Լուրեր

Թուրք-ադրբեջանական նոր արկածախնդրությունը պետք է խեղդել դեռ ի հայտ չեկած․ Արա Պողոսյան

Ինչպես գիտենք, Ադրբեջանի կողմից սանձազերծված դիվերսիոն գործողությունները, ապա՝ նաև հրետանային արկակոծությունը ՀՀ պետական սահմանի, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ հերթական անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ պայմանավորվել։ Միևնույն ժամանակ տեղին եմ համարում նշել, որ սա պարզապես միջադեպ չէ, այլև նախապես ծրագրավորված գործողություններ, որոնց պատվիրատուն առաջին հերթին Թուրքիան է։ Պատահական չէ, որ վերջերս Թուրքիայի ազդեցության տակ գտնվող ուժերը հակահայկական սադրանքներ սկսեցին Լիբանանում, այնուհետև հակահայկականության ալիքն հասավ Թուրքիա։ Սրանք թերևս պատահականություններ չեն, այլ տրամաբանական հաջորդականություն նախապես մշակված ռազմավարության։ Որպեսզի ասվածն առավել առարկայական լինի, փորձեմ ներկայացնել, թե ինչ հայտարարություններ հնչեցին Թուրքիայից ի պաշտպանություն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի։

Այս ռազմագործողությունները սակայն էականորեն տարբերվում են նախկիններից։ Այսպես․
-Միջադեպին արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ն, որի տարածած հաղորդագրության մեջ պաշտոնական Անկարան ցավակցություն է հայտնել «բարեկամ և եղբայր» Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությաը կրած կորուստների համար։ Տարածված հաղորդագրության մեջ հատկապես ուշագրավ է հետևյալ հատվածը․ «Հայկական կողմը պետք է հրաժարվի նմանատիպ վտանգավոր մարտավարությունից, պետք է ընտրի ողջախոհությունը և իրավական ճանապարհը։ Սեփական կարողությունները գերազանցող նպատակների համար արկածախնդրության դիմելը ցույց է տալիս, որ Հայաստանը հանդիսանում է ամենամեծ խոչընդոտը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Թուրքիան շարունակելու է իր բոլոր հնարավորություններով լինել Ադրբեջանի կողքին տարածքային ամբողջականությունը պահպանելու նրա պայքարում»։

Այնուհետև, թեմային անդրադարձել է Թուրքիայում իշխող և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։ Ինչպես փոխանցում է ermenihaber.am-ը, Օմեր Չելիքը «Twitter»-ի իր միկրոբլոգի էջում նշել է հետևյալը. «Մենք խստիվ դատապարտում ենք Հայաստանի ագրեսիան մեր Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանը թող վստահ լինի, որ դա չի մնալու անպատասխան»։

Եվ վերջապես թեմային անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով երկրի պետական TRT haber-ի ուղիղ եթերում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած բախումներին նշել է․ «Հայաստանը թող խելքը գլուխը հավաքի։ Մենք մեր բոլոր հնարավորություններով Ադրբեջանի կողքին ենք»։ Իր խոսքում Չավուշօղլուն հատկապես նշել է, որ Թուրքիան իրենից կախված ամեն աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունը, որն հավակնում է դառնալ նաև համանախագահ, իր արտաքին գործերի նախարարի բերանով ասում է, որ Ադրբեջանը հակամարտության վերաբերյալ ինչպիսի լուծում նախընտրի, Թուրքիան նրա կողքին կլինի։

Այսպիսով՝ սա այն եզակի դեպքերից, է, երբ միջադեպը միանգամից բուռն արձագանք է ստանում Թուրքիայում։ Կարելի է ասել, որ նման արձագանքը առաջին վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանն ինքնուրույն չի՛ սկսել հատկապես այս ռազմական արկածախնդրությունը, և տեղի ունեցածի մեջ չկա որևէ պատահականություն։

Սակայն պետք է նաև նշենք, որ զավեշտալին հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն էր, որը նախ և առաջ՝ առարկայական չէր, այլ վերացական բնույթ էր կրում, կարծես 21-րդ դարում համանախագահները ո՛չ տեսնում են և ո՛չ էլ լսում, և անզորությունից հավասարության նշան են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ասել է թե՝ ագրեսորին հավասարեցնում են պաշտպանվող կողմի հետ։ Առավել քան զավեշտալի էր հատկապես այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստորեն համանման վերաբերմունք ունի թե՛ ՀՀ պետական և միջազգայնորեն ճանաչված սահմանների և թե՛ Արցախի Հանրապետության՝ դե յուրե չճանաչված պետության սահմանների վրա հարձակման դեպքերի նկատմամբ։ Սա ևս մեկ անգամ սասանում է առանց այն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն սասանված հեղինակությունը։ Անթույլատրելի է նման վերաբերմունքը, որը վկայում է, որ միջազգային իրավունքի այնպիսի հանրաճանաչ իրավական նորմեր, ինչպիսիք են՝ պետությունների տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և այլն, ունեն ընդամենը դեկլարատիվ բնույթ, և ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջնորդվում է բացառապես սեփական օրակարգով, հաշվի չառնելով տարածաշրջանային անվտանգության իրական հնարավորությունները, անկայունության պատճառներն ու  դրանց լուծման հնարավոր ուղիները։ Դատեք ինքներդ, ՀՀ պետական սահմանների վրա ոտնձգություն է կատարվում, գնդակոծվում են ՀՀ խաղաղ բնակավայրերը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը ընդամենը հայտարարում է․ «Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում ՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները»։

Սակայն առավել քան զավեշտալի է ՀԱՊԿ դիրքավորումը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը  հուլիսի 13-ին հրավիրել էր ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ: Սակայն ավելի ուշ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնեց, որ ՀԱՊԿ արտահերթ նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Այսպիսով՝ այն ռազմական դաշինքը, որի անդամ է ՀՀ-ն, արտակարգ ռեժիմով աշխատելու փոխարեն, և ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածի պահանջներին համապատասխան գործելու, որոշում է հետաձգել արտահերթ նիստը։ Իսկ ՀԱՊԿ 4-րդ հոդվածը, մասնավորապես սահմանում է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
     Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Այսպիսով՝ տարածաշրջանային անվտանգության ապակայունացման գործում մենք տեսնում ենք առնվազն թուրք-ադրբեջանական համակցված գործողությունների պլան, որտեղ թերևս կարևորագույն դեր ունի Թուրքիան, որն իր սանձազերծած տարածաշրջանային ստատուս քվոյի փոփոխման ծրագրերում կարևոր դեր է վերապահել փաստորեն Ադրբեջանին, որի միջոցով փորձում է մտնել նաև հարավ-կովկասյան տարածաշրջան։ Անչափ կարևոր է, որպեսզի դեռ ի հայտ չեկած կարողանանք խեղդել թուրք-ադրբեջանական ցանկացած արկածախնդրություն։

Իրերի նման դասավորումը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի և Հայ ազգի միակ դաշնակիցը Հայն է և Հայոց Բանակը։

Հեղինակ՝ Արմենական կուսակցության հիմնադիր
հանձնախմբի անդամ Արա Պողոսյան