Լուրեր Հայտարարություններ

Արմենական կուսակցության շնորհավորական ուղերձը մայիսյան հաղթանակների կապակցությամբ

Սիրելի՛ աշխարհասփյուռ հայրենակիցներ
Հիրավի այսօր այն ցնծալի օրն է, երբ միասնական բռունցքը հաղթեց թշնամուն՝ ամրագրելով հայրենատիրոջ իրավունքները:  1992 թվականի մայիսի 8-ից 9-ը «Հարսանիք լեռներում» գործողությունը հասավ իր փառավոր հանգուցալուծմանը՝ ազատագրվեց Հայոց հնագույն Շուշին: Այդ օրը հռչակվեց նաև Արցախի անվտանգության գերագույն երաշխիքի՝ Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման օր:
1945 թվականի մայիսի 9-ին դաշնակից պետությունները պարտության մատնեցին ֆաշիստական Գերմանիային: Այդ հաղթանակի մեջ իր անգնահատելի դերն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Շուրջ 600 հազար հայորդիներ մասնակցեցին Երկրորդ աշխարհամարտին, և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նաև նրանց նվիրումի, հերոսական պայքարի ու անկոտրում կամքի դրսևորման արդյունքում էր: Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի իրական կիավատերը նաև հայ ժողովուրդն էր:

Հաղթանակներ կարող են կերտել միայն կենսունակ ազգերը, որոնք ունեն ապրելու և պայքարելու անբեկանելի կամք, իրավատիրոջ բարձր գիտակցում, ձևավորված ռազմական ավանդույթներ և ռազմական տաղանդ:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան  եռատոնի, հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, մաղթում ենք նորանոր հաղթանակներ, հզորացում և զարգացում մեր երկրին:
Մենք միասին պետք է կերտենք մեր և մեր պապերի իղձերի Հայաստանը՝ Հզոր և Միացյալ Հայաստանը:
Միութիւն ի Հզօրութիւն

Արմենական կուսակցության Նախաձեռնող Հանձնախումբ

09 մայիսի 2019թ.