Պատմություն

Հայոց ցեղասպանության տնտեսական գործոնը․ Հետազոտական աշխատանքն Արեգ Հովհաննիսյանի

  ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                         ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

 

  ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ  

  

Թեմա՝ «Հայկական հարց և Հայոց ցեղասպանության»
Դասախոս՝ պ. գ. թ. դոցենտ Վահագն Հակոբյան
Ուսանող՝ Արեգ Հովհաննիսյան

Ներբեռնել հոդվածն  այստեղից՝

   ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմը՝ հայ ժողովրդի պատմության ամենարյունալի էջերից էր: Այս տարիներին տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությունը, որի ժամանակ հայ ժողովուրդը ենթարկվեց ոչ միայն հայրենազրկման ու զանգվածային բնաջնջման, այլև ահռելի նյութական կորուստենր կրեց: Օսմանյան Կայսրությունը իր ներուժը դնելով բացառապես նվաճողական արշավանքների վրա, աչքաթող էր արել երկրի տնտեսությունը, որից էլ օգտվելով աշխատասեր հայ ժողովուրդը Կայսրության տարածքում սկսեցին ձեռք բերել մեծ կապիտալ: Հայ ժողովուրդ դարեր շարունակ ենթարկվել է օտար զավթիչների հալածանքներին և պայքարել իր գոյության համար:  Օսմանյան թուրքերը սկզբնական շրջանում հայերին բնաջնջելու և նրանց հարստությանը տիրելու մտադրություն չեն ունեցել: Այլ էր 19-րդ դարում Օսմանյան Կայսրության վարած քաղաքականությունը: Բեռլինի վեհաժողովից հետո, Աբդուլ Համիդը Երկրորդը հասկացավ, որ  Հայկական հարցը խանգարելու է երկրի զարգացմանը և հիմք է դառնալու  Եվրոպական  մի շարք տերություններին խառնվելու կայսրության ներքին գործերին:

19-րդ դարի վերջին քառորդում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները (ցույցերը, ընդհատակյա գաղտնի կազմակերպությունների բացահայտումը, բարեփոխումների պահանջները ժողովրդին ազատագրական պայքարի մղելու գաղափարախոսությունները, հայրենասիրական նկրտումները, պահանջատիրությունը, անկախության քարոզը) ստիպեցին Աբդուլ Համիդ Երկրորդին իր քաղաքական օրակարգում առաջնային խնդիր դարձնել հայ ժողովրդի բնաջնջումը և ունեզրկումը, ինպես նաև այդ տարածքները մահմեդականներով վերաբնակեցնելը: Արգելվեց մի շարք դպրոցների գործունեությունը, սահմանվեց դաժան հարկային համակարգ, ավելի շատ արտոնություններ տրվեցին մուսուլմաններին, որն էլ նպաստեց հայերի ունեզրկմանը: Այս քաղաքականությունը, որոշ փոփոխություններով շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: Երիտթուրքերի իշխանության գալուց հետո 1914թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Երիտթուրք ղեկավարները օգտվելով Գերմանիայի աջակցությունից և հասկանալով, որ եվրոպական տերությունները ներգրավված են պատերազմում և ուշադրություն չեն դարձնի իրենց երկրում տիրող իրավիճակին, սկսեցին իրագործել վաղուց պլանավորած ծրագիրը՝ հայերի բնաջնջումը և ունեզրկումը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական կառավարությունը նյութական ահռելի կորուստներ կրեց, այդ պատճառով էլ քայլեր ձեռնարկեց տիրելու ոչ մուսուլման ժողովուրդների ունեցվածքին՝ պատերազմի և բանակի ծախսերը հոգալու համար:

Նպատակը: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստները:

Խնդիրները: Հետազոտության նպատակով պայմանավորված առաջ են գալիս հետևյալ խնդիրները՝

  1. Ինչպե՞ս էր Օսմանյան Կայսրությունը պատկերացնում իր տնտեսության զարգացման ուղիները, ինչպե՞ս այն ազդեց հայ ժողովրդի կապիտալի վրա: Ինչպիսի՞ տնտեսական ներուժ ուներ հայ ժողովուրդը Օսմանյան Կայսրության տիրապետության շրջանում:
  2. Ի՞նչ մեխանիզմներով ու «օրենսդրական» հնարքներով են թուրքական իշխանությունները ցեղասպանությանը զուգահեռ իրականացրել հայ ժողովրդի զանգվածային ունեզրկման քաղաքականությունը:
  3. Որքա՞ն են կազմում հայ ժողովրդի կրած նյութաան կորուստները տարբեր աղբյուրներում և ուսումնասիրություններում:

Խնդրի արդիականությունը-նշանակությունը:  Այս թեման քիչ ուսումնասիրված է, մասնակի ուսումնասիրվել է սփյուռքահայության շրջանում, որոշ տեղեկություններ կան օտար հեղինակների աղբյուրներում և մասնակի հետխորհրդային անկախ Հայաստանում: Այժմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում մեծ դեր է խաղում հայ ժողովրդի կրած նյութական կորուստների չափը և դրանց հաղթահարման ու փոխհատուցման եղանակները:

Օգտագործված գրականության տեսություն: Այս թեմային վերաբերող շատ քիչ ուսումնասիրություններ է կատարվել, հիմանականում, սփյուռքի պատմաբանների շրջանում և հետխորհրդային  անկախ հանրապետությունում, քանի որ Խորհրդային Հայաստանում այս թեման արգելված էր: Աշխատանքը շարադրելիս օգտվել ենք ինչպես սփյուռքահայ, այնպես էլ թուրք հեղինակներից և տարբեր թուրքական կայքերից, ինչպես նաև հետխորհրդային Հայաստանում ստեղծված գրականությունից: Այս առումով առանձնանում են՝ Լևոն Վարդանի[1] աշխատությունը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե Օսմանյան Կայսրության ղեկավարությունը ինչպիսի մեթոդներ էր կիրառում, որ տեղահանության ժամանակ արգելեն հայերին իրենց հետ նյութական հարստություններ տանել: Անահիտ Աստոյանի[2] աշխատանքը օգնում է լուսաբանելու այն կառույցները, որոնք ցեղասպանության տարիներին իրականացնում էին հայերի ունեզրկումը, նաև օտարերկրյա գործիչների և թուրք ղեկավարների հանդիպումների ժամանակ հայերի ունեզրկման մասին կայացրած խոսակցությունները: Արմեն Մարուքյանի[3] աշխատանքը օգնում է լուսաբանել Օսմանյան Թուրքիայի տնտեսական զարգացման ուղիները և պատկերացում կազմել Օսմանյան Կայսրության տարածքում հայերի տնտեսական ուժի մասին: Յուրի Բարսեղովի[4] աշխատությամբ պատկերացում ենք կազմում Հայ առաքելական եկեղեցու, հայերի կրած նյութական կորուստների չափի մասին:

 

   Հայոց ցեղասպանության տնտեսական գործոնը

Բնականաբար, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մենք առաջին հերթին, և գրեթե բացառապես, շեշտել ենք հայ ժողովրդի մարդկային կորուստները: Սակայն ցեղասպանության տարիներին հայ ժողովուրդն ունեցել է նաև հսկայական նյութական կորուստներ: Անվիճելի է, որ ցեղասպանության երկրորդական նպատակներից է եղել հայ ժողովրդի անհատական և հավաքական սեփականության

