Լուրեր Հայտարարություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 28: ՈՒՂԵՐՁ

Սիրելի´ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայությո՛ւն

102 տարի առաջ, մայիսյան հաղթանակները կանխորոշեցին մեր՝ բոլորիս ապագան։ Մայիսյան հաղթանակներով էր, որ ամրագրվեց մեր պետականության գոյության իրավունքը։ Հավաքական ուժով կարողացանք ցույց տալ, որ մենք կենսունակ ազգ ենք, և իրավունք ունենք նստել աշխարհի պետությունների կողքին։

Հայ մարդը, որ դեռ ուշքի չէր եկել Հայոց Ցեղասպանության մահաբեր հարվածից, նորից իր թիկունքում զգում էր ահեղ թշնամու շունչը, զգում էր, որ այս անգամ իր գոյության հարցն է՝ կա՛մ ազտություն, և կամ մա՛հ։ Հայ մարդը ուներ իր մտքում մե՛կ պատասխան․ «Ազատությո՛ւն, կյա՛նք, հզորացո՛ւմ»։

Մայիսի 28-ն իր խորհրդով առանձնանում է նրանով, որ հենց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով ծնվեց Հայաստանի Անկախ Հանրապետությունը, որի օրգանական շարունակությունն է ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը որևէ կուսակցության պարգևը չէ՛ր հայությանը, այլ հայության վաստակն էր, սեփական արյամբ ու քրիտինքով, սեփական զավակների արյամբ վաստակած հաղթանակն ու պետականությունը։ Այն, որ Հա՛յ ազգի անժամանցելի իրավունքն էր, այլևս ամրագրվեց պատմության էջերում, և կանխորոշվեց Հայ ազգի պետականություն ունենալու անբեկանելի իրավունքը՝ արյամբ և վառոդով։

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր, երբ ճգնաժամի և համաճարակի շունչն է թևածում աշխարհով մեկ, ևս մեկ անգամ հիշե՛նք մեր պապերի այն անգին նվիրաբերումը, որ խոլերիայի, է՛լ ավելի մեծ համաճարակների, սովյալների ու անտունների երկար քարավանների պայմաններում կարողացան նվիրաբերել մեզ հաղթանակներ, և գոյության իրավունք։

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 102-ամյակը:
Մայիսյան հաղթանակների տրամաբանական շարունակությունը մենք տեսանք նաև Արցախյան ազատամարտի ընթացքում, որտեղ ևս մեկ անգամ Հայն ամրագրեց իր իրավունքն ու կարողությունը՝ մեծ ու հզոր Հայաստան ունենալու: Մենք հաղթեցինք և այդ հաղթանակներն այսօր պետք է շոշափելի դառնան սոցիալ-տնտեսական, քաղաքական, դիվանագիտական խնդիրների լուծման գործընթացում, կարողանալով մեր ժողովրդի համար ապահովել բարեկեցիկ կյանք:

Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում ենք աշխարհասփյուռ հայությանը մայիսյան հաղթանակների և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակի կապակցությամբ:

Վստա՛հ ենք, որ մայիսյան հաղթանակներն այն սնուցող ուժն են, որով կկերտենք Հայոց աշխարհի նո՛ր հաղթանակները, իրագործելով Միացյալ Հայաստանի բաղձալի նպատակը։

Արմենական կուսակցության Հիմնադիր հանձնախումբ

28.05.2020թ.