Հայտարարություններ

Շնորհավոր մայիսի 28-ը

Հարգելի´ հայրենակիցներ,
101 տարի առաջ, հենց այս օրը հայ ժողովուրդը ցույց տվեց, թե ինչպիսի քաջագործությունների է ընդունակ, երբ հարկ է պաշտպանել իր Հայրենիքը, իր տունն ու ընտանիքը, երբ հարկ է ընդդեմ չ՛գոյության կանգնել ու ասել.
-ԳՈՅՈՒԹՅՈ՜ՒՆ:
Հիրավի մեր ազգային պատմությունը լի է հերոսական դրվագներով, որոնք անջնջելի դասեր են ներկա և ապագա սերունդների համար: Սակայն մայիսի 28-ն իր խորհրդով առանձնանում է նրանով, որ հենց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով ծնվեց Հայաստանի Անկախ Հանրապետությունը, որի օրգանական շարունակությունն է ժամանակակից Հայաստանը: Այսպիսով՝ դարեր անց հայ ժողովուրդն իր միասնականության և հերոսական պայքարի գնով, իր անգին զոհաբերություններով կարողացավ վերականգնել և վերահաստատել անկախ պետություն ունենալու իր անժամանցելի իրավունքն ու կարողությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 101-ամյակը: Մայիսյան հաղթանակների տրամաբանական շարունակությունը մենք տեսանք նաև Արցախյան ազատամարտի ընթացքում, որտեղ ևս մեկ անգամ Հայն ամրագրեց իր իրավունքն ու կարողությունը՝ մեծ ու հզոր Հայաստան ունենալու: Մենք հաղթեցինք և այդ հաղթանակները պետք է այսօր կարողանանք իրացնել սոցիալ-տնտեսական, քաղաքական, դիվանագիտական խնդիրները լուծելու և մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելու գործում:
Շնորհավորում ենք աշխարհասփյուռ հայությանը մայիսյան հաղթանակների և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակի կապակցությամբ: Մաղթում ենք միասնություն, հզորություն և նորանոր հաղթանակներ:

 

Արմենական կուսակցության
Հիմնադիր հանձնախումբ

28.05.2019թ.