յուրացումը: Միջազգային իրավունքը հռչակում է, որ հանցագործը չպիտի վայելի իր հանցագործության պտուղները: Այլ խոսքով, հանցագործության հետևանքները չեն կարող ճանաչվել կամ օրինականացվել[5]:

Չի կարելի ժխտել այն պատմական փաստը, որ Օսմանյան կայսրության կառավարությունը ձգտում էր տիրել հայերի հարստությանը: Անկախ նրանից, որ հայ ժողովուրդը Օսմանյան Կայսրության հպատակության տակ էր, այնուամենայնիվ, տնտեսական ոլորտում հայերը ամբողջ կայսրության տարածքում առաջնային դիրք էին զբաղեցնում՝ զիջելով միայն հույներին: Հիշատակության է արժանի թուրքական «Ալեմտար» թերթի խմբագիր Րեֆի Ջևադ բեյի կարծիքը, որ նա հայտնել է Լոզանի խորհրդաժողովի հայ պատվիրակներին. «Իմ համոզումն այն է, որ թուրքերի` հայերի դեմ թշնամության հիմքը ոչ քաղաքական է, ոչ էլ կրոնական, այլ պարզապես տնտեսական: Թուրքիո այսօրվա և նախկին ղեկավարները թուրք ժողովրդին ներշնչել են քրիստոնյաների ունեցվածքին տիրանալու տենչը: 1915 թվականին ես անցա ամբողջ Անատոլիայով և չտեսա թուրքական մեկ տուն, որտեղ չգտնվեին հայերի կարասիներ, գորգեր կամ ուրիշ իրեղեն: Վաղը եթե առիթ գտնեն, թուրքերը նույնը պետք է անեն անպատճառ»[6]:

Այսպիսով, ըստ՝ «Ալեմտար» թերթի խմբագիր Րեֆի Ջևադ բեյի կարծիքի, Օսմունյան կայսրության ղեկավարների խնդիրը հայ ժողովրդի տնտեսական հարստությանը տիրելն էր:

Հայ և օտար շատ պատմաբաններ և քաղաքագետներ հայասպանության առաջնային նպատակը համարում են հայերի հարստությանը տիրանալու թուրքերի ձգտումը: Հայկական ցանկացած կոտորածի շարժառիթներին անդրադառնալիս՝ նրանք մեծ նշանակություն են տվել թուրքերի մոտ արմատացած՝ քրիստոնյաների ունեցվածքի թալանի անհագուրդ կրքին և կարևորել տնտեսական ոլորտում հայերի նշանակալից ձեռքբերումները, որոնք առաջ բերելով թուրքերի նախանձը, վերջիններիս դրդել են ոչնչացնել հայերին՝ նրանց ունեցվածքը հափշտակելու ակնկալությամբ: Իրապես, մահմեդականների կողմից հպատակ քրիստոնյա ժողովուրդներին կողոպտելը միանգամայն բնորոշ էր օսմանյան հասարակությանն առհասարակ և նպաստել է կոտորածների սանձազերծմանը: Հայերի հարստությանը տիրանալու ձգտումը թուրքական լայն զանգվածների մոտ ուժեղացավ մանավանդ 1914 թվականի հոկտեմբերից հետո, երբ Օսմանյան կայսրությունը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմի մեջ[7]: Նշենք այն, որ հաճախ քրդերը և օսմանաբնակ մուսուլման շատ ժողովուրդներ, երբ հալածում էին հայերին, թալանում կամ ունեզրկում, քրեական պատասխանատվության չէին ենթարկվում:             Հայերի ունեզրկմամբ շահագրգիռ էին նաև երիտթուրքական իշխանությունները: Երիտթուրքերի պարագլուխներն իրենց գաղտնի ժողովներում մշակում էին հայերի ունեցվածքի կողոպուտը կազմակերպելուն ուղղված միջոցառումներ:     Պետության արտաքին ահռելի պարտքը սպառնում էր երկրի անկախությանը: Դրան գումարվել էին պատերազմական մեծագումար ծախսերը: Հայերի հարստությամբ պետական դատարկ գանձանակը լցնելու և թուրք պաշտոնյաների անձնական հարստությունը բազմապատկելու նպատակին, 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմներից հետո գումարվեց նաև թուրք գաղթականների բնակության հարցը: Տեղահանված հայերի լքած տները թուրք վտարանդիներին հանձնելը համարվում էր տվյալ հարցի լուծում[8]: Հասկանալու համար, թե Օսմանյան Կայսրությունը ինչպես էր պատկերացնում իր  երկրի տնտեսական զարգացման ուղին, և պատկերացում կազմելու համար հայերի տնտեսության մասին նախ և առաջ նշենք հետևյալ նախադրյալները՝ 19-րդ դ. վերջին 20-րդ դ. սկզբին օսմանյան մասնագիտական ամսագրերի, մամուլի էջերում, ակումբներում տարբեր հայացքներ ունեցող թուրք մտավորականները՝ ազատականները, իսլամականները, ազգայնականները աշխույժ քննարկում էին երկրի տնտեսական զարգացման հնարավոր ուղիները[9]: Քննարկումներից երևում է, որ ոչ մուսուլման բուրժուազիային արդյունաբերության բնագավառից, ներքին և արտաքին ասպարեզներից դուրս մղելը, շուկային միանձնյա տիրելը, տնտեսական ամուր դիրքեր նվաճելը դարձել էին բարձրացող թուրք ազգային բուրժուազիայի գլխավոր մտահոգությունը[10]: Այդ վեճերում բազմիցս անդրադառնում էին «ազգային տնտեսություն» կառուցելու անհրաժեշտությանը: Իրականում «ազգային տնտեսությունը», ինչպես նշում են հարցով զբաղվող պատմաբաններ Ա. Աքթարը, Ս. Չեթինօղլուն և այլք, ոչ այլ ինչ էր, քան «տնտեսության թուրքացում»[11]: «Օսմանյան, իմա՝ թուրք ազգի տնտեսական այդ իդեալին» հասնելու «առաքելությունը» որդեգրեցին իթթիհադականները և նրանց քաղաքական ժառանգորդ հանդիսացող քեմալականները: Համաձայն նրանց ծրագրի նորահայտ «թուրք բուրժուաներն» այլևս կարիք չէին ունենալու մրցակցության մեջ մտնել, նոր շուկաներ հետազոտել, սեփական դրամագլուխ կուտակել, հարկավոր էր միայն «հեռացնել» մրցակցին և տիրանալ նրա ունեցվածքին: Այսպիսով՝ թուրք վաճառականները հասկանալով, որ չէին կարող տնտեսապես հասնել հայերին նրանց հետ չէին փորձում մրցակցել, քանի որ նպատակը մեկն էր՝ հայերի ունեցվածքը ոչ օրինական ճանապարհով առգրավելը:

