Լուրեր

ԵԳԻՊՏՈՍԸ, ՀՈՒՆԱՍՏԱՆԸ, ԿԻՊՐՈՍՆ ՈՒ ԱՄԷ-Ն ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ․ Al-Monitor

Եգիպտոսը հայտնել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։

Այս մասին գրում է «Ալ Մոնիթոր» միջազգային լրատվակայքը՝ նշելով, որ հայտարարությունն արվել է վերոհիշյալ երկրների արտաքին գործերի նախարարների՝ մայիսի 11-ին կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ։

Հանդիպումից հետո արված համատեղ հայտարարության մեջ հնգակողմ դաշինքը հայտնել է, որ կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական ապօրինի հորատման աշխատանքներին դիմակայելու վրա, ինչպես նաև քննադատել է Հունաստանի օդային տարածքի խախտումները:

Դաշինքը քննադատում է նաև Թուրքիայի մասնակցությունը Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) և Թուրքիայի միջև 2019 թ. վերջին վավերացված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» և «Անվտանգության և ռազմական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրերը։

Դաշինքի անդամներից Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները բացահայտ աջակցում են Լիբիայի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժին՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակին» (LNA)։

Աղբյուրը նշում է, որ Լիբիայում և Միջերկրական ծովում շարունակվող թուրքական ապօրինի գործողությունները, հավանաբար, կհանգեցնեն դաշինքի ռազմականացմանը։

Ուշագրավ է, որ դաշինքի համատեղ հայտարարությանն անմիջապես հաջորդել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած կառավարության խիստ քննադատություններն այս դաշինքի վերաբերյալ։ Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ այս դաշինքը բերելու է տարածաշրջանային քաոսի և անկայունության, իսկ արևելյան Միջերկրականի հետ որևէ կապ չունեցող ԱՄԷ-ի՝ այս դաշինքին միանալու միակ պատճառը Թուրքիայի նկատմամբ ունեցած թշնամանքն է։

Նշենք, որ դեռևս փետրվարի 18-ին The Arab Weekly թերթը, հղում անելով իր գաղտնի աղբյուրներին, հայտնել էր, որ Եգիպտոսի Գլխավոր հետախուզական գործակալության պետ Աբբաս Քամելը գաղտնի այցելել է մերձավորարևելյան ու հյուսիսաֆրիկյան մի շարք երկրներ՝ Թուրքիայի դեմ հետախուզական դաշինք ձևավորելու համար, որը կնպաստի նաև տարածաշրջանում թուրքական ագրեսիայի դեմ ռազմական համագործակցության ուժեղացմանը։

Նյութի աղբյուր՝ razm.info