է, որ նույնիսկ հրամանատարների մակարդակով շփումներ են եղել: Սակայն վերջին շրջանում նկատելի է պետական նպատակաուղղված աշխատանք՝ ամեն գնով ատելություն սերմանել հայերի նկատմամբ։

Վերադառնալով Նախիջևանի սահմանային փոփոխություններին, պետք է նշել, որ կարևորը թերևս այն էր, որ մինչև Ռեզա Շահի և Քեմալ Աթաթուրքի միջև սահմանային փոփոխությունների շուրջ համաձայնության հասնելը, Հայաստանը Իրանի հետ ուներ երկու սահման՝

ԽՍՀՄ 1928թ. ատլասից, որտեղ երևում են հայ-իրանական «երկու» սահմանները

մեկը հարավում, իսկ մյուսը՝ ներկայիս Վեդի քաղաքից հարավ ընկած հատվածում (որն այսօր հայ-թուրքական սահմանի մի մասն է)։ Ինչպես հասկանում ենք Իրանի շահը սխալվեց՝ այդ փոքր հատվածը փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը։ Միայն պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե Նախիջևանը կտրված լիներ նաև Թուրքիայից, և մնար որպես անկլավ Հայաստանի և Իրանի միջև։ Թերևս այսօր հնարավոր չէր լինի պատկերացնել, թե ինչպիսի աներևակայելի համարձակություն պետք է ունենար Ադրբեջանը, որ հակամարտության մեջ ներքաշեր անկլավ կամ կիսաանկլավ Նախիջևանին։ Բացի այդ՝ Հայաստանը Իրանի հետ կունենար էլ ավելի հարմարավետ և կարճ ճանապարհ բեռնափախադրումների համար դեպի արտաքին աշխարհ՝ որպես իրանական ապրանքների տարանցիկ երկիր, և այս ամենի համատեքստում հասկանալի է, որ Հայաստանի և իրանական կողմի ստրատեգիական շահերն այսօր անցնում են Նախիջևանով։ Նախիջևանը թյուրքական աշխարհի այն հենակետ-խաչմերուկն է, որի միջոցով պետք է կապվեն թյուրքալեզու ժողովուրդներն ու պետությունները Թուրքիայի հետ, ինչը կնշանակի առնվազն Հայաստան պետության վախճան։ Իրանական շահերն իրենց հերթին պահանջում են Նախիջևանը ապաթյուրքացնել, որպեսզի հնարավոր չլինի Իրանը հյուսիսից շրջափակել թյուրքական շերտով։ Այստեղ իհարկե, համընկնում են հայ-իրանական շահերը, ինչը այլ պարագայում թերևս ունենար էական և շոշափելի համագործակցություն և փոխըմբռնում Նախիջևանի հարցում։

Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր հայ-ադրբեջանական հիմնախնդրի բանալին թերևս Նախիջևանն է։