Հայերի, հույների, ինչպես և այլ փոքրամասնությունների թալանն ու կողոպուտը մշտական երևույթներ էին օսմանյան պետությունում: Սակայն ունեզրկման գործնթացը որպես ծրագրված քաղաքականություն և ցեղասպանության բաղկացուցիչ մաս հանդես եկավ հենց երիտթուրքերի ժամանակաշրջանում:: Հանրապետական Թուրքիայի ողջ գոյության ընթացքում այդ քաղաքականությունը հետևողականորեն շարունակվում էր՝ տարբեր գործողությունների, իրավական ակտերի և քայլերի միջոցով:

ա) Հայերի տնտեսական ներուժը օսմանյան կայսրությունում: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրության արտաքին և ներքին խոշոր առևտրում, արդյունաբերական արտադրության մեջ, բանկային գործերում հայերն ազդեցիկ դիրք էին գրավում: Նրանք և հույները իրենց ձեռքում էին կենտրոնացրել երկրի տնտեսական կարևոր լծակները: Հայկականի համեմատությամբ, թուրք բուրժուազիան երրորդն էր՝ զիջելով հայերին և հույներին և օսմանյան տնտեսության մեջ նշանակալի դեր չուներ: Հայ վաճառականներն ու գործարանատերերը նշանակալի դեր էին խաղում աշխարհագրական երեք մակարդակներում. կենտրոնական քաղաքներում (Ստամբուլ, Անկարա, Տրապիզոն), նահանգային քաղաքներում (Կայսերի, Խարբերդ, Թոքաթ) և միջազգային քաղաքներում (Լոնդոն, Մանչեստր)[12]: Երիտթուրքական իշխանությունները խիստ մտահոգված էին, որ հայերի տնտեսական և նյութական հզորացումը հիմք է դառնալու նրանց վաղվա քաղաքական հաղթանակների համար: Աստիճանաբար թուրք իշխանությունների մոտ ուժեղանում էր այն մտայնությունը, որ վաղ թե ուշ երեկվա հպատակ հայը և հույնը տիրանալու են իրենց իշխանությանը, ինչպես դա արել էին տնտեսության ասպարեզում: Այս ամենի մասին գրել է նաև հայ մեծանուն գրող Գրիգոր Զոհրապը: Օսմանյան Կայսրության վերնախավը իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին քաղաքական, ռազմական, ոստիկանական ոլորտներին, և աչքաթող էր արել առևտուրը, տնտեսությունը, արհեստագործությունը: Հայերը և հույները, քանի որ քրիստոնյաներ էին իրավունք չուներին ռազմական և վարչական ոլորտում պաշտոններ զբաղեցնել, այդ էր պատճառը, որ նրանք իրենց գործունեությունը ծավալեցին տնտեսական ոլորտում: Այս ամենից բացի Օսմանյան Կայսրությունը նվաճողական քաղաքականություն էր վարում, և երկրի տնտեսությանը այդքան էլ չէր հետևում, քանի որ գրավված օտար  տարածքները  մեծ հարստություն էին բերում: Նշենք որ հայերի տնտեսական զարգացումը կատարվում էր շատ դժվարին պայմաններում, քանի որ  հայ և այլ քրիստոնյա վաճառականներից երեք անգամ ավելի մեծ հարկեր էին գանձվում, քան նույն եկամուտն ունեցող թուրք վաճառականներից: Կողոպուտներն ու կանխամտածված հրդեհները մեծ վնասներ էին հասցնում Վանի, Խարբերդի, Ադանայի և այլ կենտրոնների շուկաներին: Չնայած հայերի և այլ քրիստոնեաների դեմ ուղղված այս հալածանքներին  և ատելությանը նրանք կայսրության առևտրի մեջ առաջնային տեղ էին զբաղեցնում: Վանի շուկաններին հասցվող վնասների մասին տեղեկություններ է հաղորդում Մկրտիչ  Խրիմյանը:

Այսպես, որպես օրինակ նշենք, որ՝ 20-րդ դարի առաջին տասնամյակում Սեբաստիայում, որի բնակչության 35 %-ը հայեր էին, 166 ներմուծող վաճառականներից 141-ը, 150 արտահանողներից 127-ը, 9800 մանր առևտրականներից և արհեստավորներից 6800-ը հայեր էին: 150 ձեռնարկություններից 130-ը պատկանում էին հայերին, 20-ը թուրքական էին կամ խառը կապիտալով, 17700 աշխատավորներից 14000-ը հայեր էին: Այսպիսով` առևտրականների 85%-ը, արհեստավորների 70%-ը, ձեռնարկատերերի 85%-ը, աշխատավորների 80%-ը հայեր էին:[13]:

Թուրքերն իրենք իսկ, անուղղակի կերպով, նպաստել են հայերի տնտեսական հզորացմանը, քանզի արհամարհելով տնտեսական ոլորտը` առևտրի և արհեստների ասպարեզները թողել էին ոչ թուրք տարրերին: Թուրքերի հիմնական զանգվածը մշտապես ձգտել է դառնալ պաշտոնյա կամ զինվորական և թողել է, որ ուրիշ ազգերը աշխատեն  և բարիքներ ստեղծեն իրենց համար: Գահընկեց արված Աբդուլ Համիդ II-ը իր հուշերում գրում է. «Բոլոր չարիքների արմատն այն է, որ ոչ մի օսմանցի չի աշխատում իրական արժեքներ ստեղծելու համար: Օսմանցին սովոր է պարոն լինել և աշխատանքը ուրիշներին թողնել: Նա ապրում է և զվարճանում: Մեր երիտա-սարդները կարծում են, թե իրենք չեն կարող այլ բան դառնալ, քան սպա և պաշտոնյա»[14]:

Այսպիսով՝ հայերը Օսմանյան կայսրությունում տնտեսական ոլորտում հույներից հետո օսմանցիների համեմատությամբ երկրորդային դիրք էին զբաղեցնում, և կապիտալի զգալի մասը կենտրոնացրել էին իրենց ձեռքում, ինչն էլ առիթ դարձավ, որ Օսմանյան Կայսրությունը տիրի հայերի և այլ քրիստոնեաների  ունեցվածքին:

բ) Հայերի ունեզրկման և այդ գործընթացը իրականացնող կազմակերպությունները: Մի ամբողջ ժողովուրդ կողոպտելու համար նախ և առաջ հարկ էր հայերի ունեցվածքը դարձնել տիրազուրկ և այդ ամենը պետք է իրականացվեր մտածված, որ խուսափեին հետագա խնդիրներից: Տեղահանված հայերն իրենց բնակեցման նոր վայրերում հատկացվելիք օգնության խնդրի կարգավորման նպատակով, հայերի թողած գույքի ու ունեցվածքի գործունեության ու վաճառքի վերաբերյալ ընդունվել են մի շարք օրենքներ ու օրենսդրական ակտեր: Օսմանյան Կայսրությունը հետագայում կառչելու էր այդ օրենքից՝ իբրև հիմնական ապացույց այն բանի, որ նպատակ չի հետապնդել բնաջնջելու հայ ազգաբնակչությունը: Կառավարությունը պնդում է, որ թեև կարող են եղած լինել չարաշահման ու թալանի դեպքեր, որոնց լիակատար կանխարգելում իր ուժերից վեր է եղել, պետությունը միջոցներ է ձեռնարկել պաշտպանելու ու պահպանելու հայերի ունեցվացքն ու գույքը[15]:

