Լուրեր

Թուրքիան պատրաստվում է կրկի՞ն օգտագործել «100 հազարավոր ապօրինի էմիգրանտ հայերի» գործոնը

ermenihaber.am-ը հղում կատարելով թուրքական Yenicaggazetesi-ին, անդրադարձել էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Սուլեյման Օզքարաասլանի՝ մի քանի օր առաջ արած գրառմանը, որը քննարկման առարկա էր դարձել Թուրքիայի մեջլիսում: Նա առաջարկել էր Թուրքիայից արտաքսել 1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ. եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունենանալով իսլամացած հրեաներին՝ դյոնմե), ինչպես նաև Թուրքիայում գտնվող 100 հազար ապօրինի էմիգրանտ հայերին սիրիացիների հետ միասին։
Թեմայի վերաբերյալ իր Ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Արմենիական կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ, քաղաքագետ Արա Պողոսյանը, նշելով.
«Վստահաբար կարող ենք պնդել, որ առնվազն առաջիկայում Թուրքիայից հատկապես հայերի արտաքսում չի լինի: Ինչո՞ւ.
– Թուրքիայում գտնվող 100 հազար ապօրինի էմիգրանտ հայերի գործոնը հաղթաթուղթ է Թուրքիայի ձեռքում, որպեսզի ճնշումներ գործադրի և՛ ՀՀ իշխանությունների վրա, և՛ միջազգային հանրության աչքերը կապի, թե տեսե՛ք, եթե մենք ցեղասպան լինեինք, ինչպե՞ս կհանդուրժեինք հարյուր հազարավոր ապօրինի էմիգրանտ հայերի ներկայությունը Թուրքիայի տարածքում: Եվ պատկերացրեք, որ մինչ այժմ բավականին հաջող են օգտագործել այս «հաղթաթուղթը»:
Այսինքն, սա մի գործոն է, որը թուրքական իշխանությունները ժամանակ առ ժամանակ օգտագործել են: Ի դեպ՝ այն ժամանակ, երբ Թուրքիան ինչ-որ հակահայկական գործողություն, կամ բանաձև է ընդունել, կամ ակտիվացել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը և թուրքերը որևէ վտանգ են զգացել, շահարկվել է «Թուրքիայում գտնվող 100 հազարավոր ապօրինի էմիգրանտ հայերի» գործոնը:
Այնպես որ, սա ո՛չ թե արտաքսման գործընթացի սկիզբն է, այլ միջազգային ինչ-ինչ ճնշումներին դիմակայելու և հակառակ օպերացիա ձեռնարկելու նախերգանքն է:
Այնպես որ պատրաստ լինենք նոր զարգացումների»: