Լուրեր Հայտարարություններ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․․․

Հունիսի 10-ին Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդին, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոն հունիսի 10-ին համատեղ հայտարարություն են ընդունել «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»:

Հայտարարության մեջ միակողմանիորեն է ներկայացվում խնդիրը, ընդ որում՝ ՀՀ պաշտոնական տեսակետը բոլորովին անտեսված է։ Փոխարենը հայտարարության հեղինակները միակողմանիորեն շեշտում են ադրբեջանական կողմի դիրքորոշումը․ «Նոր ճանապարհային ենթակառուցվածքը կապելու է Կապանը՝ Հայաստանում, Հադրութի հետ՝ ԼՂ-ում, անցնելով Ղուբաթլիի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք նույնպես օկուպացված են»(թարգմ․ աղբյուրը):

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ հայտարարության հեղինակները բացահայտորեն միակողմանի վերաբերմունք են դրսևորում, հայտարարելով, որ «Սակայն հարկ է նշել, որ այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց հաշվի առնելու դրա համար կոմպետենտ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը՝ խախտելով միջազգային իրավունքը:  Ի լրումն, դա կարող է ընկալվել որպես ԼՂ և հարակից շրջանների անօրինական օկուպացիայի ամրապնդման խորհրդանիշ» (թարգմ․ աղբյուրը)։ Փաստորեն, հայտարարության հեղինակները, որևէ կերպ չարձագանքելով նախկինում Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության իրավունքը, հայկական խաղաղ բնակավայրերի վրա մարտական կրակ բացելու, խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործության դեպքերին, հանկարծ որոշել է խոսել Արցախի Հանրապետության ինքնիշխանության ներքո գտնվող ազատագրված շրջանների «օկուպացիայի» մասին։

   Սա երկակի ստանդարտների կիրառման հերթական լկտի փորձն է, որ մենք ականատես ենք լինում։ Սա հերթական անպատասխանատու հայտարարությունն է, որը չի՛ կարող նպաստել խաղաղության հաստատմանը։ Այս անպատասխանատու հայտարարությունը կարող է հերթական անգամ առիթ տալ Ադրբեջանի բռնապետական իշխանություններին նոր սադրանքներ հրահրելու ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության։

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբը դատապարտում է հունիսի 10-ին Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդիի, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոյի համատեղ ընդունած հայտարարությունը  «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»: Միաժամանակ կո՛չ ենք անում հայտարարության հեղինակներին ծառայել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներին, զե՛րծ մնալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները ոտնահարելուց՝ նրանց մեկուսացումը խախուսելու միջոցով։ Միևնույն ժամանակ, կո՛չ ենք անում ՀՀ իշխանություններին, Արտաքին գործերի նախարարությանը անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, հետագայում նման անպատասխանատու և միակողմանի հայտարարությունների բացառման ուղղությամբ։

 

Արմենական կուսակցության Հիմնադիր հանձնախումբ

12.06.2020 թ․