Հայերի ունեցվածքը բռնագրավվեց 1915 թ-ին, երիտթուրքերի կառավարության կողմից: Ի լրումն ավելի քան 1,5 միլիոն մարդկանց սպանդի և հայերին՝ իրենց 4000-ամյա հայրենիքից արտաքսման, օսմանյան կառավարությունը թուրք և քուրդ բնակչության միջոցով բռնազավթեց հայերի ակտիվները, նրանց գույքը և ոչնչացրեց հայկական պատմական հուշարձանները: Ըստ Տիգրան Քույումջյանի՝ «միասին վերցրած այդ գործողությունները կարելի է դիտարկել որպես մանրակրկիտ ծրագրված հսկայածավալ հանցագործություն և «դարի կողոպուտ»[16]: Այդ նպատակով երիտթուրքական իշխանությունները 1915 թվականի հունիսի 1-ին հրապարակեցին «Տեղահանության օրենքը», որը ընդունվել էր երիտթուրքական կառավարության կողմից 1915 թվականի մայիսի 30-ին: «Տեղահանության օրենքի» հրապարակումից հետո, 1915 թվականի հունիսի 10-ին հրապարարկվեց «Այլ վայրեր տեղափոխված հայերին պատկանող անշարժ գույքերի և հողատարածքների կառավարման ձևի մասին» կանոնադրությունը[17]: Այն ցուցումներ և հրահանգներ էր բովանդակում «պատերազմի և քաղաքական արտակարգ պայմանների հետևանքով տեղահանված հայերի թողած շարժական և անշարժ գույքի» հետ վարվելու մասին[18]: 1915 թվականի սեպտեմբերի 26-ին իշխանությունները ընդունեցին «Լուծարման» կամ «Լքյալ գույքերի մասին» օրենքը, որն իր 11 հոդվածներով գալու էր իրավական հիմք ստեղծելու մինչ այդ տեղահանված հայերի` հեռագրերով, հրահանգներով կազմակերպված գույքի կողոպուտի գործողությունները: Այսպես, հայերի գույքերի կողոպուտից, վաճառքից և բաժանումից հետո միայն նախարարական հեռագրերով քաղաքներին և գյուղերին հրահանգվում էր կատարել հայերի լքյալ գույքերի ցուցակագրումն ու կազմակերպել դրանց ապահովությունը[19]: Տեղեկանալով «Լքյալ գույքերի մասին» օրենքի ընդունման մասին “Deutsche Bank”-ի տնօրեն Արթուր ֆոն Գվինները հենգնանքով նշել է, որ օրենքի տասնմեկ հոդվածների բովանդակությունը հանգում է տեղահանված հայերի ամբողջ ունեցվածքի բռնազավթմանը և կառավարության իրավունքի հաստատմանը՝ իր հայեցողությամբ տնօրինելու հայերի հաշիվներում եղած գումարները[20]: Այսինքն՝ ընդունված նոր օրենքները հակասում էին երկրի օրենսդրությանը, այնուամենայնիվ, նշենք այն, որ նույնիս այս պայմաններում Թուրքիայի դաշնակից տերությունների մի շարք ներկայացուցիչներ չէին թաքցնում, որ թուրք ղեկավարները մեծ ախորժակ ունեն հայ ժողովրդի ունեցվածքին տիրելու:

26 սեպտեմբերի 1915 թվականի օրենքի 8-րդ հոդվածի համաձայն և 1915 թվականի հոկտեմբերի 26-ին իշխանությունների կողմից ընդունված կանոնադրությամբ` նախատեսվում էր կազմել Լուծարման կամ Լքյալ գույքերի հանձնաժողովներ, այլ վայրեր տեղափոխված անձանց կողմից լքված գույքերը, նրանց պարտքերն ու պահանջներն օտարելու համար[21]: Դոկտոր Յովհաննես Լեփսիուսը գտնում էր, որ տարագիրների ունեցվածքը հաշվառելու համար կառավարության կողմից կազմված հանձնաժողովներն ու հանձնախմբերը այլ նպատակ չունեին, քան հայ ժողովրդի ունեզրկումը դատական ձևակերպության թափանցիկ քողի տակ ծածկելուց[22]:  «Լքյալ գույքերի մասին» օրենքի և կանոնադրության ամենակարևոր նպատակներից էր զսպել զանգվածային թալանը և լցնել պետական գանձանակը, և պետական պաշտոնյաների ու գործակալների միջոցով ցուցակագրել ու վերջնականապես յուրացնել հայերին պատկանած բոլոր տները, հողերը, շենքերը, արտերը, դպրոցները, վարժարանները, եկեղեցիներն ու վանքերը: Հայերի լքյալ գույքերի կողոպուտի հարցը չսահմանափակվեց լոկ «Լքյալ գույքերի մասին» օրենքով և կանոնադրություններով: Դրանց հետևեցին կառավարության կողմից առաքված բազմաթիվ հեռագրեր, հայտարարություններ, հրամաններ, շրջաբերականներ, կարգադրություններ, որոնց կատարումը սկիզբ էր առել դեռ պատերազմի նախօրյակին[23]: Այդ ամենով՝ կենտրոնը տեղական իշխանություններին կարգադրել էր հայերին թույլ չտալ գույքերի վաճառքը և իրավունք էր վերապահել տեղահանվողներին՝ իրենց հետ վերցնել միայն մեկ կամ մի քանի օրվա սննդամթերք: Հատկապես հսկողություն էր սահմանվել թանկարժեք իրերի և զարդեղենի վրա, որոնք տանելը խստորեն արգելված էր: Այդ բոլորը մաս էին կազմում հայության ոչնչացման և նրա ունեցվածքի յուրացման ընդհանուր գործի[24]:

Գերմանացի պետական և քաղաքական գործիչ Գուստավ Շթրեզեմանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ճամփորդել է Բալկանյան երկրներում և Օսմանյան կայսրությունում: Նա ռազմական նախարար Էնվերի հետ 1916 թվականի հունվարի 26-ին կայացած հանդիպման մասին գրառում է թողել ճանապարհորդական իր օրագրության մեջ, ուր ասվում է, թե Էնվերը նրան տեղեկացրել է, որ արդեն մեկից մինչև մեկ ու կես միլիոն հայ է սպանված: Նա Գուստավ Շթրեզեմանին տեղեկացրել է նաև, որ իշխանությունները բռնագրավել են 800.000-ից 1.000.000 հայերի ունեցվածքը[25]: Թալեաթ փաշան Պոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին առաջարկել էր իրեն հանձնել “New York Live Inshurence Company” և “Eguitable live of New York” ամերիկյան ապահովագրական ընկերությունների հայ ավանդատերերի լիակատար ցանկը` պատճառաբանելով, որ նրանք բոլորը մահացել են առանց ժառանգներ թողնելու և նրանց գումարները պատկանում են կառավարությանը[26]: Օսմանյան խորհրդարանի 1918 թվականի նոյեմբերի 4-ի նիստը «Լքյալ գույքերի մասին» օրենքը ճանաչեց ոչ սահմանադրական և իրավական առումով անվավեր[27]: Սուլթան Մեհմեդ VI-ի կառավարման նորանշանակ վարչակազմի նախագահ Ահմեդ Իզզեթ փաշայի 1918 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով նախատեսվում էր հայերից բռնագրավված հողերի և գույքերի վերադարձը իրենց օրինական տերերին` նրանց վերադարձի և պահանջ ներկայացնելու դեպքում: Հակառակ այս հրամանի` թուրքական իշխանությունների կողմից ընդունվում էին հավելյալ որոշումներ և կարգադրություններ` հայերի ունեցվածքը ետ չվերադարձնելու մասին: Կ. Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթի 1919 թվականի փետրվարի 25-ի խմբագրականը տեղեկացնում էր, որ Ներքին գործոց նախարարությունը վերոհիշյալ հրամանին հավելել էր մի կարգադրություն, ըստ որի տարագիրներն իրենց կալվածքներն ամիջապես կարող էին ետ ստանալ, եթե անձնապես ներկայանան, իսկ սպանվածների, կոտորվածների և մեռածների կալվածքները չէին կարող հանձնվել նրանց մերձավոր և հեռավոր ազգականներին[28]: Այս ամենից կարելի է ենթադրել, որ թուրք մի շարք ղեկավարներ հակասության մեջ էին, քանի որ որոշները պնդում էին, որ պետք է չեղյալ հայտարարել ունեզրկման օրենքները, քանի որ այն հակասում էր օրենսդրությանը և երկիրը լուրջ խնդիրների առաջ կանգնեցներ:

Այսպիսով՝ Երիտթուրքերի իրականացրած ունեզրկման քաղաքականությունը նպաստեց Թուրքիայի տնտեսության զարգացմանը: Նրանց իրականացրած գործընթացին մեծ օգնություն ցուցաբերեցին երկրում գտնվող մուսուլման ժողովուրդները, որոնք ողջունելով հայերի ունեզրկման քաղաքականությունը, վերջինիս իրենց ներդրումը ունեցան այդ գործում:

գ) Նյութական կորուստների չափը և վկայությունները: Օսմանյան կայսրության իշխանություների կողմից ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված նյութական վնասների հատուցման ուղղությամբ որոշակի քայլեր կատարվեցին Առաջին աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո: Հայոց ցեղասպանության նյութական կորուստների առնչությամբ հիմնականում հիշատակվում է 1919 թ. Փարի-զի Խաղաղության վեհաժողովին Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ Արևմտահայերի Ազգային պատվիրակության ներկայացրած հուշագիրը[29]:

Հայ ժողովրդի կրած նյութական կորուստների վերաբերյալ առաջիններից մեկը ով հայտարարությամբ հանդես եկավ Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էր: Նրա ջանքերով 1918 թ. նոյեմբերի 24-ին Թիֆիլսում գործող Հայրենակցական միությունների ժողովի որոշմամբ հիմնվում է Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած նյութական ու մարդկային վնասների քննիչ հանձնաժողովը: 1918 թ. դեկտեմբերի կեսերին Հովհ. Թումանյանը կոչով դիմում է հայ ժողովրդին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել Քննիչ հանձնաժողովին՝ վկայություններ և ցուցմունքներ տալ ինչպես Այսրկովկասում, այնպես էլ՝ Արևմտյան Հայաստանում թուրքերի գործած ոճրագործությունների մասին[30]: Հայկական պատվիրակությունների միացյալ հուշագրի 4-րդ կետով պահանջվում էր, որ հայ ժողովրդի ջարդերի, տեղահանությունների, կողոպուտի ու հասցված վնասների համար Խաղաղության վեհաժողովը օսմանյան պետության նկատմամբ սահմանի տուգանք: Նույն փաստաթղթի համաձայն՝ Օսմանյան կայսրությունը պետք է հանձն առներ վճարել հայերի անշարժ գույքի, եկեղեցիների ու վանքերի կալվածքների, դրացում եղած ունեցվածքի և համայնքից բռնագրավված կալվածքների դիմաց, իսկ առանց ժառանգ մնացած գույքերի իրավունքները պետք է փոխանցվեին Կ. Պոլսի հայ հոգևոր իշխանություններին[31]:                                                          Այսպիսով՝ Փարիզի վեհաժողովում արևմտահայ և արևելահայ պատվիրակությունների ղեկավարները ամեն կերպ փորձում էին միջոցներ  ձեռնարկել, որ եվրոպական տերությունները օգնեն հայ ժողովրդին, որպեսզի պարտված Թուրքիային ստիպեն փոխհատուցել նյութական կորուստները:

Հայերի կրած նյութական կորուստների հուշագրի նախագծի կազմումը հանձնարարվեց Ա. Թերզիբաշյանին ու Վ. Փափազյանին, որոնց հաշվարկների հիման վրա կազմված հուշագիրն էլ Հայաստանի Հանրապետության և Ազգային պատվիրակությունների ղեկավարներ Ա. Ահարոնյանն ու Պ. Նուբարը ներկայացրեցին այդ հանձնախմբին: Հատկանշական է, որ Թերզիբաշյանն ու Փափազյանը սահմանափակեցին միայն Արևմտյան Հայաստանի նահանգների 1 մլն. 800 հազար հայության կրած նյութական կորուստներով, չկատարելով Կիլիկիայի, Օսմանյան կայսրության արևմտյան նահանգների, մայրաքաղաք Կ. Պոլսի և Զմյուռնիայի հայերի կրած նյութական կորուստների հաշվարկներ այն հիմնավորմամբ, թե իբր այդ տարածքների շուրջ 226 000 հայ բնակչությունը չի ենթարկվել տեղահանության, հետևաբար նրանց գույքը չի ենթարկվել բռնագրավման[32]:

1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որն անօրինական ճանաչեց 1915 թվականի օսմանյան կառավարության կողմից ընդունված «Լքյալ գույքերի մասին» օրենքը: Սևրի հաշտության պայմանագրի 114-րդ հոդվածը վերաբերում էր հայերի լքյալ գույքերին[33]: Դաշնակից պետությունների ճնշման տակ, Թուրքիայի սուլթանական կառավարությունը 1920 թվականի հունվարի 8-ի որոշումով անվավեր համարեց «Լքյալ գույքերի մասին» օրենքի գործադրությունը և ընդունեց որոշումներ, ըստ որոնց, 1915 թվականի սեպտեմբերի 26-ի օրենքով և 1915 թվականի նոյեմբերի 8-ի կանոնադրությամբ` պետք էր տեղահանված անձանց Պետական գանձի և Վաքըֆների անուններով արձանագրված գույքերը, նախ, անմիջապես վերադարձնել սեփականատերերին, ապա նրանց անուններով արձանագրություն կատարել, ուղևորության պաշտոնագրով և անցագրերով մեկնողների գույքերը լքյալ չհամարել, ժառանգորդ չունեցողների և մահացածների գույքերի արժեքը հանձնել համայնքի կրոնապետերին` որբերին և աղքատներին բաժանելու համար: Այդ որոշումների համաձայն, աճուրդով վաճառված գույքերը, եթե արժեքազրկված են, պետք էր պետության կողմից վնասը հատուցել, տոկոսով ետ վճարել այն գումարները, որոնք գանձնվել են Լքյալ գույքերի հանձնաժողովի կողմից: Սույն որոշման շատ հոդվածներում նշվում է, որ տեղահանվածների գույքերը ապասեփականացված են[34]: Պետք է նշել, որ եվրոպական տերությունները քայլեր ձեռնարկեցին և պահանջեցին, որ պարտված Թուրքիան չեղյալ հայտարարի «Լքյալ գույքերի մասին» օրենքը և վերադարձնի հայերի կրած նյութական վնասները, սակայն, դեպքերի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ Թուրքական կառավարությունը ոչ միայն չհրաժարվեց այս օրենքից, այլև հայերի ունեցվածքը վաճառեց և մեծ շահույթ ստացավ:

