Լուրեր Հայտարարություններ

Արմենական կուսակցության ուղերձը

Սիրելի՛ աշխարհասփյուռ հայրենակիցներ

Հիրավի այսօր այն ցնծալի օրն է, երբ միասնական բռունցքը հաղթեց թշնամուն՝ ամրագրելով հայրենատիրոջ իրավունքները:  1992 թվականի մայիսի 8-ից 9-ը «Հարսանիք լեռներում» գործողությունը հասավ իր փառավոր հանգուցալուծմանը՝ ազատագրվեց Հայոց հնագույն Շուշին: Այդ օրը հռչակվեց նաև Արցախի անվտանգության գերագույն երաշխիքի՝ Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման օր:
1945 թվականի մայիսի 9-ին դաշնակից պետությունները պարտության մատնեցին ֆաշիստական Գերմանիային: Այդ հաղթանակի մեջ իր անգնահատելի դերն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Շուրջ 600 հազար հայորդիներ մասնակցեցին Երկրորդ աշխարհամարտին, և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նաև նրանց նվիրումի, հերոսական պայքարի ու անկոտրում կամքի դրսևորման արդյունքն էր:

        Հաղթանակներ կարող են կերտել միայն կենսունակ ազգերը, որոնք ունեն ապրելու և պայքարելու անբեկանելի կամք, իրավատիրոջ բարձր գիտակցում, ձևավորված ռազմական ավանդույթներ և ռազմական տաղանդ:
Վստա՛հ ենք, որ Հայաստանը դառնալու է լավագույն երկիրը համայն Հայության համար։ Վստա՛հ ենք, որ գալու է լավագույնների ժամանակը, գալու է Հայաստանի նոր գարունը, մայիսյան պայծառ հաղթանակներով։ Հաղթանակներ, որոնք կկերտվեն և՛ տնտեսության, և՛ գիտության, և՛ մշակույթի, և՛ պատերազմի դաշտում։ Վստահ ենք, և հավատում ենք, որ մայիսյան հաղթանակների շարքը համալրելու են նո՛ր հաղթանակներ։ Վստա՛հ ենք, որ ազատագրված հինավուրց Շուշիի կողքին կանգնելու են մեր Հայրենիքի ազատագրված մյուս հինավուրց քաղաքները։ Վստա՛հ ենք, որ միասին կկերտենք Միացյալ Հայաստան։
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան  եռատոնի՝ հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, մաղթում ենք նորանոր հաղթանակներ, հզորացում և զարգացում մեր Հայրենիքին:
Մենք միասին կկերտենք մեր և մեր պապերի իղձերի Հայաստանը՝ Հզոր և Միացյալ Հայաստանը:

Միութիւն ի Փրկութիւն

Արմենական կուսակցության Հիմնադիր Հանձնախումբ

09 մայիսի 2020թ.