Պատմություն

ՍԵՊՈՒՀ (ԵՐՎԱՆԴ ՔԵՈՍՅԱՆ 1882-1908): ՀԱՅՏՆԻ ԱՐՄԵՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ

     Երվանդ Քեոսյանը ծնվել է Արաբկիրում 1882 թ., ականատես եղել թուրքական դահիճների ոճրագործություններին, որոնք ի թիվս բազմաթիվ անմեղ արաբկիրցիների, 90-ական թվականներին սպանում են նաև նրա հորը։ Տասներեք ամյա պատանին հոր սպանության վիշտը սրտում և վրեժի երդումը աչքերի մեջ‚ շուտով տեղափոխվում է Խարբերդ, իսկ մեկ տարի անց` 1893-ին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1901թ. ավարտելով այն, մեկնում է Վան։ Այնուհետև շրջում է Վասպուրականի գավառներում, լինում է Մոկսում, Գավաշում, Արճեշում և այլ տեղերում, իսկ հետո գնում է Պարսկաստան և երեք տարի Ուրմիայում զբաղվում ուսուցչությամբ ։
Այստեղ ծանոթանալով արմենականների ծրագրին ու կանոնագրին, դառնում է համոզված արմենական։ Կապեր է հաստատում Սալմաստի արմենական գործիչների հետ։ Գնահատելով Սեպուհի մեծ առաքինությունները, Սալմաստի արմենական վարիչ մարմինը անսալով նշանավոր արմենականներ Գր. Պեոզիկյանի և Ա. Եկարյանի հորդորներին, Սեպուհին որպես գործիչ ուղարկում է Վան։

Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, Սեպուհը ծպտված 1906-ին մտնում է Վան և ծավալում բեղուն գործունեություն։ Շուտով նա ստանձնում է Վանի Արմենական մասնաճյուղի ղեկավարությունը։ Հավաքելով ու միավորելով արմենականների ցաք ու ցրիվ ուժերը, արագորեն մեծացնում է արմենական խմբերի քանակը և զարկ տալիս ինքնապաշտպանության գործին։ Հիմնում է Վանի Արմենական Երիտասարդաց միությունը ու նրա խոսափող «Կայծ» խմորատիպ թերթը և, վերջապես, գլխավորում է իր զինակիցների պայքարը այլ քաղաքական ուժերի դեմ։ Սեպուհը հատկապես փորձում է իր խելացի, հանդարտ ընթացքով մեղմել ՀՅ Դաշնակցություն եւ Արմենական կուսակցությունների միջև աճող լարվածությունը, որը հետևանք էր նրանց միջև ազդեցության համար մղվող անզիջում մրցակցության։

Սեպուհն իր եռանդուն եւ ժողովրդանպաստ գործունեության շնորհիվ շուտով վայելում է շատերի սերն ու հարգանքը։ Այս հանգամանքը զգալի դեր է խաղում արմենականների համախմբման ու հզորացման գործում և նպաստում երկարատև ընդմիջումից հետո Արմենական կուսակցության նկատելի աշխուժացմանը Վանում։ Սեպուհի եղերական նահատակությունը, սակայն, ծանր և անդառնալի կորուստ եղավ կուսակցության համար։ Դա տեղի ունեցավ 1908թ. հունվարի 23-ին, Վանում թուրքական զինվորների կողմից` դաշնակ Դավոյի հայտնի դավաճանության հետևանքով առաջացած դեպքերի ժամանակ։ Դավոն կառավարությանը մատնել էր հայերի զենքի շատ թաքստոցներ։ Խուզարկող թուրք զինվորները մտնում են այն փողոցը, ուր գտնվում էր Սեպուհը։ Չուզենալով մի հայ պատվարժան ընտանիքի դժբախտության պատճառ դառնալ, պատսպարված տնից դուրս գալու պահին նա խոցվում է «պահակ կեցած թուրք զինվորներու տարափից» տակավին երիտասարդ, ընդամենը 28 տարեկան հասակում ։ Վանը ցնցված էր, և ինչպես վկայում է ականատեսներից մեկը, Սեպուհի սպանության պատճառով «Ամբողջ Վասպուրականը սրտագին լաց ու կոծի մեջ էր» ։

Երվանդ Քեոսյանին ճանաչողները նրա մասին թողել են բազմաթիվ ջերմ տողեր։ Արմենակ Եկարյանը, օրինակ, գրում է, որ Սեպուհը «թեև երիտասարդ, բայց ուշիմ և հեղափոխական անձնավորություն էր»։ Նա իրավամբ նկատեց, որ դաշնակցության կողմից «արմատացած չարիքի մը դեմ կանոնավոր կազմակերպությամբ մը միայն հնարավոր պիտի ըլլար մաքառիլ։ Ահա թե ինչ բանի կձգտեր արմենական ղեկավար Սեպուհը» ։ ՍԵպուհի մահվամբ, ինչպես ճշմարտացի նշում է Ա. Եկարյանը, արմենական «անձնվերներու շարքը գրեթե կը փակվի»։