Այսպիսով՝ հայերի նյութական կորուստների մասին վկայություններ են հաղորդում նաև թուրք մի շարք պաշտոնյաներ:

Թուրքական երրորդ բանակի հրամանատար Մահմեդ Վեհիբ փաշան իր ցուցմունքներում նշում էր, որ հայերի կոտորածն ու բնաջնջումը, ինչպես նաև ունեցվածքի հափշտակումն ու կողոպուտը նախապես վճռվել էր «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից և որ իր բանակի տեղակայման շրջաններում գործող արնախում հրոսակախմբերի կազմակերպողն ու ղեկավարը Բեհաէդդին Շաքիր բեյն էր: Էրզրումի վալի Մյունիր բեյն իր վկայություններում նույնպես հայտնում էր, որ Բեհաէդդին Շաքիրի կազմած հրոսակախմբերը, հարձակվելով Քղիի ճանապարհով Էրզրումից ուղարկված հարուստ հայերի քարավանների վրա, կոտորել են հայերին, իսկ նրանց ունեցվածքը` կողոպտել: «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատասխանատու քարտուղարների դատավճռում նույնպես խոսվում էր այն մասին, որ նրանք հատկապես մասնակցել են տեղահանություններին, կոտորածներին և հափշտակված, կողոպտված ապրանքների շնորհիվ դիզել հսկայական հարստություն, «Տեղահանության մասին» ժամանակավոր օրենքն օգտագործել են անձնական շահույթ ստանալու նպատակով, զբաղվել են հարստահարությամբ և տիրացել «լքյալ գույքերին»: Մասնավորապես երիտթուրքական կուսակցության Կաստամոնոյի պատասխանատու քարտուղար Հասան Ֆեհմի էֆենդին, վկաների ցուցմունքների համաձայն, հայերի «լքյալ գույքից» յուրացրել էր արժեքավոր ապրանքներ: «Լքյալ գույքերի» վաճառքից առաջ նա հանձնախմբերի անդամների հետ միասին մտել էր հայերի տներն ու խանութները, դուրս բերել արժեքավոր իրերը, որից հետո միայն թույլ տվել բացել դրանք ու աճուրդի հանել[35]: Փաստորոն պաշտոնյաների վկայությունների համաձայն տեսնում ենք, որ Երտթուրք ղեկավարները երկար ժամանակ էին պլանավորել հայերի ունեզրկման գործընթացը և այն իրենց գործունեությունում առաջնային էր:

Օսմանյան խորհրդարանում «Տեղահանության» և «Լքյալ գույքի մասին» ժամանակավոր օրենքների քննարկումների ժամանակ բացահայտվեցին դրանց կիրառման հետ կապված բազմաթիվ չարաշահումներ: Խորհրդարանի 1915 թ. սեպտեմբերի 21-ի և հոկտեմբերի 30-ի նիստերում պատգամավոր Ահմեդ Ռիզան, իր ելույթում մեջբերելով օսմանյան Սահմանադրության 21-րդ հոդվածը, նշում էր, որ իրավունք չկա սեփականատիրոջ կամքին հակառակ վաճառել նրա ունեցվածքը: Արձանագրելով երկրի Սահմանադրությանը «Լքյալ գույքի մասին» ժամանակավոր օրենքի հակասությունը` առաջարկում էր առաջնորդվել Սահմանադրության 53-րդ հոդվածով և մինչև պատերազմի ավարտը չքննարկել ժամանակավոր օրենքի հաստատման հարցը[36]:

Այսպիսով՝ պետք է նշենք, որ Երիտթուրք կառավարման վերնախավը ամեն ինչ անում էր, որ տիրանար հայ ժողովրդի նյութական ունեցվածքին: Նրանք ամեն ինչ անում էին, որ իրենց գործողությունները «օրենսդրական» տեսք ընդունեին: Օսմանյան Կայսրության ղեկավարները ընդունում էին այպիսի օրենքներ, որոնց մեծ մասը հաճախ հակասում էր երկրի սահմանադրությանը: Եվ հաշվի չառնելով հետևանքները՝ ընդունեցին բազմաթիվ օրենքներ:

Կարևոր հանգամանք է այն, որ հայ ժողովրդի նյութական կորուստներից բացի մեծ վնասներ հացվեց նաև Հայ առաքելական եկեղեցուն, քանի որ պետության և անկախության բացակայության պայմաններում եկեղեցին էր հայ ժողովրդի միասնության գլխավոր երաշխիքը, և Օսմանյան կայսրությունը չեր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու հարստության նկատմամբ:  Օսմանյան կառավարության հատուկ հրահագով մուսուլման հրոսակներն առանձնակի դաժանությամբ էին սպանում հայ մտավորականության մասը կազմող հոգևորակությանը, և ընդգծված բարբարոսություն էին ցուցաբերում հայկական եկեղեցներն ու վանքերը թալանելու, քանդելու ու պղծելու գործում: Մեծ եղեռնի սկզբնական փուլում Օսմանյան կայսրության 50 շրջաններում կողոպտված, կիսով չափ կամ ամբողջությամբ ավերված հայկական եկեղեցիների թիվը կազմում էր 2050, իսկ վանքերինը՝ 203: Միջին հաշվով յուրաքանչյուր հայկական վանք ու եկեղեցի ուներ 5000 օսմանյան ոսկու արժողությամբ գորգեր և կարպետներ: Որոշ հաշվարկների համաձայն, միայն գորգերի և կարպետների նյութական կորուստը կազմում է առնվազն 5000000 օսմանյան ոսկի: Մի քանի տվյալների համադրությամբ` այդ տարիներին ավելի քան 20000 ձեռագրեր ու հնատիպ մատյաններ հրո ճարակ են դարձել[37]:

Հայոց ցեղասպանության իրագործմամբ Հայ Առաքելական եկեղեցուն հասցված վնասների հաշվարկի առաջին փորձը կատարվեց Առաջին աշխարհամարտից հետո, երբ Պողոս Նուբար փաշայի և Ավետիս Ահարոնյանի ստորագրությամբ Փարիզի Խաղաղության վեհաժողովին ներկայացված հուշագրում առանձնացված է ազգային և կրոնական հաստատությունների կամ մասնակի ավերումների բաժինը, որում հատուցում է պահանջվում 83 առաջնորդարանների, 1860 եկեղեցիների ու մատուռների, 229 վանքերի, 26 վարժարանների ու դպրեվանքերի, 1439 դպրոցների ու 42 որբանոցների ավերման, ինչպես նաև դրանց գույքի, նաև 68 ձեռագիր մատյանների ու պատմագեղարվեստական գրքերի հափշտակման համար, որի համար պահանջվում էր 75.000.000 ֆրանսիական ֆրանկ[38]:

