Հայտարարություններ

Ուղերձ. Արցախի Արմենական կուսակցության Նախագահ Բորիս Սերգեյի Առուշանյան

Ուղերձ 
Արմենական Կուսակցության հիմնադիր Համագումարին

Հարգելի հայրենակիցներ,
Արցախի Արմենական Կուսակցության անունից իմ ողջույններն եմ հղում Արմենական Կուսակցության հիմնադիր Համագումարին և իմ զորակցությունը հայտնում բոլորիդ՝ Հայաստանում ժողովրդավարության, պետականաշինության, մարդու իրավունքներին, ազատություներին, ազգային խնդիրներին, սոցիալական արդարությանն առնչվող և մյուս բոլոր հարցերում ազգանպաստ գործունեություն ծավալելու գործում։
Ուղիղ 20 տարի առաջ՝ 1999 թ. ապրիլին, ստեղծելով Արցախի Արմենական Կուսակցությունը, մենք ձգտել ենք հավերժացնել 1885 թ. ստեղծված առաջին հայկական կուսակցության անունը և նոր շունչ տալ անկախ, հզոր հայրենիք ու պետություն կերտելուն միտված նրանց գաղափարներին։ Կուսակցություն, որ գործունեություն ծավալելով Արևմտյան Հայաստանում, հնարավոր ամեն ինչ արել է սպասվելիք մեծ արհավիրքից փրկելու իր ժողովրդին՝ կազմակերպելով ու նրանց նախապատրաստելով ազատագրական պայքարի, այդ թվում՝ իր անդամներով հերոսաբար մասնակցելով Վանի ինքնապաշտպանական մարտերին։
Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետությունում Արմենական Կուսակցության ստեղծումը, որը ոչ միայն ուրախալի երևույթ է, այլև համագործակցության լայն դաշտ է ստեղծում մեզ համար։
Ժամանակները փոխվել են։ Մենք արդեն ունենք ազատ ու անկախ հայրենիք, սակայն դրանից մեր խնդիրներն ամենևին չեն նվազել, և ես հուսով եմ, որ մենք՝ Հայաստանի և Արցախի Արմենական Կուսակցություններս, սերտ համագործակցելով, կկարողանանք միասին զարգացնել ժողովրդավարության, ազգային արժեքների, սոցիալական ոլորտին առնչվող ձեռքբերումներն ու միասին կկերտենք մեր երազների միասնական, հզոր և արժանապատիվ Հայաստանը։
Շնորհավորում եմ Արմենական Կուսակցության հիմնադիր Համագումարի բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթում ձեր աշխատանքներին։

Բարին ընդ Ձեզ։

Հարգանքներով՝ Բորիս Սերգեյի Առուշանյան , Արցախի Արմենական Կուսակցության նախագահ

Ստեփանակերտ
21.05.2019