Լուրեր

ՀՆԱՐԱՎՈՐ ՍԱԴՐԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանը, որպես աշխարհաքաղաքական գործոն, առնվազն մոտ հեռանկարում չի՛ կարող կենսունակ պետություն լինել առանց Նախիջևանի։ Ես հիմա չասեմ հոգևոր-էմոցիոնալ կապերի մասին, այլ ասեմ նրա աշխարհագրական և աշխարհաքաղաքական նշանակության մասին։
Այստեղ կարող եք տեսնել ՀՀ արտաքին սահմանները մինչև Թուրքիայի և Իրանի միջև տարածքային փոփոխությունների մասին բանակցությունները, որով Թուրքիան Նախիջևանի հետ ցամաքային սահման էր ապահովում։ Այս հանգամանքը փոխեց տարածաշրջանի քաղաքական պատկերը, և Թուրքիան ապահովեց Նախիջևանի ինտեգրումը թուրքական աշխարհին, հույսեր փայփայելով՝ ապագայում ապահովել ցամաքային ճանապարհ Ադրբեջանի հետ։ Հայտնի է, որ արդեն Ռ․ Քոչարյանի նախագահության ժամանակ սկսվեց ակտիվորեն քննարկվել Մեղրին Լաչինի միջանցքի փոխարեն Ադրբեջանին զիջելու հարցը։ Իհարկե, դժվար չէ նկատելը, որ դա կլիներ ՀՀ-ի և Արցախի վերջը։ Այսօր արդեն, Ադրբեջանի իշխանությունները սկսել են շրջանառության մեջ դնել Նախիջևանի տարածքից Երևանը խոցելու թեզիսը, ինչն առնվազն տեսականորեն ստեղծում է ազգային անվտանգության խնդիր, որը պետք է երաշխավորվի ՀՀ իշխանությունների կողմից, քանի որ Սահմանադրական պահանջ է, և յուրաքանչյուր իշխանություն սահմանադրական պարտավորություն ունի։ Այս Սահմանադրական պահանջի ապահովման լավագույն տարբերակը Նախիջևանի դեօկուպացիան է, կամ ազատագրումը։ Իսկ Նախիջևանի ազատագրումն ի՞նչ կտա ՀՀ-ին հատկապես աշխարհաքաղաքական իմաստով․
Նախիջևանի ազատագրմամբ ՀՀ-ն Իրանի հետ ձեռք կբերի նոր սահմանային անցակետեր, ընդ որում, Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Վրաստան, իսկ Վրաստանի միջոցով Սև ծով և այլ երկրներ բեռնափոխադրումներ իրականացնելու համար, դրանց համար կստեղծվի ավելի կարճ և ավելի անվտանգ ճանապարհի այլընտրանք, առնվազն քաղաքամայր Երևանի ֆիզիկական անվտանգությունը ապահովված կլինի Ադրբեջանական ագրեսիայից։ ՀՀ շրջափակված սահմանների ընդհանուր երկարությունը կկրճատվի հօգուտ ՀՀ-ի, և սա նոր հնարավորություն կդառնա փաստացի շրջափակման լուծը թոթափելու համար, հատկապես ա՛յն իմաստով, որ տնտեսական նպատակահարմարությունը կսկսի աստիճանաբար նվազել։ Իսկ որ ամենակարևորն է, Նախիջևանի ազատագրմամբ կփոխվի Արցախյան հիմնախնդրի շուրջ ձևավորված ստատուս-քվոն հօգուտ Հայկական կողմի, կփոխվի բանակցությունների էությունն ու տրամաբանությունը, իսկ մինչ այժմ ներկայացված բոլոր փաստաթղթերն ու փաթեթները կհայտնվեն իրենց իսկական տեղում՝ պատմության աղբանոցում։

 

Նյութի աղբյուրը՝ Արա Պողոսյան