Այսպիսով՝ Փարիզի վեհաժողովում ներկայացված հայ առաքելական եկեղեցու կորուստները ահռելի չափերի էին հասնում, որն էլ ցույց էր տալիս այդ ժամանակվա հոգևորականության նյութական հարստությունը:

Այսպիսով՝ Փարիզում տեղի ունեցող վեհաժողովում Քննիչ հանձնաժողովը կազմելով  հայ ժողովրդի նյութական կորուստների մասին տեղեկագիր, նշում է հետևյալ թվերը՝ Արևմտյան Հայաստանի 360.000 հայ ընտանիքները հուշագրում բաժանվում են երկու խմբի՝ 270.000 գավառաբնակ և 90.000 քաղաքաբնակ ընտանիքների: Գավառաբնակ հայ ընտանիքներից յուրաքանչյուրի կրած միջինացված նյութական կորուստները հաշվարկվել են 17.043 ֆրանկ, ընդհանուր առմամբ՝ 4 մլրդ. 601 մլն. 610 հազար ֆրանկ, իսկ քաղաքաբնակ հայ ընտանիքներից յուրաքանչյուրի կրած միջինացված վնասները հաշվարկվել են 35 950 ֆրանկ, ընդհանուր առմամբ՝ 3 մլրդ 235 մլն. 500 հազար ֆրանկ[39]: 50 հազար հաշմանդամներին, վիրավորներին և անբուժելի հիվանդներին, բռնագաղթը վերապրած և արտասահմանում ապաստանած աշխատանքից և սեփականությունից զրկված 800.000 անձանց կամ 160.000 ընտանիքներին և 346.350 գաղթականների ժառանգների տրամադրվելիք հատուցման գումարը հաշվառվել է 6.236.350.000 ֆրանկ[40]:

  1. Արևմտահայաստան (կամ ինչպես փաստաթղթում է գրված՝ Turkish Armenia).

ա) գյուղաբնակների անհատական նյութական կորուստները – 4 601 610 000

բ) քաղաքաբնակների անհատական նյութական կորուստները – 3 235 550 000

գ) ոչ անհատական նյութական կորուստները – 6 761 350 000

Ընդամենը՝ 14 598 510 000 ֆրանկ

  1. Հայաստանի Հանրապետության և Կովկասի այլ հայաբնակ տարածքներ..

ա) այն բնակավայրերի բնակչության կորուստները, որոնց բնակչությունն ամբողջովին տեղահանվել է – 1 831 872 000

բ) այն բնակավայրերի բնակչության կորուստները, որոնց բնակչությունը չի տեղահանվել – 1 293 600 000

գ) այլ նյութական կորուստներ – 1 407 000 000

Ընդամենը՝ 4 532 472 000 ֆրանկ

Համընդհանուր նյութական կորուստները՝ 19 130 982 000 ֆրանկ[41]:

Այսպիսով՝ անկանխ նրանից, որ Փարիզի վեհաժողովում ներկայացված այս թվերը պահանջում էր հայ ժողովուրդը, նենք, որ այս թվերը այդքան էլ իրականությանը չէին համապատասխանում, քանի որ մի շարք տարածքներ դուրս էին մնացել հանձնաժողովի ուշադրությունից, շատ փաստաթղթեր կեղծվել էին, իսկ մեծ մասը վերացրել էին թուրքեր: Այս ամենը թույլ է տալիս մեզ կարծել, որ հայերի նյութական կորուստները վերը նշված թվերից ավելի շատ էին:

 

   ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով՝ Օսմանյան կայսրությունը ձևավորվեց նվաճողական արշավանքների արդյունքում: Նոր տարածքներ գրավելով, նրանք թալանում էին այդ տարածքներում բնակվող ժողովրդին և սահմանելով ահռելի հարկեր լցնում էր իր պետական գանձարանը: Օսմանյան Կայսրությունը չէր հետևում երկրի տնտեսությանը, քանի որ իրենց բարձր էին դասում այլ դավանանքի պատկանող ժողովրդից, և կարծում էին, որ առաջնայինը լավ զինվորական, պաշտոնյա լինելն է, իսկ երկրի տնտեսությամբ կամ հողագործությամբ զբաղվելը ցածրակարգ գործ էին համարում: Այս ամենը հանգեցրեց նրան, որ հայերը զբաղվելով տնտեսական գործերով երկրորդային դիրք էին գրավում Օսմանյան տերությունում հույներից հետո, և կայսրությունը չէր կարող հանդուրժել հայերի տնտեսապես հզորացումը: Այդ էր պատճառը, որ Օսմանյան Կայսրությունը ցանկանում էր տնտեսապես թուլացնել հայերին և այդ ամենը իրականացնելու համար երեք անգամ ավելի մեծ հարկեր սահմանեցին հայ վաճառականների և քրիստոնյա այլ ազգերի համար, իսկ նույն եկամուտն ունեցող թուրք վաճառականներից ավելի քիչ հարկեր էին վերցնում: Չնայած, այս հալածանքներին, հայ ժողովուրդը շարունակում էր տնտեսական ներուժը կենտրոնացնել իր ձեռքում: Աբդուլ Համիդ Երկրորդը առաջիններից էր, որ կարծում էր՝ երկրի տնտեսության հզորացումը կախված կլինի նրա ազգայնացման հետ, որը ենթադրում էր հայ բուրժուազիայի բնաջնջումը և ունեցվածքի առգրավումը: 1908թ. Երիտթուրքական հեղափոխությունից հետո, երիտթուրք ղեկավարները գաղտնի ժողովներ էին գումարում, որտեղ քննարկվում էին հայ ժողովրդի բնաջնջման, ունեզրկամն և տնտեսական հզորացման հարցերը:

1912-1913թթ. Բալկանյան պատերազմից հետո մուսուլման գաղթականների թիվը երկրում մեծացավ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երկրի տնտեսությունը անկում ապրեց, բանակի ֆինանսավորման և գաղթականների հարցը լուծելու համար անհրաժետ էր  խոշոր նյութական միջոցներ: Այս էր պատճառը, որ ստիպեց Երիտթուրքերին, որ հայ ժողովրդի ցեղասպանությունից բացի տիրեն նրանց ունեցվածքին, վաճառեն տարածքները, վերաբնակեցնեն մուսուլմաններով և ձեռք բերված գումարով լուծել վերը նշված խնդիրները: Առաջին անգամ հայ ժողովրդին նյութական կորուստների մասին հիշատակվել է Փարիզի վեհաժողովում, որտեղ Հ. Թումանյանի ստեղծած Քննիչ հանձնաժողովը կարճ ժամանակում կատարեց ուսումնասիրություններ և ներկայացրեց հայերի կրած նյութական կորուստների չափը: Այս հանձնաժողովը ուներ բացասական կողմ, քանի որ մի շարք տարածքների կրած նյութական վնասները այդ փաստաթղթերում չէին հաշվառվել:

Հայաստանի խորհրդայնացումից հետո ցեղասպանության և պահանջատիրության թեման  երկար ժամանակ արգելված էր: Հետխորհրդային անկախ Հայաստանում նյութական կորուստների փոխհատուցումը առաջնային դեր ունի, քանի որ, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա պետք է փոխհատուցի հայերի կրած նյութական կորուստները: Սակայն հայ ժողովրդի կրած նյութական կորուստների մասին կարծիքները միատեսակ չեն, ուսումնասիրողների մեծ մասը կարծում է, որ այդ թիվը հասնում է 20 մլրդ. ֆրանկի, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ հայերը տնտեսապես ամենահզորն ու զարգացածն էին Օսմանյան Կայսրությունում և երկրորդնային դիրք էին գրավում, ուստի կարծիք կա, որ այս թվերը կարող են եռապատկվել կամ քառապատկվել, եթե բացվեն այդ տարիների Թուրքական արխիվները:

   

 

 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

  1. Աստոյան Ա., Դարի կողոպուտը. Հայերի ունեզրկումը Օսմանյան Կայսրությունում 1914-1923 թթ., Երևան, 2013:
  2. Թաներ Աքչյամ, Երիտթուրքերի գործած ոճիրը մարդկության դեմ: Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում, Երևան, 2015:
  3. Բարսեցով Յու., Հայերի ցեղասպանության համար նյութական պատասխանատվությունը, Երևան, 1999:
  4. Թորիկեան Շ., Հայկական հարցը եւ միջազգային օրէնքը, Պէյրութ, 1967:
  5. Ինճիկյան, Հ., Օսմանյան կայսրության անկումը. սոցիալ-տնտեսական ակնարկ, Երևան, 1984:
  6. Լեփսիուս, Յ., Գաղտնի տեղեկագիր: Հայ ժողովրդի ջարդերը, Երևան, 2003:
  7. Ճիզմէճեան, Մ., Խարբերդ եւ իր զաւակները, Ֆրէզնոյ, 1955:
  8. Մարուքյան Ա., Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը, Երևան, 2019:
  9. Մարուքյան Ա., Հայոց ցեղասպանության նյութական հետևանքների հաղթահարման հիմնահարցը, Երևան, 2015:
  10. Սիմոնյան Հ., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1991:
  11. Վարդան Լ., Հայկական տասնհինգը եւ հայերու լքեալ գոյքերը, Պէյրութ, 1970:
  12. Տատրյան Վ., Հայոց ցեղասպանությունը թուրքական պաշտոնական փաստաթղթերում, Երևան, 2002:
  13. Инджикян О.Г., Буржуазия Османской империи, Ереван, 1977:

 

Համացանցային կայքեր

  1. https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5_%D5%AA%D5%B8%D5%B2%
    D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%AB_%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%
    A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%
    D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8_%D5%80%D5%A1%D5%B5%D5
    %B8%D6%81_%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%
    B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%AA%D5%A1%D5%
    B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF
  2. https://b24.am/economy/67385.html
  3. http://bianet.org/bianet/siyaset/123827-gasp-edilen-ermeni-mulkleri-cari-veesas-defterlerde-duruyor
  4. https://hetq.am/hy/article/31209

 

Հղումներ՝

[1] Վարդան Լ., Հայկական տասնհինգը եւ հայերու լքեալ գոյքերը, Պէյրութ, 1970:

[2] Աստոյան Ա., Դարի կողոպուտը. Հայերի ունեզրկումը Օսմանյան Կայսրությունում 1914-1923 թթ., Երևան, 2013:

[3] Մարուքյան Ա., Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը, Երևան, 2019:

[4] Բարսեղով Յ., Հայերի ցեղասպանության համար նյութական պատասխանատվությունը, Երևան, 1999:

[5]https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5_%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%AB_%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8_%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81_%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF

[6] Ճիզմէճեան, Մ., Խարբերդ եւ իր զաւակները, Ֆրէզնոյ, 1955, էջ 567-568:

[7] Աստոյան Ա., նշվ. աշխ., էջ 393:

[8] Ինճիկյան, Հ., Օսմանյան կայսրության անկումը. սոցիալ-տնտեսական ակնարկ, Երևան, 1984, էջ 294:

[9] Մարուքյան Ա., Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը, էջ 204:

[10] Սիմոնյան Հ., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1991, էջ՝ 21:

[11] Մարուքյան Ա., նշվ. աշխ., էջ 205:

[12] Մարուքյան Ա., նշվ. աշխ., էջ 207:

[13] Инджикян О.Г., Буржуазия Османской империи, Ереван, 1977, стр. 150-151.

[14] http://hetq.am/ arm/news/31209/hayern-osmanyan-tntesutyan-mej.html

[15] Թաներ Աքչյամ, Երիտթուրքերի գործած ոճիրը մարդկության դեմ: Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում, Երևան, 2015, էջ 420-421:

[16] Մարուքյան Ա. նշվ. աշխ., էջ 213:

[17] http://bianet.org/bianet/siyaset/123827-gasp-edilen-ermeni-mulkleri-cari-veesas-defterlerde-duruyor

[18] Բարսեղով Յ., նշվ. աշխ., էջ 5:

[19] https://b24.am/economy/67385.html

[20] Բարսեղով, Յ., նշվ. աշխ., էջ 6:

[21] Անահիտ Ա. նշվ աշխ., էջ՝ 395:

[22] Լեփսիուս, Յ., Գաղտնի տեղեկագիր: Հայ ժողովրդի ջարդերը, Երևան, 2003, էջ 168-169:

[23] Ինճիկյան, Հ.,  նշվ. աշխ., էջ 301:

[24] Վարդան Լ., նշվ. աշխ., էջ  97:

[25] Աստոյան Ա., նշվ. աշխ., էջ 397:

[26] Վարդան, Լ., նշվ. աշխ., էջ 160:

[27] Տատրյան Վ., Հայոց ցեղասպանությունը թուրքական պաշտոնական փաստա-

թղթերում, Երևան, 2002, էջ 18։

[28] Անահիտ Ա., նշվ. աշխ., էջ 398:

[29] Մարուքյան Ա., Հայոց ցեղասպանության նյութական հետևանքների հաղթահարման հիմնահարցը, Երևան, 2015, էջ 11-12:

[30] Մարուքյան Ա., Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը, Երևան, 2019 էջ 387-388:

[31] Լեւոն Վարդան, նշվ. աշխ., էջ 307:

[32] Մարուքյան Ա., նշվ. աշխ., էջ 389:

[33] Թորիկեան Շ., Հայկական հարցը եւ միջազգային օրէնքը, Պէյրութ, 1967, էջ 156:

[34] Աստոյան Ա., նշվ. աշխ., էջ 401-402:

[35] Մարուքյան Ա., Հայոց ցեղասպանության նյութական հետևանքների հաղթահարման հիմնահարցը, Երևան, 2015, էջ 36-37:

[36] Տատրյան Վ., նշվ. աշխ., էջ 46-47:

[37] Մարուքյան Ա., Հայոց ցեղասպանության նյութական հետևանքների հաղթահարման հիմնահարցը, Երևան, 2015, էջ 62-64:

[38] Բարսեղով, Յ., նշվ. աշխ., էջ 10:

[39] Նույն տեղում, էջ 8:

[40] Նույն տեղում էջ 9:

[41]https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5_%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%AB_%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8_%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81_%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF

ԵՐԵՎԱՆ 2020